Լրահոս
Օրվա լրահոսը

Սիբիրական կատուն (պատմվածք)

Հունիս 18,2017 18:19

Փայլակի մանկությունը և պատանեկությունը անցել է գյուղում: Շատ հուշեր են կապված այդ ժամանակաշրջանի հետ, բայց այս մեկը միշտ գալիս է նրա մտապատկերում, երբ անմոռաց նա սավառնում է մանկության երանավետ տիրույթներում: Այսօր նորից նրա մտապատկերում հայտնվեց իրենց փափկամազիկ, շեկլիկ ու խոհուն հայացքով կատուն: Փայլակի մեծ եղբայրը այն ժամանակ սովորում էր մայրաքաղաքի տեխնիկումներից մեկում և սովորություն ուներ՝ ամեն անգամ գյուղ գալուց մի որևէ նվեր բերել իր եղբայրներին ու քրոջը՝ ստացած թոշակի տնտեսած գումարով:

Նա հպարտորեն է հիշում եղբոր բերած փոքրիկ ռադիոընդունիչը, որի օգնությամբ, հատկապես լսում էին այն ժամանակվա ֆուտբոլային թեժ հաղորդումները և այլևս պետք չէր լինում դրա համար ընկերներով գնային կոլտնտեսության նախագահի տուն, որի որդին նրա ընկերն էր և լսեին այդ ֆուտբոլային հաղորդումները, քանի որ միայն նախագահն գյուղում ուներ նորմալ ռադիոընդունիչ: Իսկ դրանից հետո Փայլակենց տուն էին հավաքվում հարևանի երեխաներն ու դպրոցական ընկերները, որպեսզի ունկնդրեին այդ ռադիոհաղորդումները: Հերթական անգամ, երբ Փայլակի մեծ եղբայրը հանգստյան օրը քաղաքից գյուղ եկավ, իր հետ բերել էր նաև թանկագին հյուրին՝ իր ուսանող ընկեր Սարգսին, որը Աբխազիայից եկած հայ էր:

Այս Սարգիսն էլ նախապես մտածել էր, թե ինչ նվեր կարող է մատուցել ընկերոջ ընտանիքին և ընտրել էր Աբխազիայից իր հետ բերած բավականին հասուն կատվի ձագին: Ասում էին, թե կատվի այդ ցեղատեսակը սիբիրական է: Կատվի ձագը, իրոք, շատ գեղեցիկ, երկար ու փափուկ մազերով, վառվռուն աչքերով, շեկլիկի մեկն էր: Հենց սկզբից նա դուր եկավ երեխաներին ու նրան շատ սիրեցին: Հատկապես կարևորն այն էր, որ Փայլակի մայրը, որ միշտ դեմ էր եղել տանը կատու, շուն կամ այլ կենդանիներ պահելուն, այս շեկլիկին ընդունեց առանց որևէ դիմադրության և նրան շատ սիրեց:

Շեկլիկի պահվածքի դրսևորումները զարմանք էին հարուցում: Նա ոչինչ չէր վերցնում այն զանազան ուտելիքներից, որոնք շարված էին լինում սեղանին, մինչև նրան չհյուրասիրեին: Մայրիկի ասելով այս կենդանին «գող կատու չէ»: Իսկ գյուղում ուտելիքը հաճախ այնպիսի տեղերում էին դնում, որ կատվի համար դրանք հասանելի էին ու նա կարող էր ազատորեն դրանցից օգտվել, բայց նա երբեք չէր չարաշահում այդ հնարավորություններից օգտվելու ազատությունը: Հազվագյուտ մաքրասեր կենդանի էր: Բնական պահանջ ունենալուց, նա մոտենում էր դռանը կամ պատուհանին ու սկսում էր իր սուր ճանկերով «չանգռել» հարմար տեղում՝ հասկացնելով, որ դուրս է ուզում գնալ իր բնական պահանջները հոգալու:

Դրսում բնական կարիքները հոգալուց հետո, նա նույն սուր ճանկերով հողով ծածկում էր իր արտաթորանքը, երբեմն էլ երկար զբոսնում, ապա վերադառնում, նստում դռան մոտ, սպասում այնքան ժամանակ, մինչև որ որևէ մեկը դուռը կբացեր և նա ներս կմտներ: Շեկլիկը հաճախ էր մուկ բռնում, բայց դրանց ուտել չէր սիրում: Նա այնքան էր խաղում, չարչարում իր զոհին, մինչև խեղճը վերջապես կնքում էր իր մահկանացուն: Բերանում բռնած մկանը նա բաց էր թողնում, որն էլ արագորեն փորձում էր խույս տալ կատվից ու մտնել որևէ թաքստոց, որտեղ կատվի ճանկերը նրան չէին հասնի, սակայն ապարդյուն էին դառնում գերի ընկած մկնիկի ջանքերը, շեկլիկը կայծակնային արագությամբ և հմտորեն ճանկում էր խեղճին ու մի թաթից մյուսին փոխանցում ու զվարճանում: Ինչպես ասում են. Կատվի՝ խաղ, մկան՝ մահ: Երբ մկնիկը կատվի խաղերից վերջնականապես հյուծված կնքում էր իր մահկանացուն, շեկլիկը բերանով բռնում էր նրան, հարմար պահին, երբ տան դուռը բացվում էր, նրան դուրս էր տանում ու նետում այգու հողերի մեջ:

Որոշ դեպքերում, նույնիսկ հողով ծածկում նրան: Հակառակ նրան, որ նա մուկ շատ էր բռնում, բայց դրանց ուտել չէր սիրում: Նա գերադասում էր ծտերի միսը, որոնք հաճախ էին միամտորեն հայտնվում այնպիսի տեղերում, որ նրա զոհն էին դառնում: Շեկլիկը մանրամասնորեն մշակած մարտավարություն ուներ նրանց որսալու համար: Զգուշաբար, գաղտագողի բարձրանում էր որևէ ծառի վրա, որտեղ ծիտիկներն էին հաճախ նստում, հարմար տեղ էր ընտրում, ժամերով, համբերատար սպասում, մինչև որ այդտեղ կբարեհաճեր նստել ծտերի երամը կամ առանձին անհատը: Նա նույնիսկ սովորել էր նրանց նման ձայներ արձակել, որ իրենից խույս չտան: Ու հենց գալիս էր հարմար պահը, նա ճանկում էր նրանցից ավելի միամիտին ու բերանում բռնած արագորեն ցած վազում, ծառից ներքև իջնում ու անհետանում մառանի կամ կովերի կացարանի հարմար տեղում: Խրախճանքից հետո, գետնին սփռված էին մնում խեղճ թռչունի միայն փետուրները, քանի որ նա մեծ ախորժակով խփշտում էր նաև նրանց մանրիկ ոսկորները:

Մի քանի տարի այդպես խաղաղ ապրում էր այդ շեկլիկը, նույնիսկ այն ժամանակ, երբ Փայլակն ու քույրը ավարտելով միջնակարգ դպրոցը, նույնպես մեկնեցին մայրաքաղաք՝ ուսումը բարձրագույնում շարունակելու: Ես չգիտեմ, թե կատուները քանի տարի են ապրում, բայց հասավ այն օրը, երբ պատահեց անսպասելին: Նա սկսեց մայրիկի չսիրած «գողությունը» անել: Անզգուշաբար, հարմար տեղում դրած կաթի ամանից կաթ էր լպստում կամ հարմար առիթը որսալով սեղանի վրայից այլ ուտելիքներ էր հափշտակում, առանց թույլտվության: Իսկ քանի որ Փայլակի մայրիկը տանել չէր կարող կատվի «գողություն» ասվածը և բավականին մաքրասեր կին էր, միևնույն ժամանակ չափից ավելի բարի, գյուղի վարորդներից մեկին, որը քաղաք էր գնում ինչ-որ գործերով, խնդրեց շեկլիկին իր հետ տանել և հեռու մի վայրում, ճանապարհին, բաց թողնել, որ նա իր «ծերությունը» անցկացնի ազատության մեջ: Բայց մի քանի օր անց շեկլիկը հայտնվեց իր հարազատ կացարանում, բավականին նիհարած ու ավելի ծերացած: Նրան քաղաք տարած վարորդը ասում էր, որ ինքը նրան բաց է թողել գյուղից մոտավորապես քսան կիլոմետր հեռավորության վրա:

Եվ շեկլիկը վերադարձել ու գտել էր այն տունը, որտեղ երկար ապրել էր: Բայց մայրիկը անհողդողդ էր իր որոշման մեջ, նա մի այլ վարորդի, որը գործերով Սևան քաղաք էր գնում, խնդրեց շեկլիկին տանել և ավելի հեռու տարածության վրա բաց թողնել: Այդ օրվանից շեկլիկը այլևս չվերադարձավ, ի՞նչ պատահեց նրա հետ, այդպես էլ անհայտ մնաց:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930