Մայիսի կեսերին ուրախալի լուր տարածեց գերմանական «Լիդլ» դիսքաունթերը (անգլերեն discount – զեղչ բառից- Ան. Հ.), որ 2017- ի տվյալներով, մոլորակի 27 երկրում իրեն պատկանող 11 250 նույնանուն խանութների ցանցով աշխարհում ամենամեծ դիսքաունթեր կոնցեռն է. սեպտեմբեր- հոկտեմբերին «Լիդլը» իր ճամփորդական առաջարկների փաթեթում ընդգրկել է Հայաստանն ու Իրանը: Գովազդային պաստառում մեր հարեւան երկրի անունը, ենթադրաբար որպես մշակութային ծանրակշիռ ժառանգության կրողի, նշված է` Պարսկաստան: Դրացի երկու երկիր 13-օրյա ուղեւորությունը, որից 11-ը գիշերակացով` միջին դասի հյուրանոցում, օդանավային թռիչքը, այնուհետ ավտոբուսով ճամփորդությունը այդ երկրների տեսարժան վայրերով, յուրաքանչյուր անձի համար 1899 եվրո է կազմում, եթե ընտրված է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 7 ժամանակահատվածը, իսկ ուղեւորությունը հոկտեմբերի 14-ին նախընտրելու պարագայում` փաթեթն արժե 1999 եվրո:
Գերմանիայից Երեւան թռիչքն իրականացվելու է հայտնի ավիափոխադրողի միջոցով, Գերմանիա վերադարձը Թեհրանից է լինելու: Որպես առավելություն նշված է Տաթեւի` աշխարհի ամենաերկար ճոպանուղով երթեւեկը, ճաշն ու ընթրիքը` հայկական ընտանիքներից մեկում:
Ի դեպ տարեցտարի ավելի հաճախ ենք հանդիպում գերմանացիների, որ իրենց արձակուրդը գոնե մի անգամ նախընտրել են անցկացնել Հայաստանում: Հիացած պատմում են մեր երկրից ստացած անջնջելի տպավորությունների, իրենց տեսած բնության անձեռակերտ հրաշքների, ճարտարապետական բացառիկ կոթողների, քրիստոնեության հիմքերի, մարդկանց ջերմ ընդունելության, հյուրասիրության, համեղ խոհանոցի մասին: Զարմացած են, որ մի օրվա մեջ կարող են զգալ տարվա 4 եղանակների ներկայությունը, եթե չափեն հյուսիս-հարավն ու արեւմուտք-արեւելքը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում