«Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային 5-րդ փառատոնի նախավերջին օրը նվիրված էր նորաձևության ցուցադրությանը:
Հայ երիտասարդ ստեղծագործող-դիզայներները ներկայացրել էին իրենց աշխատանքները` հարսանեկան զգեստներից մինչև ագրեսիվ կերպարներ: Իսկ «U Can» մոդելային դպրոցի մոդելները ցուցադրում էին դրանք ժյուրիի անդամներին ու պարզապես նորաձևության սիրահարներին:
Երիտասարդ դիզայներ Գայանե Զալիբեկյանը փառատոնին մասնակցում էր «Կուբ» հավաքածուով: «Իմ ներկայացրած հավաքածուն քառօրյա պատերազմի հերոսներին է նվիրված: Այս գաղափարը գրեթե մեկ տարի մտքումս եղել է: Հետո որոշեցի այն ներկայացնել «Արտ Ֆեստ» փառատոնին: Յուրաքանչյուր հագուստ ունի վեց հարթություն: Լուսանկարների մեջ կտեսնեք` ինչպես է մոդելը իրեն նայում հինգ տարբեր դիտակետերից, իսկ վեցերորդը հենց ինքն է»,-պատմում է Գայանեն:
Փառատոնի մասնակիցներից Անահիտ Օհանյանն էլ ներկայացնում էր Երևանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան: Ասում է, որ իր ոգեշնչման աղբյուրը 19-րդ դարի կանանց հագուստներն են. «Ես վերցրել եմ այդ օրինակներն ու փոփոխել: Փորձել եմ դրանց հագուստների տեսք տալ: Իմ հավաքածուով ուզում եմ ասել, որ պետք չէ վախենալ փոփոխություններից ու նորաոճ հագնվելուց»:
Երաժշտական տարատեսակ համարներից ու ցուցադրությունից հետո իր տպավորությունների մասին պատմեց նաև ժյուրիի անդամ, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը: Նրա կարծիքով` այսպիսի ցուցադրություններն օգնում են սկսնակներին ծանոթանալ ետնաբեմային կյանքին. «Սա, իսկապես լավ սկիզբ է բոլորի համար: Կային, բնականաբար, որոշակի թերություններ: Բայց ավելի լավ է ինչ-որ բան անել, քան ընդհանրապես չանել: Միակ մտավախությունս այն է, որ ցուցահարթակը կամ բեմը չմեծամտացնի մասնակիցներին»:
Ցուցադրության հյուրերի կազմում էր «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը, ում ամենաշատը դուր էին եկել ասեղնագործ հագուստներն ու դրանց վրայի տարբերվող զարդանախշերը: «Քանի որ մենք Հայաստանում առաջին նորաձևության տունն ենք, միշտ էլ պայքարել ենք, որ հայ դիզայներները ասպարեզ դուրս գան: Եվ ուրախ եմ, որ «Արտ Ֆեստ»-ի մեջ էլ են այս ոլորտը ներառել: Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ` մանավանդ, որ մասնակիցները փորձել էին ազգային տարրն օգտագործել իրենց աշխատանքներում»:
Ցուցադրության ավարտին իր փառատոնային ընդհանուր տպավորությունները ներկայացրեց նաև փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը. «Լեցուն դահլիճները, հետաքրքիր հանդիպումները` ամեն ինչ մեր պատկերացրածի պես ընթացավ: Այս տարի, ինչպես արդեն գիտեք, փառատոնը հարուստ էր նաև արտասահմանյան հյուրերով: Կարծում եմ` հետզհետե սկսում ենք իբրև միջազգային մշակութային հարթակ` մեր ասելիքը տեղ հասցնել»:
Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ