Մասնագետները հաճախ են խորհուրդ տալիս, որ առողջ սենյակային բույսեր ունենալու համար անհրաժեշտ է հաճախ ջրել խաշած բանջարեղենի, բրնձի կամ ձվի ջրով: Այդ ջուրը հարուստ է հանքային նյութերով եւ կենսանյութերով, որն էլ դրական ազդեցություն է թողնում բույսի աճի վրա: Բայց բույսերը ջրելը եւ մշակելը մեխանիկական գործընթաց չպետք է դարձնել եւ յուրաքանչյուրին պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել:
Օրինակ, բեգոնյան դնել լայն ծաղկի թաղարի մեջ, որ հնարավոր լինի ջրել միայն հողը, քանի որ բույսը ջուր չի սիրում, խոնավությունից ցողունն ու տերեւները կարող են ստանալ սնկային հիվանդություն: Գարեջրի մեջ թաթախված բամբակի խծուծով շաբաթը մեկ անգամ մաքրել բույսի կանաչ տերեւները: Նրանք կլինեն ավելի փայլուն եւ դիմացկուն:
Չինական վարդը կարելի է ջրել տարվա բոլոր ամիսներին։
Եթե սենյակային ծաղկի տերեւներր դեղնել են հիմնամասից, ուրեմն նշանակում է, որ ամենահին արմատների մոտ առատ ջուր է հավաքվում։
Ցողունի ամբողջ երկայնքով դեղնած տերեւները վկայում են բարձր խոնավության մասին։
Եթե բույսի տերեւներր կծկվել են, թառամել, կախվել, չեն ձգվում դեպի լույսը, ուրեմն օդափոխությունը նորմալ չէ, արմատները դժվար են շնչում։ Դրա համար պետք է փխրեցնել հողը, որպեսզի հողի մակերեսին առաջացած սպիտակ հողակեղեւը բույսին չխանգարի շնչել։
Եթե ծաղկի տերեւները պտտվում են դեպի վար, ուրեմն կարիք կա ջրելու, իսկ եթե ծաղկի տերեւների եզրերը չորանում են, փշրվում, ուրեմն անհրաժեշտ է ծաղկի մոտ տափակ ամանով ջուր դնել։
Եթե բույսի տերեւների վրա անգույն բծեր են հայտնվել, տերեւները կորցրել են իրենց բնական գույնը եւ թափվում են, ուրեմն սենյակի օդը չափից ավելի չոր է։
Պարտեզազգիներին պատկանող բույսերը ջրել այնքան ջրով, որ հողը չունենա ավելորդ խոնավություն։
Ծաղիկները ջրելու անհրաժեշտության մասին կարելի է իմանալ ծայրը սրած փայտիկով։ Մտցնել փայտիկը մինչեւ թաղարի հատակը։ Եթե հանելուց հետո չոր է, վրան չկան հողի կոշտուկներ, ուրեմն պետք է ջրել։
Ծաղիկները ջրելիս, ջրի շիթը ուղղել վերեւից որքան հնարավոր է թաղարի եզրերին մոտ, որպեսզի ցողունն ու արմատը չնեխեն։
Եթե երկար ժամանակ բացակայելու եք տնից, ծաղիկների մոտ, ծաղկամանից ավելի բարձր տեղ դույլով ջուր դրեք։ Մառլյայի մի ծայրը դնել դույլի, իսկ մյուսը` թաղարի մեջ։ Ջուրն աստիճանաբար կանցնի բույսին։
Խոնարհվող բույսերը լվանալ պետք չէ, քանի որ դրանից կարող է առաջանալ սնկային հիվանդություն։
Բույսերը ջրել սենյակի ջերմաստիճանի ջրով, լավ կլինի ջրին ավելացնել մի քանի կաթիլ քացախ կամ կիտրոնահյութ։
Բույսերի տերեւները անհրաժեշտ է երկու կողմից լվանալ հանքային ջրով։
Խորհուրդ է տրվում ծաղիկները աճեցնել փայտյա թաղարների մեջ։
Պարբերաբար փխրեցնել թաղարի հողի վերին շերտը։ Անհրաժեշտության դեպքում հողին ավելացնել մաքուր ավազ կամ սոճու մանրացրած տերեւ։
Պայծառ օրերին ծաղկող բույսերը հանել պատշգամբ, նրանք հավելյալ օդ եւ լույս ստանալով, ավելի արագ եւ առողջ կաճեն։
Եթե հյուրասենյակում հաճախ են ծխում, ապա պետք է 5-8 կանաչ բույս դնել ծխախոտի ծխից ձերբազատվելու համար եւ աշխատեք հաճախակի խառնել հողը, որպեսզի թաղարի երեսին առաջացած բորբոսագույն հողը չխթանի բույսերի բնական աճին։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
16.06.2017թ.