Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն գումար է ստացել «Քաղաքացի դիտորդը» ԵՄ-ից,  և ինչո՞ւ են քաղաքացիներն ահազանգում, որ չեն ստացել խոստացված գումարները. «168 Ժամ»

Հունիս 17,2017 10:41

Մայիս 15-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ն հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ըստ որի նախաձեռնությանը մասնակցող 3-րդ կազմակերպությունը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, Երևան քաղաքի 2017 թ.-ի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդություն է իրականացրել առանձին՝ կամայականորեն օգտագործելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը և խորհրդանիշերը, ինչով հանրությանը ապատեղեկացրել ու ապակողմնորոշել է։ Հայտարարությունում նշվում է, որ դա տեղի է ունեցել առանց գործընկերների համաձայնությունը ստանալու, չնայած որ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն պատշաճ զգուշացված է եղել նման գործելաոճի անընդունելի լինելու մասին։

Նման հայտարարությունը, հատկապես, ուշագրավ է այն առումով, որ ըստ դրամաշնորհի՝ «Իրավունքի Եվրոպա միավորումը» նախապես համաձայնեցրել է տնտեսված միջոցները նախաձեռնության անունից Երևանի ավագանու ընտրություններում օգտագործելու հանգամանքը, մինչդեռ գործընկեր կազմակերպությունները, ինչ-ինչ պատճառներով, հրաժարվել են ներգրավվել այդ ընտրություններն՝ չտալով իրենց համաձայնությունը, որ «ԻԵՄ»-ը դա անի նախաձեռնության անվան տակ»:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշել է, որ ԱԺ ընտրություններում իրենց դիտորդական գործունեությունը չի ունեցել իր հիմքում ֆինանսական ոչ մի բաղադրիչ:  «Քաղաքացի դիտորդը» 3 կազմակերպությունների համատեղ նախաձեռնություն էր: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն այդ երեքից մեկն է, որը ոչ մի ֆինանսական շարժի հետ կապ չի ունեցել: «Ասպարեզ» ակումբի մի շարք կամավորներ ներգրավված եղել են այդ նախաձեռնության մեջ: Հոնորարի տրամադրման, դիտորդական գործունեությունը խրախուսելու պայմանավորվածություններ ունեցել են մյուս երկու՝ ԹԻՀԿ  և ԻԵՄ կազմակերպությունները: «Ասպարեզ» ակումբը որևէ դրամաշնորհային ծրագիր, սեփական միջոցներ, որևէ ֆինանսական շարժի մեջ ներգրավված չի եղել»,-նշել է Բարսեղյանը:

Անդրադառնալով ԵՄ-ի հայաստանյան գրասենյակից ստացված դրամաշնորհին՝ ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը նշել է, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը հատկացրել է ոչ թե 462 479 այլ 370 000 եվրո. «Իրականում 370 000 եվրո է եղել գրանտային ծրագիրը: Մեր պայմանագրում հենց այդքան է նշված: Ամբողջ գումարը ստացել է ԻԵՄ կազմակերպությունը, որը ծախսվել է թրեյնինգների կազմակերպական, անձնակազմի և այլ գործողությունների վրա, մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ԻԵՄ-ից: Մեկ դիտորդի համար նախատեսված է եղել 15 000 դրամ, և պլանավորված է եղել 3000 դիտորդի համար: Այս պահին որքանն է ծախսվել, կդժվարանամ ասել»,-ասել է  Գրիգորյանը:

«Փաստորեն միևնույն դրամաշնորհի վերաբերյալ ԵՄ հայաստանյան պատվիրակության և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի  ներկայացրած թվերի տարբերությունը կազմում է մոտ 92 հազար եվրո: Ընդ որում, ինչպես նշված է ԹԻՀԿ-ի պատասխանում՝ գումարը նախատեսված է եղել մոտ 3000 դիտորդի 15 հազարական դրամ վճարելու համար: Ստացվում է, որ այդքան մարդու վճարելու համար անհրաժեշտ է եղել մոտավորապես 85 հազար եվրո: Հետևաբար` մնացած 275 հազար եվրոն ենթադրաբար ծախսվել է «թրեյնինգների կազմակերպական և այլ գործողությունների վրա»: Հարկ է նշել, որ  ԵՄ-ի հայաստանյան պատվիրակությունից ստացված պարզաբանման մեջ նշված է, որ ծրագիրն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելուց բացի ունեցել է նաև այլ բաղադրիչներ, որոնց մասին հնարավոր չեղավ լրացուցիչ մանրամասնություններ ճշտել:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930