Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բադալյան. «Գորգից դուրս իմ տեղը գորգի կողքին է» (Ֆոտոշարք)

Հունիս 17,2017 11:32

Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում կառուցվածքային եւ աշխատանքների կազմակերպման էական փոփոխություններ են կատարվել մինչեւ նոր նախագահ կլինի: Նշանակվել են երկու փոխնախագահներ, որոնք համակարգելու են ազատ ու հունահռոմեական ոճերը:

Հունահռոմեական ոճի պատասխանատու նշանակվել է Արսեն Բադալյանը: Aravot.am-ը զրուցել է նրա հետ:

-Պարոն Բադալյան: Օրերս Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նիստում նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը ձեզ ներկայացրեց որպես փոխնախագահ, որը համակարգելու է հունահռոմեական ոճը: Ըմբշամարտի աշխարհը ձեզ, անշուշտ, ճանաչում է, բայց հայ մարզասերը՝ ոչ: Ձեր մասին կպատմե՞ք:

– Հայաստանցի եմ, բայց մանուկ հասակից ապրել ենք Մոսկվայում: Այնտեղ 11 տարեկանից զբաղվել եմ ըմբշամարտով, հասել միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: Ուսի հետ կապված խնդիրների պատճառով մտածում էի ավարտել մարզական կարիերաս, առավել եւս, որ, կարելի է ասել, երիտասարդ տարիքից նաեւ բիզնեսում եմ եղել ու բավականին հաջող: Բայց այն ժամանակ Բենուր Փաշայանից առաջարկ ստացա գալ Հայաստան եւ մարզվել հավաքականի կազմում: Հեշտ չէր, բայց որոշումը կայացրի եւ եկա: Մարզվեցի Նորայր Մուշեղյանի դպրոցում Գագիկ Խաչատրյանի եւ Էդիկ Սահակյանի ղեկավարությամբ: Ու չեմ զղջում, որովհետեւ այստեղ ունեի լավ ընկերներ, նոր ընկերներ ձեռք բերեցի թե հավաքականում, թե ըմբշամարտի աշխարհում, թե կյանքում: 2000 թվականին հասկացա, որ իմ տեղն արդեն ավելի շատ մրցագորգի կողքն է:

-Փաստորեն, հեռացաք ակտիվ սպորտից, բայց մնացիք ըմբշամարտում:

-Կասեի, մասնավորապես, հայկական ըմբշամարտում: 2002-ին ընտրվեցի Երեւանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ: Նախագահը մինչեւ հիմա էլ Սամվել Գեւորգյանն է: Աշխատեցի երեք տարի՝ ուժերիս ներածի չափով աջակցելով թե մայրաքաղաքի ըմբիշներին, թե երկու ոճերի ազգային հավաքականներին: Այդ տարիներին քաղաքային ֆեդերացիայի անունից երկու ոճերի հավաքականներին ապահովում էինք ամբողջական համազգեստով, որը ինչպես հետո պարզվեց, որակով լավագույններից մեկն էր աշխարհում: 2002/2004 թվականներին Սամվել Գեւորգյանի հետ եղել ենք Լեւոն Ջուլֆալակյանի միջազգային մրցաշարի կազմակերպիչներից: Անվանի ըմբիշ ընկերներով հիմնեցինք մեր լեգենդար Արսեն Կոտիկյանի անվան հիմնադրամ: 14 տարի Երեւանի ըմբշամարտի բոլոր մարզադպրոցներից ընտում էինք երկուական հեռանկարային պատանի ըմբիշների, որոնք անապահով ընտանիքներից էին եւ ամեն ամիս գումարային աջակցություն ցույց տալիս: Իսկ եռամսյակը մեկ պարգեւատրում էինք լավագույն մարզչին: Ցավոք, ինչ-ինչ պատճառներով չկարողացանք այդ հիմնադրամը օրինական ձեւակերպել: Ավելի ուշ նույն ըմբիշ ընկերներով ցանկացանք ստեղծել «Վետերան ըմբիշների միություն»: Բայց ստացվեց այնպես, որ ստեղծվեց «Հայաստանի սպորտի վետերանների միություն», որի նախագահն եմ հիմա էլ:

-Միայն ըմբիշների՞ն եք օգնել եւ օգնում:

-Մենք այդ ամենը չենք անում գովազդի համար: Դա մենք հոգու պարտք ենք համարում: Պայման ենք դրել, որ ինչ անում ենք, չպիտի հասարակայնացնենք: Բայց քանի որ հարցնում եք, ասեմ: Վիրավոր զինվորի ենք օգնել: Գերմանիայում բուժվելու կարիք ուներ, որի գումարը չկար: Կարճ ժամանակում մեծ գումար հավաքեցինք: Նախկին վարչապետը կառավարության որոշումով պակասը լրացրեց: Այդ զինվորը Գերմանիայում վիրահատվեց եւ հիմա նրա առողջական վիճակը բավականին լավացել է: Այս մասին էլի չէի պատմի, եթե զինվորի մայրը եկած չլիներ ֆեդերացիա՝ հետաքրքրվելու՝ ովքեր ենք եւ շնորհակալություն հայտնելու:

– Այսօր համաշխարհային սպորտում, մասնավորապես, ըմբշամարտում, շատ կարեւոր են անձնական, ընկերական, գործնական միջազգային կապերը:

-Հարցը հասկացա: Փառք Աստծո, կապեր կան թե ըմբշամարտի, թե մյուս մարզաձեւերի, թե քաղաքական ու տնտեսական ոլորտների ազդեցիկ ու հեղինակավոր անձանց հետ: Պատրաստ եմ դրանք ծառայեցնել հայկական ըմբշամարտին երկու ոճերում էլ: Բայց ոչ այն նպատակով, որ մեր մարզիկներին օգնեն, այլ չխանգարեն, լինեն արդար ու անկողմնակալ: Պետք չէ, որ մեր ըմբիշներին հաղթանակներ նվիրեն: Նրանք մեդալներ թող նվաճեն արդար պայքարում: Պետք է հասնել նաեւ այն բանին, որ Հայաստանի ներկայացուցիչներ ունենանք UWW-ում ու եվրոպական կառույցում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930