Aravot.am-ը օրերս գրել էր, որ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը մի քանի ամիս աշխատելուց հետո վերադարձել է Բելգիա, որտեղից հրավիրվել էր: Մեր ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները մինչեւ օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնության ավարտը ներառյալ դրվել են Հապետնակ Կուրղինյանի վրա:
Պատճառների մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում: Իսկություն իմանալու նպատակով զրուցեցինք ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանի հետ: «Մասնագետի գնալու պատճառը զուտ ընտանեկան է եւ նա դա նշել է իր դիմումում: Այլ բան չկա: Հավաքականում Արմեն Մկրտչյանի կատարած աշխատանքներից գոհ ենք: Վկա Եվրոպայի առաջնությունում եւ միջազգային մյուս մրցումներում նրա ըմբիշների արդյունքները: Մարզչի ետեւում հավաքականի դռները բաց են եւ եթե անձնական խնդիրները լուծվեն, նա կարող է վերադառնալ», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Հ. Գ. Ատլանտայի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանը կարող է վերադառնալ: Բայց վերջնական որոշում կայացնելու համար նա շատ երկար ժամանակ, հավանաբար, չի ունենա, քանի որ մեծ սպորտը նաեւ իր չգրված օրենքներն ունի: Ընթացքի մեջ է 2020 թվականի օլիմպիական խաղերի նախապատրաստության շրջափուլը, որի մեկ տարին արդեն լրանում է: Եվ ցանկացած երկրում այդ տարիների համար ազգային հավաքականների ռազմավարությունը մշակվում ու իրագործվում է վերջնականապես ընտրված գլխավոր մարզչի ու նրա թիմի ներկայացրած ծրագրերի համապատասխան: Այս առումով, Արմեն Մկրտչյանը, թերեւս, կողմնորոշվելու ժամանակ ունենա մինչեւ 2018 թվականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ