Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՇԱՓՈՂԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

Հունիս 17,2017 15:00

 

Ամեն ինչ հոսում է, բայց ոչինչ տեղ չի հասնում, ինչպես որ թելին կապած քարն է թռնում շրջապտույտից դուրս ու հեռանում շոշափողի ուղղությամբ. ինչպիսի անկանխատեսելի ուղղություն…
Այդպես էլ անցնում-հեռանում են մեր հերթական ընտրությունները՝ մեզ թողնելով իրար դիմաց և իրար հետ: Հաղթողը ուրախ է, պարտվողը՝ դժգոհ: Այնքան դժգոհ, որ հարկ չի էլ համարում շնորհավորել հաղթողին:
Ասացի՝ շնորհավորել ու զարմանքով հիշեցի, որ մեր երկրի վերջին շրջանի պատմության մեջ չեմ հիշում մի դեպք, որ պարտվողը շնորհավորի հաղթողին: Փոխարենը՝ կասկածի տակ ենք դնում ամեն ինչ և թակում օտար ուժերի դռները:
Պարզվում է, սակայն, որ ամեն բան կրկնվում է, Տեր Աստված, ինչ չի տեսել այս ժողովուրդը, որ թագավորից դժգոհ մեր նախարարները գնում էին Տիզբոն, հետո՝ Հռոմ, հետո՝ Պոլիս, ավելի ուշ արդեն՝ Մոսկվա, իսկ հիմա՝ Եվրախորհուրդ:
Անկեղծ ասած, ես վախենում եմ, որ մենք սեփական թագավոր, սեփական նախագահ չենք կարող հանդուրժել: Այնինչ մեր հարևան թուրքերը հպարտանում են, որ իրենք պետություն ստեղծող ազգ են:
Հիմա ի՞նչ. մենք կի՞րթ ենք, թուրքերը՝ հետամնա՞ց: Թուրքը կարողանում է ստեղծել հզոր պետություն, մենք անընդհատ կասկածում ենք մեր իշխանություններին և անկախ պետությանը: Այնինչ ցանկացած ժողովրդի նվաճման բարձրագույն դրսևորումն իր անկախ պետականությունն է:
Ափսոս, շատ հեշտ սովորեցինք օտար տիրակալ հարգել, որը, որպես կանոն, հեռու է լինում, ու չենք ճանաչում:
Գրում եմ այս տողերը, ու տրտմություն է իջնում վրաս. չէ՞ որ հաղթողն էլ է մերը, պարտվողն էլ: Պարանն էլ է մերը, քարն էլ, որը կապողն ու պտտեցնողը էլի մենք ենք…
և որի թռիչքն այս անգամ, կարծես թե, միանգամայն կանխատեսելի ուղեծրում էր:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

16.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930