ՀՀ կառավարության որոշմամբ մեր երկրում իրականացվում է երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատությունների բեռնաթափման ծրագիր: Լոռին առաջին մարզն է, որտեղ իրականացվում է պիլոտային այս ծրագիրը: Այսօր այս փոփոխությունների հետ կապված Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր քննարկում՝ Վանաձորի սոցիալական ծառայության ներկայացուցիչների, պրոբացիոն ծառայության, դպրոցների եւ առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Լոռու մարզում գործում են 2 հատուկ դպրոցներ եւ հոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի մասնաճյուղը: Նոր ուսումնական տարում Լոռին անցում կկատարի համընդհանուր ներառական կրթության:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն ասաց, որ այս ճանապարհին, թեեւ կհանդիպեն բազմաթիվ խոչընդոտների, սակայն վստահ է, որ կկարողանան ծրագիրը կյանքի կոչել: Նրա կարծիքով ներառական կրթության ոլորտում առաջնային խնդիրներից մեկը կապն է ընտանիքի հետ. «Եթե որեւէ մանկավարժ ինձ կհամոզի, որ առանց ընտանիքի հետ կապի, միայն դպրոցում երեխան արդյունք կունենա, ես չեմ հավատում: Ես հասկանում եմ, որ այդ ընտանիքում կարող է անգրագիտություն լինի, կամ ընտանիքում երեխայով չհետաքրքրվեն, բայց ամեն դեպքում պետք է աշխատել ընտանիքի հետ: Այն բարյացակամությունը, որ մենք ցուցաբերել ենք ծնողների նկատմամբ, այլեւս չի լինելու: Եթե սոցիալական դեպք վարողը համապատասխան կառույցների հետ բացահայտեցին, որ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում այդ ընտանիքում, երեխան այդ ընտանիքում չի մնալու՝ թեկուզ ժամանակավոր»:
Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ մանկատները ես վերակազմակերպվելու են եւ ստեղծվելու են ավելի փոքր մանկատներ՝ մարզի տարբեր տարածաշրջաններում. «Մենք կառույց չենք պահելու, մենք տուն ենք վարձելու: Այդ տներում ապրելու են ամենաշատը տասը երեխա, այսինքն` փորձելու ենք երեխաների համար ավելի ընտանեկան միջավայր ստեղծենք»:
Անդրադառնալով խնամքի գիշերային հաստատություններին ,աշխատակազմի ղեկավարը նշեց, որ կառավարության որոշմամբ հանրապետությունում գործող թվով 7 հաստատություններն էլ պետք է վերակազմակերպվեն:
Այս պահին Վանաձորի խնամքի գիշերային հաստատություն են հաճախում 6-18 տարեկան սոցիալապես անապահով ընտանիքիների 100 երեխաներ: Նրանցից միայն 76-ը Վանաձոր համայնքից են: Ըստ Նարեկ Սարգսյանի այստեղ եւս առկա են մի շարք խնդիրներ. «Մոտ 30 երեխայի խնդիր ունենք, մյուսները կվերադառնան իրենց ընտանիքներ: Այդ ընտանիքների համար նախատեսվում է որոշակի սոցիալական աջակցություն: Այստեղ ամբողջ խնդիրը ընտանիքի հետ կապն է: Եւ այդ կապի առաջին արտացոլումը դպրոցում է երեւալու»:
Հանդիպմանը ներկա թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Մարաբյանը հետաքրքրվեց. «Պարոն Սարգսյան, ինչպե՞ս վարվենք, երբ դասարանում ունենք ծանր դեպքեր, երբ երեխան բավականին ագրեսիվ է: Մենք մեր մարզում այդպիսի բավականին շատ երեխաներ ունենք»:
-Ես գիտեմ, եւ դրա համար եմ ասում, որպեսզի այդ բեռը մենակ դպրոցի կամ համայնքի վրա չթողենք, մենք ունենալու ենք մասնագիտացված համայնքային կենտրոններ: Թիմային ենք աշխատելու: Իսկ եթե հնարավոր չի լինի երեխային դպրոցում պահել, տնային ուսուցման կամ այլ ծառայությունների խնդիր կարող է առաջանալ,- հարցին ի պատասխան ասաց Նարեկ Սարգսյանը:
-Տնային ուսուցումը բյուջեին բավականին խփում է,- առարկեց Արմեն Մարաբյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ