Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ, հեռավոր Բարեկամավանը խմելու ջուր չունի

Հունիս 17,2017 12:46

Բարեկամավանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահեռավոր, սահմանամերձ գյուղն է: Այն Նոյեմբերյան քաղաքից գտնվում է 33 կմ հեռավորության վրա: Բարեկամավանը սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի Քյամառլու, Ղայմախլու, Ալբայրամլու գյուղերին: Հնամենի շենը գտնվում է սահմանի եզրին, այդ պատճառով բարեկամավանցիների սեփականաշնորհած հողերի զգալի մասը չի մշակվում, գյուղի արոտավայրերը գտնվում են ադրբեջանական զինուժի նշանառության տակ: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում նշված է, որ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ Բարեկամավանն ունի 484 բնակիչ, սակայն ներկայումս սահմանամերձ գյուղում փաստացի 180 մարդ է ապրում:

Հայաստանի անկախանալուց հետո Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել: 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 350 աշակերտ, այժմ 350 աշակերտական տեղով Բարեկամավանի միջնակարգ դպրոցի շենքում սովորում է 21 աշակերտ: 2016-2017 ուսումնական տարում գյուղի միջնակարգ դպրոցում առաջին դասարան չի եղել, նոր ուսումնական տարում եւս առաջին դասարան չի լինելու: Բարեկամավանից մեծ է արտագաղթը, որի պատճառը ոչ միայն ադրբեջանական գնդակոծություններն են, այլ նաեւ՝ կյանքի ծանր պայմանները:

Բարեկամավանի բնակիչները մեզ բողոքել են, որ իրենք խմելու ջուր չեն ստանում, չնայած անցյալ տարի ԻՖԱԴ-ի ծրագրով Բարեկամավանում գործարկվել է խորքային հորերից սնուցվող խմելու ջրագիծ: Բարեկամավանի բնակիչներից մեկն ասաց, որ ինքը Երեւանից եկել է Բարեկամավան, որպեսզի իր ծեր մորը խնամի, սակայն գյուղում ջուր չկա: Բարեկամավանը 2016թ. սեպտեմբերի 18-ից մաս է կազմում խոշորացված Նոյեմբերյան համայնքի: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ խմելու ջրի խնդիրն առաջացել է այն պատճառով, որ ջրի հաշվիչներ տեղադրված չեն, գյուղացիները շաբաթը մեկ անգամ պոմպերի միջոցով, առավոտից իրիկուն մատակարարված ջուրն օգտագործում են ոչ միայն խմելու, այլ նաեւ՝ տնամերձ հողամասերը ոռոգելու նպատակով, ջուրը չի հերիքում:  Բարեկամավանի շրջակայքում ջրի աղբյուրներ չկան, գյուղից վերեւ մի աղբյուր կա, որը միացված է գործող ջրագծին: Բարեկամավանցիները մտահոգություն էին հայտնել, որ Բարեկամավանի տարածքում գտնվող աղբյուրներից մեկի մոտ խորքային հոր է փորվելու, որը կարող է հանգեցնել այդ աղբյուրի ցամաքելուն:

Ջ. Միքայելյանն ասաց, որ խորհրդային ժամանակ այդ աղբյուրի ջուրը մատակարարվել է գյուղի հասարակական բաղնիքին, այն հերիքել է, նման մտահոգության պատճառ չկա, այդ աղբյուրի կողքին հոր են փորելու, սակայն աղբյուրը չի ցամաքի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930