Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանն ավելի շատ խորհրդականներ ունի, քան երկրի նախագահն ու վարչապետը, իսկ օգնականների թվով չի զիջում վարչապետին

Հունիս 17,2017 17:00

Որքան գումար է պետբյուջեից տրամադրվում քաղաքապետի, թաղապետերի ու մնացած բոլոր աշխատակիցների աշխատավարձերի համար

Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստն է. փոխաքաղաքապետերն են նշանակվելու, քաղաքապետարանի եւ վարչական շրջանների հաստիքացուցակներն ու աշխատակիցների թվաքանակն են հաստատելու, ինչպես նաեւ աշխատակիցների պաշտոնային դրույքաչափը, այսինքն՝ աշխատավարձերի չափը:
Եվ այսպես, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղակալները չեն փոխվի. քաղաքապետի առաջին տեղակալ կնշանակվի Կամո Արեյանը, որը քաղաքապետարանի հնաբնակներից է եւ մի քանի քաղաքապետերի հետ է աշխատել որպես փոխքաղաքապետ: Մյուս տեղակալաներն էլ կլինեն Վահե Նիկոյանը, Դավիթ Օհանյանն ու Արամ Սուքիասյանը:
Թե որքան աշխատավարձ են ստանում քաղաքապետն ու տեղակալները, օգնականներն ու խորհրդականները, թաղապետերն ու բաժնի պետերը, առաջին կարգի մասնագետներն ու այլ աշխատակիցները՝ նշված է ավագանու նիստի օրակարգում ներառված նախագծում:
Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամսական աշխատավարձը 575 հազար դրամ է, իսկ Կամո Արեյանինը՝ 478 հազար դրամ: Իսկ մյուս 3 տեղակալների աշխատավարձը 443 հազար դրամ է:
Դատելով Տարոն Մարգարյանի խորհրդականների ու օգնականների թվաքանակից՝ տպավորություն է, որ նա ոչ թե քաղաք է ղեկավարում, այլ մի ամբողջ պետություն:
Տարոն Մարգարյանն իր խորհրդականների եւ օգնականների թվով չի զիջում ՀՀ նախագահին եւ վարչապետին: Ինչպես նշված է հաստիքացուցակում եւ աշխատավարձերի դրույքաչափերի մասին ցուցակում, քաղաքապետն ունի 8 խորհրդական. նրանցից գլխավորը ստանում է 370 հազար դրամ աշխատավարձ, իսկ մյուս 7-ը՝ յուրաքանչյուրը՝ 358 հազար դրամ: Բացի այս, 8 խորհրդականներից քաղաքապետը մի հատ էլ խորհրդական-գլխավոր դիզայներ ունի՝ 358 հազար դրամ աշխատավարձով: Կարճ ասած՝ 9 խորհրդական ունի Տարոն Մարգարյանը եւ 5 օգնական՝ 298 հազար դրամ աշխատավարձով: Իսկ, օրինակ, երկրի նախագահի խորհրդականներն 8-ն են, օգնականները՝ 6-ը, իսկ վարչապետն ունի 5 խորհրդական, որոնք պետբյուջեից են աշխատավարձ ստանում, մյուսները հասարակական հիմունքներով են, Կարեն Կարապետյանի օգնականներն ընդամենը 5-ն են:
Այս պաշտոնավարման ժամանակ քաղաքապետը կարծես թե մամուլի քարտուղար
Էլ կունենա (օգնականների աշխատավարձի չափ աշխատավարձով), համենայնդեպս՝ նախորդ կառավարման վերջին շրջանում Մարգարյանը մամուլի քարտուղար չուներ, պաշտոնական կայքէջի աշխատակազմի ցանկում նման հաստիք չկա, իսկ հիմա նոր հաստիքացուցակում ավելացել է:
Քաղաքապետարանի ավագանուն ներկայացրած հաստիքացուցակով Տարոն Մարգարյանին, այսպես ասած, հասնում է 2 գործավար, յուրաքանչյուրը՝ 261 հազար դրամ աշխատավարձով: Քաղաքապետի 4 տեղակալներն էլ ամենքը մի օգնական կունենան ու պետբյուջեից կստանան 250 հազար դրամ աշխատավարձ: Քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը, ըստ ավագանու հավանությանը ներկայացրած որոշման նախագծի, այսինքն՝ հաստիքացուցակի, 447 աշխատակցից է բաղկացած. ամենացածր աշխատավարձն, ըստ ցուցակի, 164 հազար դրամ է՝ գործավարներինը, մյուսների աշխատավարձերը 200 հազար դրամից պակաս չեն, վարչության պետերի աշխատավարձերը 346 հազար դրամ է, իսկ բաժնի պետերինը՝ 291 հազար: Քաղաքապետարանն ունի 21 վարչություն՝ իր պետերով ու տեղակալներով, բաժիններով ու այլ աշխատակիցներով:
Քաղաքապետարանի 447 հոգանոց աշխատակազմից զատ՝ կան նաեւ առանձնացված ստորաբաժանումներ, ընդհանուր առմամբ, ըստ ցուցակի, 1998 աշխատակից ունի քաղաքապետարանը, իսկ բոլոր թաղապետարանները միասին 1296 աշխատակիցներ ունեն:
1998 աշխատակիցներին ամսական պետբյուջեից հատկացվում է 436 միլիոն 409 հազար 100 դրամ: Իսկ Երեւանի 12 վարչական շրջանների բոլոր 1296 աշխատակիցներին պետբյուջեից ամեն ամիս հատկացվում է 281 միլիոն 782 հազար դրամ:
Երեւանի քաղաքապետարանում մի ուշագրավ բաժին կա՝ Առաջին եւ զորակոչային հարցերի կազմակերպման բաժին. դժվար է ասել, թե այս բաժնում ընդամենը 2 աշխատակցով՝ պետն իր 322 հազար դրամով եւ առաջին կարգի մասնագետն իր 207 հազար դրամով, այդ ի՞նչ զորակոչ են կազմակերպելու՝ մանավանդ, որ զորակոչերը պաշտպանության նախարարությունն է կազմակերպում, եւ դրանց հետ կապված խնդիրը նույնպես պաշտպանության նախարարությունն է լուծում:
Ինչ վերաբերում է վարչական շրջանների ղեկավաներին, ապա նրանք 12-ն են, ամենքը՝ ամսական 400 հազար աշխատավարձով: Նրանց տեղակալների աշխատավարձը 346 հազար դրամ է:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

16.06.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930