Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կուսակցությունների երրորդ համաժողով. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման քաղաքականությունը»

Հունիս 18,2017 12:45

Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովն այսօր Ստեփանակերտում իր ամփոփիչ նիստում քվեարկությամբ որպես հիմք ընդունեց եզրափակիչ բանաձեւի մի նախագիծ, որում մասնավորապես կարեւորվում է

հայկական երկու պետություններում քաղաքական համակարգերի կատարելագործման գործընթացը,

մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա իրացումը,

քաղաքական գործընթացներում հանրային կառավարման արդյունավետությունը,

հայկական կուսակցությունների բացառիկ դերակատարությունը հայոց պետականության կերտման գործում և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը համազգային նշանակություն ունեցող հարցերում,

հայկական պետություններում կուսակցությունների վերլուծական և կառուցվածքային կարողությունների զարգացման նպատակով փորձագիտական ձևաչափերով քննարկումների համար հարթակների ստեղծման անհրաժեշտությունը,

հայկական պետություններում տնտեսության շարունակական ազատականացումը և արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև նպատակային սոցիալական արդարության քաղաքականությունը»:

Այս հաստատումներից հետո բանաձեւի նախագծում ասվում է.

1. Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման քաղաքականությունը, որն ուղեկցվում է նաև մարդկային զոհերով, միաժամանակ ընդգծում ենք, որ իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա:

2. Վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը հայկական զինված ուժերն են:

3. Արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականությունը և ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները լրջորեն վտանգում են բանակցային գործընթացը և խաղաղ կարգավորման հնարավորությունը:

4. Կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա լուծման անհրաժեշտությունը և բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցության անհրաժեշտությունը:

5.Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հետամուտ լինել շփման գծում միջադեպերի ուսումնասիրության և հետաքննության մեխանիզմների ներդրմանը, միջազգային հանրությանը՝ դատապարտել Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունը, մշտապես հանդես գալ հասցեական գնահատականներով` հրաժարվելով անարդյունավետ համահարթեցման մոտեցումներից և նախահարձակ կողմի նկատմամբ կիրառել զսպող մեխանիզմներ:

6. Փաստում ենք արտաքին քաղաքականության ոլորտում և միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը:

7. Արձանագրում ենք ներկուսակցական ժողովրդավարության և միջկուսակցական հարաբերությունների արդյունավետության մեծացման անհրաժեշտությունը:

8. Նպաստելու ենք քաղաքացիական հասարակության ինստիտուտների շարունակական զարգացմանը:

9. Վերահաստատում ենք հայկական կուսակցությունների՝ Ստեփանակերտ քաղաքում ամենամյա քննարկումների անցկացման անհրաժեշտությունը՝ ստեղծելով կուսակցությունների ոլորտային կառույցների համատեղ քննարկումների անցկացման զուգահեռ հարթակներ:

10. Առաջարկում ենք Սփյուռքի ավանդական կուսակցություններին հետագայում միանալու այս համաժողովի աշխատանքներին»:

Փաստաթղթին միացել են հետեւյալ քաղաքական ուժերը՝ «Ազատ hայրենիք», «Ազատություն», «Ազգային միաբանություն», Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Արցախի Հանրապետության Կոմունիստական կուսակցությունը, Արցախի Արմենական կուսակցությունը, Արցախի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԿԿ-ն, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, ՀՀՇ-ն, «Հանրապետությունը», Հզոր Հայրենիք կուսակցությունը, ՀՅԴ Արցախի կառույցը, Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը, «Սահմանադրական Իրավունք» միությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Փաստաթղթի վերջնական տարբերակը, որում նախագծի համեմատ կան որոշ փոփոխություններ՝ լրատվամիջոցներին կտրամադրվի ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930