Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղի 100 տարեկան տատիկի խնդրանքը վարչապետին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 18,2017 16:42

Այսօր Թուրքիային սահմանակից Շիրակի մարզի Երազգավորս գյուղում նշվեց Ազգանուշ Ալեքսանյանի 100 ամյակը։ Նրան ծաղկեփնջերով շնորհավորելու էին շտապել Շիրակի մարզպետարանի աշխատակիցները, Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը նվեր էր ուղակել դրամի տեսքով, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ևս ծաղիկներ էր ուղարկել։

Ազգանուշ Ալեքսանյանը ծնվել է Ղարսի Բաս Շիրակ գյուղում, ընտանիքը գաղթել է այն ժամանակ, երբ նա դեռ մեկ տարեկան էր։ «Նա շատ փոքր է եղել, երբ կոտորածների ժամանակ գաղթել են, բայց իր հայրենի գյուղն ամբողջ կյանքում կանչում է իրեն։ Մորս ծննդավայրը հեռու չէ Երազգավորսից, երևում է այստեղից, մայրս ժամերով կանգնում ու նայում է իր գյուղը՝ կարոտած հայացքով։ Թեև մանկությունն այնտեղ չի անցել, բայց զգացվում է, որ շատ մեծ է իր մոտ Էրգրի կարոտը»,-ասաց տիկին Ազգանուշի դուստրը։ Ազգանուշ Ալեքսանյանը 14 տարեկանից դաստիարակ է աշխատել հարակից գյուղերի մանկապարտեզներում, այնուհետ երկար ժամանակ եղել է Երազգավորսի մանկապարտեզի վարիչը։ Նա 9 զավակ է ունեցել՝ 7 տղա ու 2 աղջիկ, տղաներից երկուսը մահացել են։ Նրա ավագ դուստրը շուտով 80 տարեկան կլինի։ Տատիկն ունի 17 թոռ, 33 թոռի երեխաև 20 թոռի թոռ։

Նրա երեխաները պատմում են, որ մայրը իրենց հոր հետ ծանոթացել է Գյումրիում՝ ուսանողական տարիներին, երբ հորդառատ անձրևից պատսպարվել են ինչ-որ շենքի կտուրի տակ։ Սիրահարվել ու ամուսնացել են, երբ տիկին Ազգանունը 16 տարեկան էր՝ մանկավարժական ուսումնարանի սան էր։ Նրա ամուսինը նույնպես մանկավարժ է եղել, մահացել է 80 տարեկան հասակում։ Երեխաները հիշում են, որ իրենց հորը 1937 թվականին ձերբակալել են մոր՝ Ազգանուշ Ալեքսանյանի պատճառով։ Մայրը մանկապարտեզի վարիչ աշխատելու ժամանակ իր տետրում պահել է Աղասի Խանջյանի նկարը, դա հայտնաբերելով՝ որոշել են կնոջ փոխարեն պատժել ամուսնուն։ Նա պատիժը կրել է Չարենցի հետ նույն խցում։

Տիկին Ազգանուշի հարսներն էլ ասում են, որ նա այդ տարիքում առանց ակնոցների գրքեր է կարդում, շատ է սիրում կարդալ, ընդ որում՝ հայերենից բացի, կարդում է ռուսերեն գրքեր։ Հարազատների ասելով, նա վերջին մի քանի ամսվա ընթացքում է մի փոքր խեղճացել՝ վայր ընկնելուց ու ոտքը կոտրելուց հետո։

Նշենք, որ նրա հարսներից մեկը «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանի քույրն է՝ տիկին Ռուզաննան։ Նա ասաց, որ իր սկեսուրը նույնպես «Հայկական վերածնունդ» կուսակցությունից է, նա անդամակցել է ՕԵԿ-ի ստեղծման օրվանից։ Հարազատների փոխանցմամբ, տատիկի միակ ցանկությունն ու նաև խնդրանքը վարչապետ Կարեն Կարապետյանին այն է, որ օգնի ստանալու իր ավանդը։ Հարազատների ասելով, նա «Փարոս» համակարգում գրանցված չի եղել, հետևաբար և զրկվել է ավանդը ստանալու հնարավորությունից։ Սակայն, ըստ հարազատների, տիկին Ազգանուշը հաճախ է հարցնում, թե որևէ նորություն չկա՞ իր ավանդից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930