Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մաքրել բարձրահարկերի աղբատարերը, մայթեզրերից հեռացնել աղբամանները

Հունիս 17,2017 18:00

«ԵԼՔ» դաշինքը Երեւանի աղբահանության ոլորտի կանոնակարգման առաջարկներ է ներկայացնելու
Երեւանի ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը քաղաքային աղբահանության ոլորտի առնչությամբ մի շարք առաջարկներ ունի, որոնք սեպտեմբերին ներկայացնելու է Երեւանի ավագանու նիստերում: «Առավոտ»-ի հետ զրույցում Դավիթ Խաժակյանը նշեց, որ խնդիրներից մեկը վերաբերում է «Սանիտեկ»-ի աղբամանների տեղադրման վայրերին. «Ամիսներ շարունակ բարձրաձայնում ենք, որ շատ փողոցներում աղբամանները տեղադրված են փողոցների երթեւեկելի հատվածներում՝ խաթարելով երթեւեկությունը եւ առաջացնելով վթարավտանգ իրավիճակներ: Լուծումը՝ աղբամանների համար մայթեզրերին առանձնացված «գրպանիկների» կառուցումն է, որը պետք է արվի ըստ մայթի կառուցվածքի»:
Մյուս խնդիրը, ըստ Դավիթ Խաժակյանի, «պիկ» ժամերին կամ ուշ երեկոյան իրականացվող աղբահանությունն է. «Առաջին դեպքում աղբահանություն իրականացնող բեռնատարները խցանումներ են առաջացնում փողոցներում, իսկ երկրորդ դեպքում՝ խաթարում են բնակիչների անդորրը: Կարծում ենք՝ «Սանիտեկ»-ի աշխատանքի կանոնակարգման նորմեր պետք է ներդրվեն: Ըստ այդմ, բակերում գտնվող աղբամանները կարելի է դատարկել ցերեկային ժամերին, իսկ փողոցների մայթերին գտնվողները՝ ոչ բանուկ ժամերին»:
Դավիթ Խաժակյանի բնորոշմամբ՝ մայրաքաղաքի մի շարք հատվածներում աղբահանության լուրջ խնդիր կա. որոշ տեղերում պարզապես աղտոտված է. «Մեզ դիմել են Կիեւյան 2Բ շենքի բնակիչները՝ ասելով, որ իրենց շենքին հարող ձորի տարածքում աղբահանություն վաղուց չի իրականացվել: Աղբը տարիներով կուտակվել է: «Սանիտեկ»-ի առջեւ միասնական խնդիր պետք է դրվի՝ լուծել քաղաքի աղբահանության խնդիրն ամբողջությամբ»:
Երեւանի ավագանու անդամը մատնանշեց նաեւ Նուբարաշենի աղբավայրի խնդիրը. բաց վիճակում աղբի այրումը բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնում Երեւանի համար. «Դեռ մեր նախընտրական ծրագրում էինք առաջարկում աղբի մշակման արտադրամաս հիմնել, ինչի շուրջ քաղաքային իշխանությունները կարծես թե պայմանավորվածություն են ձեռք բերել: Բայց, մեր պատկերացումներով՝ այդ արտադրամասն, այնուամենայնիվ, չի կառուցվի»: Խաժակյանի խոսքով՝ աղբի տեսակավորումը չպետք է լինի քաղաքի միայն որոշ մասերում. «Դա բոլոր վարչական շրջաններում պետք է լինի. տեխնիկական աղբը սննդային աղբից պետք է տարանջատել»:
Մեր զրուցակիցն առանձնացրեց նաեւ բարձրահարկ շենքերի աղբատարների խնդիրը. «Առաջին հարկում կուտակվող աղբի փաստը խորհրդային տարիներին շենքերի կառուցման լրջագույն բացթողումներից է: Սանիտարական տեսանկյունից այն անթույլատրելի է: Որքան էլ մաքրես, միեւնույնն է, շենքը սանիտարական ոչ բարվոք վիճակում է գտնվելու: Մենք առաջարկում ենք՝ կամ այդ աղբատարները մաքրել ու փակել, փոխարենը շենքերին կից տարածքներում տեղադրել աղբամաններ, կամ աղբատարներն առանձնացնել պլաստիկ խողովակներով, որոնք կպչուն չեն եւ աղբը իրենց մեջ չեն պահպանում: Այդպես աղբը մինչեւ վերջ կհասնի ներքեւ, եւ գոնե շենքերում աղբի հոտի խնդիրը կլուծվի»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

16.06.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930