Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձեք կառուցողական դաշտ

Հունիս 17,2017 10:57

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու ելույթում ես, ճիշտն ասած, ո’չ առանձնապես սուր քննադատություն տեսա, ո’չ արտառոց ձեւակերպումներ, ո’չ էլ, առավել եւս, Հայաստանի ինքնիշխանության հանդեպ նկրտումներ: Այսինչ հարցում լավ է, այնինչ հարցում՝ վատ, այստեղ առաջընթաց կա, այնտեղ` չկա: Նման ելույթներ առաջներում նույնպես ունեցել են թե’ Սվիտալսկին, թե’ արեւմտյան այլ դիվանագետներ:

Չեմ կարծում, որ նա դուրս է եկել իր դիվանագիտական գործառույթներից: Բայց եթե նման բան կա` ապա մենք ունենք ԱԳՆ, որը պետք է խստորեն հետեւի դեսպանների վարքագծին եւ սխալ թույլ տված դիվանագետին կանչի նախարարություն ու մատնանշի այդ սխալը: Եթե նման բան չկա, ապա «ներքին գործերին խառնվելու» մասին հայտարարություններին թույլ տվեք չհավատալ:

Վերցնենք այսպիսի մի դեպք: Ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանը հայհոյանքներով եւ սպառնալիքներով հարձակվեց «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի վրա, իսկ ոստիկանությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել՝ հայտարարելով, որ այստեղ հանցակազմ չկա: Ենթադրենք, որեւէ դիվանագետ ինչ-որ մի սեմինարի ժամանակ արձանագրում է այդ փաստը: Արդյո՞ք դա կհամարվի ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության հանդեպ: Կարծում եմ` ոչ: Դա պարզապես ազդանշան է՝ ուղղված ընտրական հանձնաժողովին եւ ոստիկանությանը: Կուզեն՝ ուշադրություն կդարձնեն, չեն ուզի՝ իրենց կպահեն «սուվերեն»՝ օրենքից եւ բարոյականությունից:

Քաղաքական գործիչները, պաշտոնյաները, ինձ թվում է, հակառակը՝ պետք է շարունակեն աշխատել, մասնավորապես, Եվրամիության հետ՝ դա, բացի օգուտից, ոչ մի այլ հետեւանքի չի բերի: Օրինակ, ընտրական տեղամասերում լուրջ խախտումների էական նվազումն այս օգուտներից մեկն է: Ի՞նչ պետք է անել նվազեցնելու համար վարչական ճնշումն ու ընտրակաշառքը՝ դա զուտ քաղաքական խնդիր է: Սվիտալսկին ճի՞շտ է վարվել, որ մատնանշել է այդ խնդիրը: Վստահ եմ, որ՝ այո, եւ այստեղ ոչ մի նեղվելու բան չկա:

Այնպես որ` կառաջարկեի իշխանության ներկայացուցիչներին չշարունակել «աբիժնիկական» հայտարարությունները, եւ, ինչպես ասում, են խոսակցությունը տեղափոխել կառուցողական դաշտ: Ո՞րն է այդ դաշտը: Իհարկե, երկխոսությունը՝ ոչ այնքան դեսպանների, որքան սեփական հասարակության հետ:

Իսկ դեսպանները… Նրանք արտահայտում են իրենց երկրների, իրենց կառույցների արժեքային համակարգը: Իվան Վոլինկինը, օրինակ, ժամանակին խորհորդ էր տալիս սահմանափակել հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Քաղաքակիրթ երկրները հա խոսում են Մարդու իրավունքների պաշտպանության մասին, որն իհարկե լավ է, բայց մենք մեզ համար Մարդու իրավունքի պաշտպանության մասին օրենքի հետ միասին պետք է գրենք Քաղաքացու իրավունքների պաշտպանության մասին օրենքը, Ընտանիքի իրավունքների պաշտպանության մասին օրենքը, Տեղաբնիկների իրավունքների պաշտպանության մասին օրենքը, Ազգային պետության, տիտղոսային ազգի իրավունքների պաշտպանության մասին օրենքը: Մենք այսօրվա քոչվորների շատ փափուկ ու արդյունավետ, բայց տեղաբնիկների հանդեպ շատ անմարդկային քաղաքականությանը պարտավոր ենք հակահարված տալ տեղաբնիկների շատ փափուկ ու արդյունավետ քաղաքականության ընդարձակմամբ՝ ապագայի ու տարածության մեջ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930