«Մենք, ըստ էության, ներկայիս իրավիճակին դեմ ենք եւ եթե ներկայիս բովանդակությունը արմատական փոփոխություններ իր մեջ չարձանագրի, իրատեսական բովանդակություն չներկայացվի`ըստ ոլորտների եւ ընդհանուր իրավիճակի, բնականաբար, մեր դիրքորոշումը լինելու է դեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն`անդրադառնալով կառավարության ծրագրին:
Այն խորհրդարանի դատին կներկայացվի արդեն եկող շաբաթ: Օրենքով սահմանված ժամկետներն են լրանում: Ենթադրվում է, որ կառավարության ծրագիրը խորհրդարանում կքննարկվի ամսի 21-ին նախատեսված արտահերթ նիստում:
Կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակը դեռ խորհրդարանում չէ: Համենայնդեպս, ոչ հանձնաժողովներին, ոչ կոալիցիայում չներկայացված խմբակցություններին այն դեռ չի ներկայացվել:
Ենթադրվում է, որ հին-նոր կառավարության նոր ծրագիրն էականորեն չի տարբերվի նախորդ ծրագրից, որն օրենսդիրների հավանությանն արժանացավ 8-9 ամիս առաջ: Aravot.am-ի այս դիտարկմանը Վահե Էնֆիաջյանն արձագանքում է. «Փաստաթուղթ, որը գոյություն չունի շրջանառության մեջ, բովանդակային քննարկման չի կարող ենթարկվել»:
Նախընտրական շրջանում «Ծառուկյան» դաշինքը հրապարակեց Հայաստանի տնտեսությունը փրկելու իր տարբերակը` 15 կետերը, եթե դրանք հաշվի առնված լինեն կառավարության ծրագրում, հնարավո՞ր է դաշինքը «կողմ» լինի ծրագրին`մեր հարցին, խմբակցության քարտուղարն ասաց, որ իրենք դեռ համոզված են`իրենց ծրագրային մոտեցումներն անհրաժեշտություն են Հայաստանը ոտքի հանելու համար եւ օր առաջ պիտի կյանքի կոչվեն: «Բայց միայն ծրագրային դրույթները թղթի վրա ներկայացնելու հարցը չէ: Պետք է նաեւ քաղաքական կամք լինի`այդ խնդիրներին լուծում տալու համար»,- ասաց նա:
Ունի՞ այս կառավարությունն ու ՀՀԿ-ական իշխանությունը այդ կամքը`մեր հարցն այդպես էլ հստակ պատասխան չստացավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ