Հունիսի 17-ին Արցախի խոհրդարանի նիստերի մեծ դահլիճում շարունակվել են հայկական կուսակցությունների երրորդ ֆորումի աշխատանքները: Մինչև առաջին լիագումար նիստի բացումը համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հունիսի 16-ին արցախ-ադրբեջանական սահմանին զոհված Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների հիշատակը և ցավակցություն հայտնել նրանց հարազատներին:
Անցում կատարելով օրակարգային հարցերին՝ քաղաքական դաշտի ներկայացուցիչները առաջինը լսել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի «Հայկական պետությունների անվտանգության հիմնահարցերը» զեկույցը: Այնուհետև «Մեր անվտանգությունը և համաշխարհային անվտանգության սպառնալիքները» թեմայով հանդես է եկել ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Բանախոսների կողմից մատնանշվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին անվտանգության մարտահրավերները և ընդգծվել բանակի մարտունակության ու զինված ուժերի հետագա կատարելագործման կարևորությունը:
Երկորդ լիագումար նիստը, որը վարում էր Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, վերաբերում էր հայկական պետություններում սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված քաղաքական նոր իրողություններում կուսակցությունների դերակատարությանը: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: Ելույթում մասնավորապես ներկայացվել են այն օբյեկտիվ գործոնները, որոնցով առաջնորդվելով՝ Հայաստանի Հանրապետությունը ընտրել է կառավարման խորհրդարանական, իսկ Արցախի Հանրապետությունը՝ նախագահական համակարգը: Պատասխանելով կուսակցականների և փորձագետների հարցերին՝ զեկուցողը կարևորել է ընդունված Սահմանադրությունները կյանքի կոչելու պատրատվածությունը և այդ ուղղությամբ առկա խոչընդոտները հաղթահարելու անհրաժեշտությունը:
Կեսօրից հետո շարունակվել է երրրորդ լիագումար նիստի աշխատանքները, որը վարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: «Հայկական կուսակցությունների դերը պետական-քաղաքական նոր համակարգերի իրողություններում» վերտառությամբ զեկույցով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Մտքերի փոխանակման ընթացքում քաղաքական դաշտի պատասխանատուները անդրադարձել են հայկական կուսակցությունների գործունեության առանձնահատկություններին, զարգացման հեռանկարներին և խոչընդոտներին:
Միջկուսակցական ֆորումի ծրագրի համաձայն՝ լիագումար նիստերի ավարտից հետո մասնակիցները քննարկումներ են անցկացրել աշխատանքային խմբերում: Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը և ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Շոշափվել են հայկական պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերներին, տեղեկատվական պատերազմներում ԶԼՄ-ների դերին, ժողովրդավարական զարգացման և քաղաքացիական ինստիտուտների կարևորությանը վերաբերող հարցեր: Օրվա ավարտին համաժողովը ամփոփել է աշխատանքային խմբերի քննարկումների արդյունքները:
Հունիսի 18-ին նախատեսված է ֆորումի աշխատանքների ավարտը և փակման արարողությունը:
Արցախի Հանրապետության
ԱԺ մամուլի ծառայություն