Հունիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել hայկական կուսակցությունների երրորդ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված դաշինքների և վերջիններիս մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խոշոր արտախորհրդարանական քաղաքական ուժերը և Արցախի Հանրապետության խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը:
Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Բացելով համաժողովը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հայկական կուսակցությունների հերթական համաժողովի անցկացումը փաստում է, որ հաջողվել պարբերաբար Արցախում քաղաքական ուժերի հանդիպում հրավիրելու հինգ տարի առաջ հայտարարված նպատակը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որում, մասնավորապես ասված է. «Անհրաժեշտ է մեր քաղաքական մշակույթի մեջ խարսխվել հետևյալ սկզբունքով. քաղաքական դաշտում տիրող բազմակարծությունը բնավ խոչընդոտ չէ մեր առջև ծառացող բարդ խնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու և լուծումներ գտնելու համար: Կարևորում եմ այն հանգամանքը, որ այս անգամ որպես միջոցառման համակազմակերպիչ հանդես է գալիս նաև ԱՀ Ազգային ժողովը: Վստահ եմ, որ այս ձևաչափը կարող է կարևոր դեր կատարել հայկական քաղաքական մշակույթի զարգացման գործում»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել է նման քաղաքական համաժողովների դերը երկու հայկական պետությունների քաղաքական շրջանակների միջև:
«Քաղաքական նման համաժողովները լավ հարթակ են հայոց պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համաշխարհային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու և դրանց մասին ավելի խոր պատկերացում կազմելու տեսանկյունից»,-նշել է Բակո Սահակյանը:
Ֆորումի մասնակիցներին արգասաբեր աշխատանք է մաղթել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Միջկուսակցական կառուցողական համագործակցությունն ավելի է մեծացնում այն ներուժը և հնարավորությունները, որ ունեն Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերն առանձին-առանձին: Միայն համատեղ ջանքերի միջոցով կարելի է առկա մարտահրավերները վերածել նոր հնարավորությունների` անվտանգություն ու զարգացում ապահովելու Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար»,-կարևորել է Արա Բաբլոյանը:
Այնուհետև մասնակիցներին օրհնանքի խոսք է հղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Համաժողովի աշխատանքներին ՀՀ-ից մասնակցում են 14 կուսակցության, իսկ Արցախից՝ 6 կուսակցության ներկայացուցիչներ:
Միջկուսակցական համաժողովի կազմակերպիչներն են Արցախի Հանրապետության Ազգային ժողովը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Համաժողովը կշարունակվի հունիսի 17-ին և կեզրափակվի հունիսի 18-ին:
Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն