Հունիսի 15-16-ը Տավուշի մարզի Կողբ գյուղի անտառում, ՀՀ բնապահպանության նախարարության «Զիկատար» ուսումնական կենտրոնում կայացավ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «Հողերի եւ անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արեւելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում քննարկում-աշխատաժողով: Դրան մասնակցում էին ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների պաշտոնյաներ, ծրագրի փորձագետներ,Նոյեմբերյանի եւ Իջեւանի անտառտնտեսությունների աշխատակիցներ, Նոյեմբերյանի եւ Իջեւանի տարածաշրջանների համայնքների ներկայացուցիչներ,բնապահպանական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ:
Երկօրյա աշխատաժողովում ներկայացվեցին Իջեւանի եւ Նոյեմբերյանի անտառտնտեսությունների կառավարման պլանների վերանայման նոր մոտեցումները եւ տարբեր հողօգտագործողների միջեւ սահմանների ճշտման անհրաժեշտությունը, անտառների գույքագրման, գնահատման տվյալները եւ այլն:
«Զիկատար» ուսումնական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը հայտնեց, որ նախատեսվում է Նոյեմբերյանի անտառտնտեսության տարածքում, նշանավոր Մշկավանք վանքի մոտ, 338 հեկտար տարածքում ստեղծել «Մշկավանք» դպրոցական անտառպետություն, ուր Կողբ գյուղի դպրոցների բարձր դասարանցիները անտառի նկատմամբ խնամք դրսեւորելով՝ կստանան էկոլոգիական դաստիարակություն: Այցելություն եղավ «Զիկատար» ուսումնական կենտրոնի տարածքում գտնվող արհեստական փոքր լիճ: Քննարկման 2-րդ օրը ժողովին մասնակցում էր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ով անկաշկանդ էր, նա հեծանիվ քշեց:
Նախարարը հանգամանալից պատասխանեց աշխատաժողովի մասնակիցների , այդ թվում Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի սուր հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի բազմամետաղ հանքերի օգտագործմանը: Նախարարն ասաց, որ ընդերքը արդյունավետ օգտագործելու համար պետք է համակարգային ճիշտ լուծումներ գտնել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ