«Ադրբեջանի նման արկածախնդրությունը կարելի է որակել որպես բանակցային գործընթացում ճնշման փորձ՝ հայկական կողմի վրա: Այն արտահայտում է Ադրբեջանի վերջին շրջանի, մեղմ ասած, լկտի պահվածքը: Պատճառներից մեկն այն է, որ ժամանակին միջազգային հանրությունը չեզոք վերաբերմունք դրսեւորեց Ադրբեջանի գործողությունների հանդեպ, ինչը վերջինիս մոտ ամրապնդել է անպատժելիության կեղծ ընկալում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով արցախաադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից իրականացրած սադրանքներին, ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Հիշեցնենք, որ երեկ եւ այսօր հայկական կողմը չորս զոհ ունի:
Նարեկ Մինասյանը հիշեցրեց, որ հունիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են Բաքու. «Բնականաբար, այդ այցին ընդառաջ՝ նման արկածախնդրության կազմակերպումը որոշակի հարված է համանախագահների իմիջին: Կարծում եմ՝ տարածաշրջանային այցն ամփոփող հայտարարության մեջ Ադրբեջանի կատարածն իր տեղը կգտնի, հակառակ դեպքում՝ Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը կասկածի տակ կդրվի»: Փորձագետը նկատեց, որ նույն օրն Ադրբեջանում սպասվում են նաեւ զորավարժություններ, որոնցով եւս հակառակորդը փորձելու է հայկական կողմի վրա ճնշում գործադրել:
Նարեկ Մինասյանի բնորոշմամբ՝ հատկանշական է, որ տվյալ իրավիճակում հայկական կողմի գործողությունները կկրեն պատասխան եւ պատժիչ բնույթ. «Դրանք առավել քան ընկալելի պետք է լինեն համանախագահների համար»:
Արդյո՞ք եռանախագահների՝ Բաքու կատարելիք այցի արդյունքում հերթական հասցեական հայտարարությունը կլինի, մեր զրուցակցի խոսքով. «Չպետք է ուրախանալ հասցեական հայտարարություններից, դրանք Մինսկի խմբի արդյունավետ գործունեության նախապայմաններից են: Արդյունավետության հասնելու համար Մինսկի խումբն արդեն իսկ պետք է իր ձեռագիրը դարձրած լիներ հասցեական հայտարարություններ անելը, բայց դա տեղի է ունենում ուշ-ուշ… Անգամ եթե այս անգամ էլ ունենանք հասցեական հայտարարություն, փորձը ցույց է տալիս, որ այն չունի բավականաչափ ներուժ՝ Բաքվին զսպելու համար: Այստեղ հաջորդ քայլը ձեռնարկելու խնդիր է առաջանում: Կարծում եմ՝ եռանախագահներն իրենց ներքին քննարկումներում պետք է դիտարկեն Ադրբեջանին զսպելու քայլերը: Իրենց Մանդատի շրջանակում հնարավոր են Բաքվին զսպող քայլեր: Բացի այդ, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում կարող են որոշակի ճնշումների միջոցով ստիպել վերջինիս կառուցողական դիրքորոշում դրսեւորել Արցախյան հակամարտության հարցում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ