Լրահոս
Օրվա լրահոսը

Ես մորս ազգանունն եմ կրում (պատմվածք)

Հունիս 18,2017 22:28

Գոհար Ներսիսյանի հիշատակին

– Ուրիշ սպասող կա՞:

– Մի երիտասարդ,- քարտուղարուհին մոխրամանի պարունակությունը դատարկեց մոմլաթե փոքրիկ տոպրակի մեջ:

– Ի՞նչ հարցով է:

– Ասում է` անձնական:

– Թող գա,- տնօրենն աչքը գցեց ժամացույցին: – Դու կարող ես տուն գնալ, վարորդն էլ. ես դեռ աշխատելու եմ: Առայժմ…

Լևոնը հայացքը կտրեց թղթերից: Երկշերտ դռների մեջ հայտնվածն առաջացավ և, հասնելով խորհրդակցական երկարուկ սեղանին, սպասեց նստելու հրավերի, որն ուշացավ:

– Բարև Ձեզ:

– Լսում եմ,- փոխադարձաբար չողջունելով` ակնարկում էր, որ տրամադիր չէ մտերմիկ զրույցի:

– Մեր խոսակցությունը, հնարավոր է, երկարի:

– Տևողությունը որոշողը ես եմ:

– Գիտեմ,- երիտասարդը շուտ ընկճվողներից չէր:

– Նստեք,- հարկադրված` առաջարկեց:- Ընդունելության ժամը, ի դեպ, ավարտվել է, սակայն` ոչինչ: Աշխատանքի՞ հարցով եք:

– Ամենևին:

– Այդ դեպքում…

– Տիգրան է անունս:

– Ուրախ եմ: Վատ անուն չէ:

– Այսօր իմ ծննդյան օրն է:

– Շնորհավորում եմ,- Լևոնը երկարեց ձեռքը. կյանքի փորձն ասում էր, որ դիմացինը խնդրարկու չէ: – Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:

– Շնորհակալություն: Ես դարձա քսանհինգ տարեկան:

– Հրաշալի տարիք է:

– Գիտե՞ք ամսի քանիսն է:

– Իհարկե,- ասաց, հետո գրգռված` հավելեց,- ինչո՞ւ եք հարցնում:

– Այն ձեզ ոչինչ չի՞ հուշում:

– Ի՞նձ,- Լևոնը աթոռի թիկնակով ետ գնաց:

– Երրորդ ծննդատանը մի տղա ծնվեց` ես էի:

– Այդ ամենն ինձ հետ կապ ունի՞,- մտաբերելով, որ զեկույցը կիսատ է, նա սթափվեց :- Տիգրան, ես զբաղված մարդ եմ, եթե կոնկրետ խնդիրք ունեք…

– Գոհար էր մոր անունը;

– Պարզ խոսեք,- Լևոնը ձեռքը ծխատուփին մեկնեց: – Ես այդ տարիներին «Երեկոյան Երևանին» էի թղթակցում, հնարավո՞ր է ռեպորտաժի գնացած լինեմ,- իսկ մտքում` մի՞թե…

– Ոչ:

– Սպանեք չեմ հիշի,- իսկ մտքում` նա է…

– Խոսքը Ձեր տղայի մասին է:

– Բայց ես արու զավակ չունեմ,- կտրուկ առարկեց, իսկ մտքում` այո, նա է…

– Հապա ե՞ս:

– Դուք իմ որդի՞ն,- ծիծաղեց, սակայն դա այն` խորքից ելնող խինդը չէր:

– Սա մեր առաջին հանդիպումն է, չստացվի` վերջինը դառնա:

Խոսքն ազդեց: Լևոնը դեռ չէր որոշել բռնելիք հետագա դիրքը, այդուհանդերձ հասկանում էր` այլևս հնարավոր չէ խուսանավել:

– Ինչո՞ւ ավելի վաղ չէիք գալիս:

– Ես վերջերս եմ իմացել ով է իմ հայրը:

– Ու` ումի՞ց:

– Մայրս չի ասել:

– Բոլոր դեպքերում… հետաքրքիր է:

– Ընկերուհուս հայրը` Վազգենը ձեր կուրսից է. խնամախոսության ժամանակ պարզվեց: Ավարտելուց հետո չէին հանդիպել: Օրեր անց աղջկան է պատմել, Արևիկը` ինձ:

– Նշանածի՞դ անունն է:

– Այո, վաղը մեր հարսանիքն է: Եկել եմ հրավիրելու:

– Չեմ կարողանա. հոգեբանորեն պատրաստ չեմ:

– Ես հատուկ եմ օրն ընտրել: Աշխատանքային չլիներ, անգամ շաբաթ չէի տեղափոխի:

– Իսկ նա գիտի՞:

– Մայրս` չէ: Որոշեցի սկզբում ձեզ հետ խոսել. ձեր համաձայնելու պարագայում նոր կասեմ:

– Գոհարը, համոզված եմ, դեմ կարտահայտվի, նա չի ների, մոռացած չի լինի վիրավորանքը:

– Նա ձեզ սիրում է, շարունակում է սիրել:

– Առավել ևս: Իսկ դու քույր, եղբայր ունե՞ս:

– Նա աշխարհաթող եղածի պես է ապրել` միայն ինձ համար: Ես նրա ազգանունն եմ կրում:

– Շա՞տ մարդ է լինելու:

– Երկու կողմից միասին` հիսուն:

– Ծախսն ո՞վ է հոգալու: Դրամի կարիք…

– Դրա համար չեմ այստեղ:

– Եթե վիրավորեցի, ներողություն,- Լևոնը ոտքի ելավ: – Տեղափոխվենք հանգստի սենյակ: Ժամանակ ունե՞ս:

– Մի ժամի չափ կարող եմ: Զանգել կարելի՞ է:

– Անշուշտ:

Մինչ որդին կխոսեր, հայրը սառնարանից հանքային ջուր հանեց, կոնյակ, գավաթներ:

– Մեկական բաժակ խմենք, գուցե խելքի գամ: Բարով տեսանք…

Ըմպեցին:

– Գոհարն էլի նույն տա՞նն է ապրում:

– Որի՞ մասին է խոսքը. մենք մի քանի անգամ ենք բնակարան փոխել: Հիմա Նորքի զանգվածում ենք` մեկ սենյականոցում:

– Եղբայրը մնո՞ւմ է:

– Քեռիս` չէ: Նրա մահից հետո մայրս կայարանի տունը ծախեց: Կոմիտասի վրա էր մեր երկսենյականոցը, հետո հերթը դրան հասավ:

– Կարիքն է պարտադրել, իսկ աշխատա՞նք…

– Սկզբում` եղբոր կենդանության օրոք, տնից անգամ դուրս չի եկել, խանութ չի գնացել, բայց կյանքն ստիպեց: Երկար տարիներ գործ չէր գտնում, հիմա խմբագրությունում սրբագրուհի է:

– Նա լավ գրիչ ուներ: Հոդվածներս հաճախ էր խմբագրում,- Լևոնը վերստին լցրեց գավաթները: – Կենացդ, Տիգրան: Ուզում եմ սրտառուչ խոսք ասել, սակայն մեղքի զգացումը կաշկանդում է… Մեր սերը հարսանեկան արարողությամբ, եկեղեցական ծեսով չամրակայվեց, երևի դրա համար սխալ ընթացքով գնաց: Երջանկություն եմ մաղթում:

– Զգացված եմ:

– Գոհարն էլի գեղեցի՞կ է:

– Տարիներն իրենցն արել են, սակայն, կարծում եմ նախկին հմայքից մնացել է: Վաղն ինքներդ կտեսնեք:

– Ասիր` շարունակում է սիրել: Որտեղի՞ց այդ համոզմունքը:

– Լռությունից. ձեր մասին ինձ հետ նա երբևէ չի խոսել:

– Գուցե ատում է, դրա՞ պատճառով… Նա հպարտ կին էր` անթեղել է ողջը, որպեսզի պահպանի գլխավորը` չհասարականա:

– Դուք նրան չեք մոռացել:

– Այդպես չի լինում, եթե… սիրել ես: Ես մի բաժակ ևս խմեմ, կարելի՞ է:

– Գործատեղը Ձերն է, տնօրենը` Դուք,- Տիգրանը ժպտաց:

– Չկարծես խմիչքի հակում ունեմ. հյուրերի համար եմ պահում, իսկ այսօր…- նա մի ումպով դատարկեց գավաթը: – Դու գիտե՞ս մանրամասները:

– Ոչ ամբողջությամբ:

– Իսկ կկամենայի՞ր տեղեկանալ: Եթե այստեղ ենք հասել, բանը դրան հասավ…

– Գուցե պետք չէ՞:

– Վախենում ես պատկերացումներումդ ինչ-որ բան փշրվի՞: Մորդ համար անհոգ մնա. եթե կա մեղավոր, ես եմ,- Լևոնը ծխախոտ վառեց: – Ծխո՞ւմ ես:

– Ոչ:

– Իսկ Գոհա՞րը: Նա դեռ այն տարիներին թունդ ծխող էր, բայց հղիության շրջանում շրթունքին ծխախոտ չառավ:

– Քիչ` միայն սուրճի հետ:

– Ես դեմ էի քո ծնվելուն, համոզված էի` վաղ է: Գոհարը համառեց: Այն օրերին կարծում էի այդ քայլին է գնում ինձ չկորցնելու համար, սակայն… Մենք ավարտական կուրսում էինք, բնակարանի, աշխատանքի խնդիրներ կային: «Դու վախկոտ մարդ ես, հարմարվող»,- մի օր ասաց: Խարազանի հարվածը ճորտի թիկունքին ի՞նչ հետք կթողնի, այդպես էլ «հարմարվող» բառը` իմ սրտին: Այդ հողի վրա գժտվեցինք: Հետո ժամանակը հաստատեց, որ նա էր ճիշտ: Ինքն աղջիկ տեղով չերկյուղեց դժվարություններից, իսկ իմ համարձակությունը չբավեց: Մինչևիսկ հիվանդանոց չգնացի: Սա է ամբողջը…

Տիգրանը լռում էր:

– Հարցեր տուր, նախատիր` գոնե մորդ փոխարեն… Խնայո՞ւմ ես,- Լևոնը ձեռքը դարձյալ շշին մեկնեց:

– Ոչ,- Տիգրանն ափը դրեց ըմպանակին:- Դուք ևս, խնդրում եմ…

– Տպավորությունն այնպիսին է, թե մեծը դու ես: Չեմ խմի, որպեսզի չմտածես` խմիչքի ազդեցության տակ եմ:

– Ցավը մոռանալու համա՞ր շուտ ամուսնացաք:

– Մաղձից ազատվելու: Եվ ում հետ` գիտե՞ս:

– Ոչ:

– Նրա ընկերուհու: Ամենաքստմնելի արարքը, որ երբևէ կարելի էր մտածել: Ունակ գտնվեցի: Հետո վերլուծելով կատարվածը` ըմբռնեցի, որ նա միջնորդ չէր ուզում` սպասելով իմ կողմից բոլորովին այլ քայլի` նույնքան անսպասելի, սակայն վեհանձն… Պետք է նոր բնակարան վարձած լինեի, մեծ ծաղկեփնջով ծննդատուն գնայի ու որդուս, կնոջս մեր տուն տարած… Գոհարը դարձյա՞լ շատ է կարդում:

– Այո, նա ամեն բանում արվեստ է փնտրում, թեև գրքային չես ասի: Ես երկար խորհելուց հետո վճռեցի ձեզ հաշտեցնել: Համոզված եմ` ճիշտ լուծում եմ գտել` գեղարվեստական լուծում: Կարող եք ձեր դստեր հետ գալ: Կծանոթանանք, ի՞նչ է անունը:

– Գոհար:

– Տանը դեմ չեղա՞ն:

– Կնո՞ջս նկատի ունես: Ոչ: Հավանաբար վերքի թարմությունը դեր խաղաց, սակայն հետո քթիցս բերեց. խանդում էր` տեսնելով աղջկաս հանդեպ տածածս սերը: «Դու նրա անունը տալով` մյուս Գոհարին ես հիշում»,- շարունակ, մինչև հիմա կրկնում է: Գուցե ճշմարտություն կա ասածում, վստահ չեմ:

– Իմ գնալու ժամանակն է,- Տիգրանը ոտքի ելավ:- Վաղը չորսին լինելու ենք սուրբ Զորավորում, հինգին` «Ձորագյուղ» ռեստորանում: Կսպասեմ:

– Եկեղեցի կգամ: Արիությունս այս անգամ կհերիքի: Քրոջդ` Գոհարին ևս կառաջարկեմ. մոր հետ է ապրում, բայց հաճախակի հանդիպում ենք, զանգում իրար: Նա, գիտե՞ս, քեզ բավական նման է` նույն շեկին տվող վարսերն են, նույն հայացքը, հասակը` բարձր…

– Գուցե բնավորությամբ ևս մոտ դուրս գանք. այդ դեպքում հեշտ կլինի: Դե, գնամ: Առջևում որոշիչ օր է:

– Վճռական օր է, ճիշտ ես:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930