Արցախի խորհրդարանի նախկին նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը Ստեփանակերտում հունիսի 16-18-ն ընթացած Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի ընթացքում հարց ուղղեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներից որեւէ մեկը տեղյա՞կ էր, որ ապրիլի 2-ին սկսվելու էր պատերազմ»:
Ի պատասխան՝ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց. «Համանախագահողներից առնվազն մեկը տեղյակ էր»: Հավելեց, թե տեղյակ էր նաեւ մեր մի հարեւան երկիր, որը զգուշացրել էր կուտակումների մասին:
Եվ ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը, եւ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը խնդիրն այլ տեսանկյունից դիտարկեցին, թե ոչ այնքան կարեւոր է՝ որ պետությունը գիտեր կամ չգիտեր, այլ՝ որ մենք չգիտեինք ու չկանխեցինք:
«Մեր պատերազմն է՝ պետք է իմանայինք»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը եւ չիմանալու հետեւանք դիտարկեց պաշտպանության համակարգում որոշ պաշտոնազրկումներ՝ մասնավորապես, հետախուզության, կապի վարչությունների պետերի:
Ըստ ՊՆ նախկին նախարարի՝ հակառակորդի զինուժը գործել է «դիվերսիոն գործողություններից ավելի շատ, պատերազմից ավելի քիչ» ծավալով, ուստի եւ հետախուզությունը չի բացահայտել: