Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայկական կապիտալիզմի խորդուբորդ ընթացքը-2

Հունիս 17,2017 16:31

Ինչքան էլ հայերս դժգոհենք խորհրդային կարգերից, փաստ է, որ խորհրդային կարգերի օրոք նշանակալի ու երևելի նվաճումներ ենք ունեցել՝ հատկապես մշակույթի ու գիտության բնագավառներում: Նվաճումներ ենք ունեցել նույնիսկ խորհրդային ամենածանր ու ամենադաժան ստալինյան տարիներին՝ նույն մշակույթի ու գիտության ասպարեզներում, ինչպես նաև ճարտարապետության ու քաղաքաշինության ասպարեզներում. փաստ է, որ նորօրյա մայրաքաղաք Երևանը հենց ստալինյան տարիներին մայրաքաղաքի տեսք սկսեց ստանալ:
Ինչքան էլ չուզենք, պիտի խոստովանենք, որ խորհրդային կարգերից առաջ էլ Թիֆլիսն ու Բաքուն իբրև ձևավորված քաղաքներ ու մայրաքաղաքներ եղել էին ու կային, մինչդեռ Երևանը նախքան խորհրդային կարգերը տիպիկ գավառական քաղաք էր: Այլ հարց է, որ Թիֆլիսն ու Բաքուն ավելի շատ հայ ճարտարապետներն ու շինարարներն էին ձևավորել ու շենացրել, քան վրացիներն ու ադրբեջանցիները:
Եթե մի քիչ ավելի խորանանք, պիտի նաև արձանագրենք, որ դարասկզբի Թիֆլիսն ու Բաքուն, դարասկզբի Թիֆլիսի ու Բաքվի կյանքը հայ գրողներն առավել խորունկ ու համապարփակ են արտացոլել, քան վրացի կամ ադրբեջանցի գրողները. վկան՝ Թումանյանի, Սունդուկյանի ու Շիրվանզադեի ստեղծագործությունները: Նույնը կարող ենք ասել նաև Կոստանդնուպոլսի, Պարոնյանի և պոլսաբնակ մյուս հայ գրողների վերաբերյալ: Բայց վերադառնանք Թիֆլիսին ու Բաքվին: Երբ դարասկզբին Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն անկախացան, Թիֆլիսում ու Բաքվում կապիտալիզմն անմիջապես սկսեց զարգանալ, մինչդեռ Հայաստանի ու Երևանի մասին նույնը չենք կարող ասել:
Այդուհանդերձ, կարող ենք ասել, որ Թիֆլիսում ու Բաքվում կապիտալիզմի ձևավորումն ու զարգացումն էլ էին մեծապես տեղի ունենում հայերի շնորհիվ (Մանթաշյանց, Արամյանց և ուրիշներ): Մինչդեռ Հայաստանի առաջին հանրապետությունում կապիտալիզմը չէր ձևավորվում: Պատճառները տարբեր ու բազմաթիվ են: Պատճառներից մեկն այն է, որ այն ժամանակ էլ ու հիմա էլ հայ ձեռներեցներն ու գործատերերն օտար երկրներում իրենց ավելի լավ են դրսևորել ու դրսևորում, քան Հայաստանում:
Պատճառներից մյուսը. Հայաստանի առաջին Հանրապետությունում կապիտալիզմը չէր կարող լիարժեքորեն ու էականորեն արմատավորվել, քանի որ Հայաստանի առաջին Հանրապետության ղեկին, փաստորեն, սոցիալիստական կուսակցություն էր՝ Դաշնակցությունը:
Եվ վերջապես. այն ժամանակ էլ ու հիմա էլ Հայաստանում կապիտալիզմը չէր կարող ու չի կարող լիարժեք դրսևորվել ու արմատավորվել, քանի որ մեր ժողովուրդը, այնուամենայնիվ, համայնքային մտածողություն ունի, և նորմալ հայը չի կարող իրեն երջանիկ զգալ, եթե իր հարևաններն ու բարեկամներն աղքատության ու կարիքի մեջ են:
Եթե այս ասածս հաշվի ենք առնում, միանգամայն հասկանալի է դառնում, թե ինչու են նախկինում ու հիմա հայերն օտար երկրներում ավելի հաջողակ ու ավելի մեծահարուստ կապիտալիստներ դառնում, քան Հայաստանում: Իհարկե, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ օտար երկրներից շատերում հարկային և այլ օրենքներն ավելի հստակ են գործում, քան այսօրվա Հայաստանում:
Այսինքն՝ հարկ է արձանագրել, որ Հայաստանը չունի շատ թե քիչ զարգացած կապիտալիզմի ավանդույթ, որից այսօր դասեր քաղեր: Եվ քանի որ սեփական ավանդույթ չուներ, ստիպված պիտի ուրիշների փորձից օգտվեր: Կամ՝ սկսեր զրոյից: Երկու դեպքում էլ սխալներն անխուսափելի էին, մանավանդ՝ առաջին դեպքում, որովհետև միշտ չէ, որ ուրիշների փորձը կապկելը դրական արդյունք է տալիս, քանի որ մեր հայաստանյան պայմաններն ու սպեցիֆիկան կարող է չհամապատասխանել ուրիշների փորձին. ավելին՝ շատ դեպքերում կարող է հակասել ուրիշների փորձին: Զրոյից անփորձ սկսելն էլ իր վտանգներն ուներ, որոնց, փաստորեն, ականատես եղանք:
Փաստորեն, մերօրյա հայ կապիտալիստների լավագույն ու համեմատաբար օրինակելի դեմքերը (Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան և ուրիշներ) կայացան և ի հայտ եկան Հայաստանից դուրս: Մինչդեռ Հայաստանում կայացածները ոչ թե կապիտալիստներ դարձան, այլ օլիգարխներ, և չնայած ասացինք, որ Հայաստանում սկսեցին զրոյից, բայց էդ ասածս այնքան էլ ճշգրիտ չի, որովհետև հայաստանյան մերօրյա կապիտալիստները, որոնց օլիգարխներ ենք անվանում, իրենց փորձով առաջնորդվեցին:
Բանն այն է, որ Հայաստանում հիմնականում կապիտալիստներ ու մեծահարուստներ դարձան նրանք, ովքեր Սովետի օրոք ցեխավիկներ էին (Սամվել Ալեքսանյան, Գագիկ Ծառուկյան և ուրիշներ) և Սովետի օրոք արդեն որոշակի սեփականության տեր էին: Փաստորեն, նրանցից շատերը հիմա էլ իրենց «ցեխավիկային» փորձով ու օրենքներով են առաջնորդվում: Թե ժամանակի ընթացքում նրանցից ով իսկական կապիտալիստ կդառնա՝ ժամանակը ցույց կտա:
Իհարկե, չենք մոռանում, որ, նախկին ցեխավիկներից բացի, Հայաստանում մեծահարուստներ դարձան նաև նրանք, ովքեր բարձր ու եկամտաբեր պաշտոններ ձեռք բերեցին: Դրանց թիվն, իհարկե, անհամեմատ շատ է, և եղածներին էլ նորերն են գումարվում:
Եթե ասենք, որ մեր տեղական մեծահարուստների ու օլիգարխների մեջ ժողովրդի կողմից սիրված անձինք չկան, սխալ կլինի: Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ, օրինակ, Գագիկ Ծառուկյանի բարեգործությունը լավ էլ ընդունվում ու գնահատվում է: Եվ դա առաջին հերթին հենց ինքը՝ Ծառուկյանն է ընկալում:
Բայց չմոռանանք, որ առաջին ու ամենամեծ բարեգործը վերստին դրսի կապիտալիստ էր՝ Քըրք Քըրքորյանը: Այլ հարց է, որ Քըրքորյանի նվիրաբերած միլիոնների մեծ մասը ջուրը գցեցինք ու ի պետս չօգտագործեցինք:
Հիմա միանգամայն նոր ժամանակ է սկսվում: Դրսերում կայացած կապիտալիստները (Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան և ուրիշներ) կամաց-կամաց վերադառնում ու տեղափոխվում են Հայաստան և, բնականաբար, իրենց բիզնեսների որոշ մասն էլ են տեղափոխում, և, ըստ ամենայնի, նրանք իրենց ապագան նաև Հայաստանում են տեսնում ու պատկերացնում և իրենց գործունեության շարունակությունը նույնպես Հայաստանում են պատկերացնում և նմանապես Հայաստանում են բարեգործական, մշակութային, կրթական և այլ ծրագրեր իրականացնում, և հույս կա, որ հենց նրանք հայկական կապիտալիզմի հիմնավոր ու առողջ ավանդույթներ կստեղծեն՝ օտարության մեջ ձեռք բերած փորձի լավագույն դետալները Հայաստանում ներդնելով ու տեղայնացնելով, և սա միանգամայն նոր սկիզբ է և շարունակություն ունի, և հայկական կապիտալիզմի մասին ասելիքս էլ սրանով չի ավարտվում և շարունակություն ունի:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

16.06.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930