Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում կազմակերպված «Լանդշաֆտի արահետներով» տեղեկատվական արշավի ժամանակ նշեց. «Ունենք լուրջ խնդիրներ վերահսկողության առումով: Ամեն մարզում ունենք բնապահպանական պետական տեսչության մասնաճյուղեր, որտեղ ընդամենը 6-7 հոգի է աշխատում, իսկ այդքան քիչ թվով մարդկանցով հնարավոր չէ վերահսկողություն իրականացնել ամբողջ բնապահպանական ոլորտում: Որոշ պահպանվող տարածքներում ՊՈԱԿ-ների տեսուչները, որոնք համագործակցելով մեր տեսչության աշխատակիցների հետ կարողանում են ինչ-որ չափով ապահովել պահպանության աշխատանքները: Վերջերս նախարարը Խաչիկ համայնքում նշել էր, որ էկոոստիկանություն ստեղծելու` աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչով են զբաղվելու էկոոստիկանները, պարոն Աղասյանը հավելեց. «Ավելի ուժեղացնելու են վերահսկողությունը; Իրավասությունների հետ կապված խնդիրներ էլ կան: Պահպանվող տարածքի տեսուչն այսօր իրավունք չունի ակտ գրելու, ինքը պետք է ընդամենը արձանագրություն կազմի եւ հանձնի իրավապահ մարմիններին կամ բնապահպանական պետական տեսչությանը: Միայն նրանք իրավունք ունեն որոշում կայացնելու, տուգանք գանձելու եւ այլն: Այնպես որ, օրենսդրական դաշտի բարելավման խնդիր էլ կա, ինչի ուղղությամբ աշխատում ենք»:
Վարչության պետը լրատվամիջոցներին կոչ արեց օրենքի խախտման եւ որսագողության դեպքերի հետ կապված հասցեական լինել, որպեսզի խնդիրներին լուծում տրվի: Արամ Աղասյանը որպես օրինակ բերեց Դիլիջան ազգային պարկում Գոշի լճի հետ կատարվածը: «Այնտեղ մի շարք պաշտոնյաներ տույժ-տուգանքներ են ստացել, քրեական գործ է հարուցվել: Այնպես որ, եթե ահազանգեք նման բաների մասին, շնորհակալ կլինենք»,-շեշտեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարներն արվել են «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի տարածքում