Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացուն պետք է օգնել, որպեսզի նորից վերարտադրվի

Հունիս 17,2017 14:01

Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին եւ Արմավիրի մարզպետին հանձնարարել է եռօրյա ժամկետում ուսումնասիրել եւ ամփոփել կարկուտի հետեւանքով պատճառված վնասներն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն եւ տեղեկանք:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետեւանքով տուժել են Արմավիրի մարզի մի շարք համայնքներ՝ գյուղացիներին պատճառռելով ֆինանսական հսկայական վնասներ:
«Առավոտը» «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե լոկալ օգնությունները որքանո՞վ են լուծում գյուղացու խնդիրը: Մեր այն դիտարկմանը, թե կառավարությունը մի կողմից՝ գերակա ուղղություն է հռչակել գյուղատնտեսությունը մյուս կողմից՝ արդեն երկար տարիներ է՝ համակարգային լուծում չի առաջարկում գյուղացուն, որպեսզի ամեն տարի գյուղատնտեսությունը չկանգնի նման փաստի առաջ, պարոն Մելքումյանն ասաց, որ իր կուսակիցների հետ գտնվում են Արմավիրի մարզում, եղել են Աղավնատուն, Մրգաստան եւ կարկուտից տուժած այլ գյուղերում, որտեղ կարկուտը գրեթե հարյուր տոկոսով վնասներ է հասցրել:
«Հանդիպեցինք ժողովրդի հետ: Մեր տեսակետը հայտնեցինք, որ մենք ռեալ պայմանավորվել ենք՝ բացի նրանից որ մարզպետարանի հանձնաժողովից տեղեկացված ենք վնասների մասին, նույնիսկ հեկտարներով գիտենք՝ որ գյուղում քանի հեկտար է տուժել, որպեսզի մենք վնասների չափի մասին հստակ պատկերացում ունենանք»:
Պարոն Մելքումյանի խոսքով՝ իրենք առաջարկել են՝ գյուղացիական վարկերի, որի մասին դեռեւս «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի 15 կետերում է ասվել, անպայման-տույժ տուգանքներն ընդհանրապես հանվեն. «Իհարկե, դրանք ոչ թե պիտի առեւտրային բանկերը անեն, այլ պետք է կառավարությունը սուբսիդավորի, որովհետեւ այդ գյուղերի վարկերը շատ մեծ ծավալների չեն, եւ տոկոսների, տույժ ու տուգանքների մասին է խոսքը: Իսկ մայր գումարը կարելի է որոշակի ժամանակով հետաձգել, որպեսզի գյուղացիներին կարողանանք տալ բուժանյութեր, պարարտանյութեր, սերմացու, ոռոգման ջրի վարձը նույնպես փորձեն զիջել, որպեսզի ինքը նորից վերարտադրվի, այլ ոչ թե մենք անելանելի վիճակի մեջ կանգնեցնենք»:
Ըստ Միքայել Մելքումյանի՝ նախորդ տարվա վնասների մասով ոռոգման ջրի հետ կապված է հարցը լուծվել:
«Մեր մոտեցումները հետեւյալն են՝ լուծում գտնել, որպեսզի գյուղացիներն այդ վիճակից դուրս գան՝ կլինի հետաձգում, սուբսիդավորում, պարարտանյութի տրամադրում, բոլոր միջոցներով էլ պետք է անել: Առաջիկայում՝ հունիսի 21-ին, կլինի ԱԺ ընդհատված նիստի շարունակությունը, եւ այդ հարցերն էլ արդեն քննարկման առարկա կդարձնենք: Մենք ուշի-ուշով հետեւելու ենք եւ հարցն անընդհատ թեժ գծի վրա ենք պահելու, որպեսզի ռեալ լուծումները երեւան»:
Պարոն Մելքոնյանը սպասում է կառավարության ծրագրին, արդեն հանդիպել է գյուղնախարարի եւ ԱԻ նախարարի հետ եւ մի շարք հարցեր քննարկել:
«Օրինակ՝ հակակարկտային կայանների մասով պարզվում է, որ եթե մեզ պետք է հինգ հազար հակակարկտային կայան, ունենք ընդամենը հինգ հարյուրը, բայց դա արդյունավետ չէ, որպեսզի շարունակենք ներդնել, որովհետեւ գազով կամ բուտանով է աշխատում, կրակում է մինչեւ 3-5 կիլոմետր, իսկ այդ կարկուտը 8-10 կիլոմետրի վրա է: Պետք է անցնել հակահրթիռային գնդակոծումների, որպեսզի ռեալ արդյունք տա, եւ զուգահեռ այդ ցանցային համակարգը պետք է ներդնել, որպեսզի որոշակի երաշխիքներ ունենա: Դա պետք է արվեր, ինչը մինչեւ հիմի չի արվել»,- ասաց պարոն Մելքոնյանը: Ըստ նրա՝ լուծումներից են ցածր տոկոսով գյուղացիական վարկերը, բերքի իրացման խնդիրը կարգավորելը, ապահովագրության համակարգը. «Պետք է տեսնել՝ այդ գումարները պետությունն ունի՞, թե՞ էլի պետությունն է այդ եռանկյունի հարաբերությունների մեջ մտնելու, որպեսզի այդ գումարը դնի»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

16.06.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930