Լրահոս
Օրվա լրահոսը

Լայնածավալ պատերազմի հավանականությունը մի փոքր նվազել է, թե՞ այն, ինչ տեղի է ունենում այսօր՝ արդեն իսկ լայնածավալ պատերազմ է

Հունիս 19,2017 08:00

«Ես կանխատեսում եմ, որ մոտակա ժամանակներս Ղարաբաղի հարցի լուծում չի լինելու»,- Ստեփանակերտում հունիսի 16-18-ն ընթացած Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը հանդես էր գալիս «Հայկական պետությունների անվտանգության հիմնահարցերը» զեկուցմամբ: Վստահություն հայտնելով, որ մոտակա ժամանակներս փոփոխություն չի լինելու՝ պրն Հարությունյանը հավելեց. «Միակ հարցը, որ պետք է լուծենք՝ արտագաղթի խնդիրն է, այն լուրջ ազդեցություն է ունենում մեր մարտունակության վրա»:

Մեկ այլ բանախոս՝ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, որը հանդես եկավ «Մեր անվտանգությունը եւ համաշխարհային անվտանգային սպառնալիքները» զեկույցով՝ հայտարարեց. «Մեծագույն մարտահրավեր, սպառնալիք համարում եմ Հայաստանի տնտեսության վիճակը»: Ու դիմելով իշխող մեծամասնությանը՝ Դավիթ Շահնազարյանը պնդեց, թե տնտեսական աճը 7-8 տոկոսից պակաս չպետք է լինի»:

Անդրադառնալով ռազմական անվտանգությանը՝ Դավիթ Շահնազարյանը նշեց, թե վերջին մեկ տարում ինչ որ արվել է առաջնագծում՝ շատ վաղուց պետք է արվեր. «Ամեն անգամ, որ տեսնում ես այդ փոփոխությունները ՝ ուղղակի ուրախանում ես: Բայց որ օրը կհամարեն, թե արված փոփոխությունները բավարար են՝ այդ մարդը պետք է հրաժարական տա»: Վերջին պնդումը հատկապես դուր եկավ համաժողովի մասնակից Շուշան Պետրոսյանին:

Դավիթ Շահնազարյանը գնահատական տվեց նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարի նախաձեռնությանը. «Ազգ-բանակ հայեցակարգին միս ու արյուն տալը, իմ կարծիքով, հաջող փորձ է; Թեեւ, իմ կարծիքով՝ 1988-ից ազգ-բանակ ենք եղել»:

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականության առնչությամբ համաժողովի մասնակիցների մոտեցումները տարբերվող էին: Ասենք՝ Դավիթ Շահնազարյանը համարում էր. «Նոր լայնածավալ պատերազմի հավանականությունը վերջին ամիսներին մի փոքր նվազել է», եւ այս համատեքստում խոսեց Ռուսաստան –Ադրբեջան հարաբերություններում ստեղծված որոշակի բարդությունների մասին՝ ՌԴ-ն ուզում է ստորագրել գազի արտահանման համաձայնեցված քաղաքականության փաստաթուղթ, ինչին Ադրբեջանը չի կարող գնալ:

Մինչդեռ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթում հայտարարեց. «Լայնածավալ պատերազմն անխուսափելի է: Մենք զբաղված ենք զոհերի մասին հերթական լուրի սպասելով»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե Հայաստանն այս իրավիճակին համարժեք արձագանքելու ծրագիր չունի՝ «Պետք է մտածենք կանխարգելիչ գործողությունների անցնելու մարտավարության մասին»: Նաեւ նշեց. «Այն, ինչ տեղի է ունենում այսօր՝ արդեն իսկ լայնածավալ պատերազմ է: Եթե հնարավորինս արագ չենք կարողանում անցնել կանխարգելիչ գործողությունների, ամեն տեխնիկայի շարժին չունենք պատասխան՝ ուրեմն, գնում ենք շատ վատ ճանապարհով»:

Ծրագրերի, դասեր քաղելու կարեւորության մասին խոսեց նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը, ըստ որի՝ պետք է ուսումնասիրվի, թե բյուջեի, քաղաքացիական պաշտպանության մեջ ինչ բացեր ունենք: Հիշատակելով, որ անցած տարվա ապրիլյան գործողություններին որոշակի պանիկա հետեւեց՝ հարցրեց. «Տեղեկատվական անվտանգության ոլորտում աշխատե՞լ ենք, որ հաջորդ անգամ պանիկա չլինի: Ոչ»:

Ի դեպ, ուշագրավ էր, որ նաեւ Սփյուռքի անելիքների մասին խոսելու ընթացքում, Դավիթ Շահնազարյանը հարց ուղղեց, թե ինչու ԱՄՆ նահանգային կոնգրեսներում չեն ստեղծվել Արցախի հանրապետության ճանաչման խմբեր: Սա ասում էր՝ նայելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի ուղղությամբ: Հիշեցնենք՝ հենց Դավիթ Շահնազարյանի պաշտոնավարման օրոք էր, որ կասեցվեց ՀՅԴ գործունեությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930