Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանը կործանումից փրկելու գլխավոր գրավականներից մեկը, երկրում արդարությունը՝ հյուրի կարգավիճակից տեր դարձնելն է  

Հունիս 17,2017 18:22

Միանգամից ասեմ, որ անարդարության հետևանքներն այնքան շատ են ու տարաբնույթ, որ դրանց ամբողական ներկայացումն ուղղակի անհնար է: Պատմության ընթացքում արդարության մասին շատ հատորներ են գրվել և եթե աշխարհի ցանկացած կետում, ցանկացած մեկին, ցանկացած ժամանակ հարցնես, արդյո՞ք լավ բան է արդարությունը, բոլորը միաբերան կպատասխանեն. իհարկե: Ոչ միայն լավ, այլև պարտադիրին հավասար ցանկալի բան: Սակայն, բոլոր ժամանակներում ու հատկապես մեր օրերում, նման մտածողության կողքին,  զարմանալիորեն անարդարությունը գրավել է աշխարհը: Ակնհայտ է, որ նույնը  վստահաբար կարելի է  ասել նաև մեր երկրի մասին: Աշխարհին մի պահ հանգիստ թողնենք և անցնենք մեր երկրին: Նախորդ դարի՝ մինչև 90-ականների ժամանակահատվածի կտրվածքով տիրող արդարության վիճակի մասին ոչինչ չեմ խոսի, քանի որ կար Խորհրդային Միություն կոչվող հսկա կայսրությունը, որտեղ էլ կար որոշակի ստանդարտերով համեմված, մշակված և գործող ինչ-որ մակարդակի արդարության պես մի բան ու այն լուրջ փոփոխությունների ենթարկելն ուղղակի անհնար էր (չհաշված հնչեղություն ստացած առանձին դեպքերը): Կփորձեմ խոսել 90-ականներից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածում արդարության կորի դինամիկայի մասին: Անկեղծ ասած, սա չափազանց տարողունակ թեմա է, ուստի փորձ կանեմ հակիրճ խոսել այդ երևույթի գաղափարական սկզբունքների, ազդեցության, նշանակության և հետևանքների մասին:

Մենք բոլորս, ամեն քայլափոխի այնքան հաճախ ենք հանդիպում տարատեսակ անարդարությունների, այնպես, որ արդարության, անարդարության մասին մշտապես խոսելը կդառնա լրիվ ինքնանպատակ, անիմաստ, անհեթեթ, ավելորդ, սովորական, այլ խոսքով, համարյա ճիշտ այնպես, ինչպես եթե անընդհատ խոսեինք արտագաղթի ավելացման, գործազրկության, կոռուպցիայի և կաշառակերության, միայն ծանոթով աշխատանքի ընդունվելու, մարդկանց իրավունքների ոտնահարման…, և նմանատիպ շատ այլ երևույթների մասին: Որքան էլ, որ մշտապես չենք խոսում, միևնույն է մշտապես մտածում ենք դրանց մասին, ուղղակի երբեմն-երբեմն՝ ժողովների, քեֆերի, շենքերի բակերում, աշխատանքի վայրերում, խանութներում, նույնիսկ թաղումների ժամանակ ենք միայն խոսում դրանցից:

Եվ այսպես, ինչ նշանակություն ունի արդարությունը և նրա դիֆիցիտը՝ անարդարությունն ինչ հետևանքներ կարող է ունենալ երկրի, պետության, ժողովրդի կյանքում: Միանգամից, առանց փակագծերը բացելու, կարող եմ պնդել, որ այն ոչ ավելի, ոչ պակաս ազգային անվտանգության լուրջ խնդիր է: Մարդ արարածն այնպիսի կենսաբանական էակ է, ում ծննդյան պահից՝ նրա արյան մեջ դրված է այդ բաղադրիչը: Ուղղակի, տարիքի և հանգամանքների հետ կապված, շահը կարող է նրան շեղել դրանից և մղել արյան մեջ եղածի նկատմամբ հակառակ արարքի: Ասվածը բնավ արդարացում չէ, այն ընդամենը ցավալի, այլանդակ և ճշմարիտ իրողություն: Տերը մարդուն այնպես է արարել, որ նա կարող է դիմակայել սովին, ցրտին, արհավիրքներին.., և նմանատիպ շատ այլ բաների ու այդքանից հետո շարունակել հույսով ապրել, որ մի օր լավ կլինի: Սակայն, մի բան ակնհայտ է, որ անարդարության առջև մարդն ինչ-որ իմաստով անզոր է, որի հետևանքով պարտադրված կարող է դիմել կտրուկ՝ անբնական քայլերի: Անարդարությունը մի իրողություն է, մի մեծագույն չարիք, որը մարդուն չափազանց մեծ ցավ է պատճառում, նրան դրդելով ընդհուպ ինքնակառավարումը կորցնելուն: Շատերը կարող են կարծել, որ սրա հիմքում դրված է մարդկային նախանձը. ինչո՞ւ այս մեկը, այսինչ բանը ձեռք բերեց անարդար ճանապարհով, իսկ ինքը չպետք է ունենա այն: Ոչ և բնավ ոչ: Նախանձը հենց այն է, երբ աչք ես գցում ուրիշի՝ արդար ճանապարհով ձեռք բերածին: Անարդարության պարագայում, մարդու մեջ աշխատում է միմիայն արդարության բնազդը: Եղբայր, վաստակիր ինչ ուզում ես և որքան կարող ես, միայն դա արա արդար ճանապարհով: Մարդուն խիստ ցավեցնող բազմաթիվ և բազմապիսի բաներ կան, որոնք ինչ-որ կերպ բացատրություններ ունեն, այ անարդարության պատճառած ցավը լրիվ անտեղին ու անհանդուրժելի է, որի հետ համակերպվելն իրականում համարյա անհնար է: Արդարությունը սուրբ գաղափար է և նրան շրջանցելը լեցուն է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներով: Անարդարությունը հղի է միմիայն դառը պտուղներով, որոնց պարտադրված համտեսը կործանարար հետքեր է թողնում: Հնարավոր չէ չնկատել, որ արդարության պակասն է նաև գլխավոր պատճառներից մեկը, որ հայ ժողովուրդն այսպես ինտենսիվ արտագաղթում է երկրից, այն միայնակ թողնելով մեր դարավոր թշնամիների քմահաճույքների խաչմերուկում:

Ի վերջո, մի կերպ ընկալելի է, երբ մարդն աշխատանք չունի, սպառվել են բոլոր փորձերն ու հնարավորությունները և նա պարտադրված արտագաղթում է՝ աշխատանք գտնելու, մի կտոր հաց հայթայթելու՝ իր ընտանիքի գոյությունը պաշտպանելու համար, սակայն լիովին անհասկանալի է, երբ անարդարության մշտական ալիքներն այնքան հուժկու են հարվածում, որ հայ մարդը թքում է ամեն ինչի վրա, կապը կտրում սրբավայր հայրենիքի հետ և վերջնականապես արտագաղթում երկրից: Դժվար է ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկներով ներկայացնել, թե նորանկախ Հայաստանում՝ 90-ականներից մինչև մեր օրերն արտագաղթածների որ տոկոսն է անարդարության պատճառով լքել երկիրը, սակայն մի բան հստակ կարելի է պնդել, որ այդ տոկոսը  բավականին լուրջ թիվ է և նրանք հիմնականում Հայաստանի գործարար շերտն են ներկայացնում: Տարիքով մարդիկ կհիշեն 1990-1994թթ. Ղարաբաղյան պատերազմը, ցուրտ ու մութ տարիները՝ էլեկտրական հոսանքի հովհարային անջատումները, որոնց ընթացքում մարդիկ օրվա մեջ կես ժամից մինչև ամենաշատը 2 ժամ հոսանք էին ունենում և այդ ժամանակ՝ համենայնդեպս չէր խոսվում, որ մարդիկ երկիրը լքում են անարդարությունների պատճառով:

Ասեմ, որ այդ ժամանակ հիմնականում երկիրը լքում էին գործարարները (երկարաժամկետ հովհարային անջատումները էապես խոչընդոտում էին նրանց աշխատանքներին), ունևորները և փափուկ կյանքին սովոր մարդիկ, ովքեր առանց հոսանքի, առանց մշտական տաք ջրի չէին պատկերացնում իրենց կյանքը: Միջին հաշվով, մարդիկ և այդ ժամանակ, և դրանից հետո էլ կարողացան հերոսաբար դիմակայել մթին, ցրտին և աստիճանաբար նաև աշխատանք չունենալու իրողությանը ու արտագաղթն ավելի սաստկացավ այն ժամանակ, երբ այս ամենին ավելանում էր անարդարությունը, որն այդ պայմաններին մի կերպ դիմակայող, ուժերը ջլատված, թուլացած հայ մարդուն հասցնում էր եզրափակիչ հարվածը և նրան թողնում միակ ճանապարհը՝ ամեն գնով, վճռականորեն լքել երկիրը, եթե նույնիսկ օտար ափերում հուսադրող բան չէր երևում: Վերը ասվածն ընդամենը խոսք էր անարդարության միայն մեկ հետևանքի մասին, որն ինչ-որ իմաստով համընդհանուր էր արտագաղթող ծավալուն շերտի համար, իսկ մնացած հետևանքների մասին ասելիքը հատորների թեմա է, որին հետագայում հավանաբար կանդրադառնամ և ես, և շատ-շատերը, քանզի այն ամենամեծ  բացասական դրոշմն է թողնում երկրի ներքին կյանքում, իսկ մարդկային հարաբերությունները խարսխվում են նաև արդարության արժեքային որակների հետևանքների վրա: Հայաստանի այսպիսի ծանր պայմաններում, երբ ամեն ինչին զուգահեռ, էապես խաթարվել է նաև մարդկանց՝ այսպես ասած, լիցքավորման ամենամեծ աղբյուրը՝ հավատը, երկրում արդարությանը շնորհել անկոչ հյուրի, այլ ոչ թե տիրոջ կարգավիճակ, ուղղակի կործանարար է, քանզի երկրի անվտանգության, հարատևման երաշխիքը միասնությունն է, որն անմիջապես կարող է ի չիք դառնալ  համատարած անարդարությունների գոյության պարագայում, որը չարիքի նման վայրկյան-վայրկյան լափում է երկիրը, որից էլ ավելի մեծ նվեր մատուցել մեր թշնամուն, քան մեր երկրում տիրող վիճակն է, հնարավոր չէ երևակայել:

Ոչ ոք միամիտ չէ, որ մտածի, թե արդարությունը  լոկ բառ է, տերմին է և նրա մասին բարձրաձայնելով, նա միանգամից կգա ու կթագավորի երկրում, սակայն մի բան պարզ է, որ այն բյուջե, ներդրումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ կամ նմանատիպ այլ բաներ չի պահանջում: Այն միայն պահանջում է մեծ կամք ու ցանկություն և նման պարագայում, ընդամենը պետք է օր առաջ ցանել արդարության սերմերը ու աստիճանաբար հավաքել դրանց պտուղները:

Եկեք ազգովին լծվենք այդ մեծ կամքին և ցանկությանը ու փորձենք մեր երկիրն արագ դուրս բերել այս կործանված վիճակից…

Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

 

    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930