Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջրահեռացման ցանցերը պետք է միշտ մաքուր պահել, հակառակ դեպքում միշտ կարող են նման դեպքեր լինել (տեսանյութ)

Հունիս 17,2017 13:21

 

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու «Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:

Հունիսի 12-ին առավոտյան Երեւանի քաղաքապետ ընտրված Տարոն Մարգարյանը երդվեց պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը, նպաստել քաղաքացիների նյութական եւ հոգեւոր վերելքին:
Ժամեր անց` երեկոյան, բնությունը կարծես թե ստուգեց Տարոն Մարգարյանի նախկին 5 տարիների կառավարաման արդյունքները: Հորդառատ անձրեւը մայրաքաղաքի որոշ հատվածներ հեղեղեց: Մեքենաները ջրասույզ էին լինում, մարդիկ քայլում էին ջրերի միջով:

Լուսինե Բուդաղյան.- Պարոն Խաժակյան, միջադեպի հաջորդ օրը սոցցանցերում, լրատվամիջոցներում քննադատության սլաքներն ուղղվեցին դեպի Երեւանի քաղաքապետարան: Վերջինս էլ խորհրդակցության ժամանակ գրեթե բացառեց մեղքի իր բաժինը` հայտարարելով, որ տեղումներն են նորմայից շատ եղել, անձրեւատար համակարգերն են տերեւներով եւ կարկուտով ծածկվել, եւ որ այդ ամենի պատասխանատուն «Վեոլա ջուր» ընկերությունն է: Բնակիչն ումի՞ց պետք է պահանջի այս խնդիրների լուծումը:
Դավիթ Խաժակյան.-Փաստացի ջրատարների տնտեսությունը հանձնված է «Վեոլա ջուր» ընկերությանը, եւ ջրատարների բնականոն գործունեության համար պատասխանատու են նրանք, սակայն ոլորտն ըստ էության գտնվում է քաղաքապետարանի վերահսկողության ներքո, եւ այն կանոնակարգումները, որոնք կան եւ գործում են ջրատարների մաքրման, բնականոն աշխատանքի ապահովման համար, այդ ամենը կարգավորում են քաղաքային իշխանությունները: Փաստացի մենք ունենք մի իրավիճակ, որ տարիներ շարունակ ջրատարների հետ կապված՝ ունենում ենք խնդիր, եւ ոչ միայն լուրջ տեղումների ժամանակ, այլեւ թեթեւ տեղումների ժամանակ եւս մայրաքաղաքի կենտրոնում բազմաթիվ փողոցներ, անցումներ ջրահեղձ են լինում: Ես հիշում եմ, որ դեռեւս 2013 թվականին Մաշտոցի պողոտայի փակ շուկայի դիմաց եղող գետնանցումում մի դեպք արձանագրեցի, երբ անձրեւից հետո ջուրը բարձրացել էր վերեւ, եւ, փաստորեն, այնտեղ եղած ջրատար համակարգերը ձեւական բնույթ էին կրում, որովհետեւ դրանք չէին գործում: Եվ ինչպես էր այդտեղ աշխատող անձնակազմը` վաճառականները, աշխատեցնում պոմպեր, որոնք փաստորեն ջուրը հանում էին փողոցի վերեւի հատվածում, եւ փողոցն էլ, թեպետ, մի նորմալ ջրատար համակարգ չուներ:
Ես կարծում եմ, որ մասնավոր ընկերությանը հանձնել ջրատարների վիճակին հետեւելու գործառույթը՝ խնդրահարույց էր, քանի որ այս ոլորտը, ըստ էության, քաղաքապետարանի կոմունալ ծառայություններից մեկը պետք է լիներ, եւ եթե նույնիսկ «Վեոլա ջուրը» այն գործառույթը, որն իրականացնում էր ջրամատակարարման հարցում, շատ մոտ էր ջրահեռացման համակարգերին հետեւելուն, ապա պետք է քաղաքապետարանի կողմից դրվեին համապատասխան կարգավորումներ եւ այժմ էլ առաջին հերթին «Վեոլա ջրին» ուղղված պահանջը հղեին ոչ թե քաղաքացիները, այլ քաղաքապետարանը: Եվ ես, կարծում եմ, որպեսզի նման դեպքեր այլեւս չկրկնվեն, եւ այսպես ասած` ոգեշնչենք «Վեոլա ջրին» նորմալ հետեւելու ջրատարներին, այն մեքենաների վարորդները, որոնց մեքենաները տուժել են այդ հորդառատ անձրեւի հետեւանքով ջրից, եւ մեքենան վնասվել է, պետք է դատի տան ընկերությանը եւ համապատասխան մարմիններին` իրենց մեքենաների համար փոխհատուցում պահանջելով: Եվ նրանք կհասկանան, որ ավելի լավ է այսուհետ նորմալ հետեւել ջրատարներին, քան ընկնել փոխհատուցման հետեւից:

Լ. Բ.- Պարոն Մինասյան, որպես մասնագետ՝ ասացեք, խնդրեմ, արդյո՞ք այդ ջրատարները անցկացնելիս հաշվի չի առնվում նորմայից շատ տեղումների հանգամանքը, որն ամեն նման դեպքից հետո վկայակոչում են մայրաքաղաքի համար պատասխանատուները: Կամ գուցե թողունակությունը հաշվի առնված է, բայց դրանք պատշաճ, ժամանակին չեն մաքրվում, ինչի հետեւանքով էլ խցանումներ են առաջանում ու անանցանելի դառնում:
Մկրտիչ Մինասյան.- Յուրաքանչյուն նման ցանց` լինի ջրատար, թե մեկ այլ, իհարկե, նախ այն նախագծվում է գործող նորմերով, օրենքներով, քաղաքաշինական նորմերով, եւ կարծում եմ՝ մինչեւ հիմա Երեւանն այդպիսի լուրջ խնդիրների առաջ չի կանգնել:
Այս միջադեպն էլ ես լուրջ չեմ համարում, որովհետեւ խցանվել է ուղղակի, խցանվել է շատ պարզ պատճառներով` տերեւներ են լցվում: Բայց ես համամիտ եմ, որ պետք է միշտ այդ ջրահեռացման ցանցերը մաքուր վիճակում պահել` հակառակ դեպքում նախագծային բոլոր այդ հարցերը լուծված լինելու դեպքում էլ, եթե ցանցերը խցանված են, միշտ կարող են նման դեպքեր լինել: Ուղղակի այդ կազմակերպությունը, որը ստանձնել է, նրա նկատմամբ պետք է ավելի խիստ հսկողություն սահմանել: Ոչ թե երկու ամիսը մեկ անգամ մաքրի, այլ ամիսը մեկ անգամ: Միգուցե: Այսինքն` դրանից հետեւություններ պետք է անենք: Ինչ վերաբերում է Դավիթի ասածին` մենք ինչու ենք մասնավոր կազմակերպությանը վստահել այդ ծառայությունը, նշեմ, որ Խորհրդային Միությունից հետո ընդհանուր ուղղվածությունն այդպես է, որ յուրաքանչյուր մասնավոր կազմակերպություն ավելի մեծ հնարավորություններ ունի դա ստանձնելու, նրանից շահույթ վերցնելու, բայց միշտ գտնվելու քաղաքային իշխանությունների կամ այն կազմակերպության կողմից, որը նրան վարձել է որպես այդպիսին: Իհարկե, միշտ էլ պետք է այդ հսկողությունը լինի, որպեսզի նրանք աշխատանքները կազմակերպեն այնպես, որպեսզի առաջին հերթին բխի մեր քաղաքացիների շահերից:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

16.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930