Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տեխնիկայի բացակայության պատճառով Լեռնապատում աղբահանություն չի իրականացվում

Հունիս 17,2017 15:15

Լոռու մարզի Լեռնապատ  համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Վերջին շրջանում համայնքում սկսել են զարգացնել նաեւ մեղվաբուծությունը: 2300 բնակիչ ունեցող Լեռնապատում, սակայն աշխատատեղի խնդիրը համարվում է առաջնային:

«Աշխատանք չկա համայնքում:  Փորձում ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ ծրագրեր կան, որ կարողանանք մարդկանց ներգրավենք, մի տեղ տեղավորենք, աշխատեն: Ամենակարեւորը համայնքում այդ խնդիրն է»,- ասում է համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանը:

Բացի աշխատատեղերի բացակայությունը, համայնքն ունի նաեւ տեխնիկայի կարիք: Գյուղում աղբահանություն չեն իրականացնում՝ համապատասխան մեքենա չկա. «Աղբահանության ծրագիր ունենք, որն ուզում ենք իրականացնենք, ուզում ենք մեքենա գնել: Հիմա աղբահանություն չենք իրականացնում: Նախկինում 3 տեղ կար՝ ձորերն էին լցնում աղբը, բայց այս շաբաթօրյակների ժամանակ կարողացանք դրանք վերացնենք, ծածկենք: Հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում, որ նորից չտանեն թափեն: Գյուղացիներն իրանց տան բակերում են վառում աղբը, մինչեւ տեսնենք ոնց կլինի»,- ասում է համայնքապետը:

Սարիբեկ Աբազյանն ասում է, որ աղբահան տեխնիկա ձեռք բերելու համար երբեւէ որեւէ մեկին չեն դիմել: Այժմ փորձում են սեփական միջոցներով հարցին լուծում տալ: Նախատեսում են համայնքային բյուջեից 2 միլիոն դրամ հատկացնել՝ մեքենա գնելու համար:

Լեռնապատը բաժանված է 2 մասի՝ Հին ու Նոր գյուղերի, որոնք իրարից գտնվում են 6 կմ հեռավորության վրա: Համայնքային դպրոցը գտնվում է Նոր գյուղում. «Գյուղերն իրարից հեռու են: Ավտոբուս ենք ձեռք բերել, որ երեխաներին Հին գյուղից կտեղափոխի Նոր գյուղում գտնվող դպրոց»:

Գյուղապետը նշում է, որ Լեռնապատում խմելու ջրի խնդիրը գրեթե լուծված է, սակայն կոյուղու խնդիրը շարունակում է մնալ առաջնային լուծման կարիք ունեցող հարցերի շարքում. «Նախատեսել ենք, որ այս տարի  գերմանական ծրագրով Նոր գյուղի խմելու ջրի ամբողջ ցանցը փոխենք: Բայց կոյուղու հարցն է շատ ծանր, կոյուղի չունենք, եւ չգիտենք, թե այդ հարցը ոնց պետք է լուծենք»:

2012 թվականից համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնած Սարիբեկ Աբազյանը, սակայն չի հուսահատվում, ասում է մասնակցում են մի շարք ծրագրի: Հուսով է, որ մեկ այլ ծրագրերով էլ կլուծեն վերը նշված խնդիրները:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930