Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր անցած տարի նոյեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կես ժամ ընդմիջումից հետո դատական նիստը վերսկսեց: Գործով ամբաստանյալ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի համար դատարան եկած շտապ օգնության աշխատակիցներն արձանագրեցին, որ նա ի վիճակի է նիստին մասնակցել:
Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ իր միջնորդության համար որպես հիմք բերելով այն, որ գործի քննության շահերից ելնելով՝ դատավորն իրավասու չէր արգելել Վահան Շիրխանյանի տեսակցություններն ու հեռախոսազանգերը. «Նման որոշում կայացնելով՝ Դուք դուրս եք եկել օրենքով Ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներից և հանդես եք եկել նախաքննական մարմնի կողմում: Ձեր նշված քայլը վկայում է, որ նախ՝ Դուք այս գործով հանդես եք գալիս ոչ թե՝ որպես անկողմնակալ դատարան, այլ՝ Ձեզ վրա եք վերցրել նախաքննության շահերը սպասարկելու խնդիր: Ընդ որում, դա անելիս՝ դրսևորել եք ավելի մեծ շահագրգռվածություն, քան անգամ քննչական խմբի ղեկավարը, որը գտել էր, որ այդպիսի անհրաժեշտություն չկա: Երկրորդ՝ այդ որոշումը ցույց տվեց, որ Դուք այս գործով Ձեր որոշումները կայացնելիս՝ կաշկանդված եք մեղադրողի կողմից սահմանագծված շրջանակներով և չեք կարող քննադատաբար մոտենալ նրա կողմից առաջադրված հակաօրինական պահանջներին»:
Մեղադրող դատախազն առարկեց միջնորդությունը՝ պնդելով, որ հիշատակված որոշումը հիմնավոր ու պատճառաբանված է, իսկ միջնորդությունը՝ անհիմն: Դատարանը մերժեց Ալումյանի այս միջնորդությունը, ինչպես նաեւ պաշտպաններ Լևոն Բաղդասարյանին և Սիրուշ Աղվանյանին վարույթից հեռացնելու մասին միջնորդությունը։
Պարոն Ալումյանը՝ պաշտպաններին հեռացնելու իր միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ նշված պաշտպանների պաշտպանյալների՝ Անտոն Թոթոնջյանի և Արթուր Վարդանյանի շահերն ու դիրքորոշումները մշտապես հակասել են իրար ու որպես ապացույց մեջբերեց նրանց ցուցմունքներից հատվածներ;
«Անտոն Դիկրան Թոթոնջյանն իր ցուցմունքներից մեկում ասել է՝ Արթուրն ասաց, որ հեղաշրջումը Հայաստանում պատկերացնում է, որ պետք է կատարվի՝ թեկուզ սպանությունների միջոցով. Այս նույն ժամանակ Արթուր Վարդանյանը ցուցմունք է տալիս, որ ինքը երբևիցե բռնի ճանապարհով հեղաշրջում կազմակերպելու ցանկություն, մտադրություն ո՛չ ունեցել է, ո՛չ էլ այդպիսի մտադրություն որևէ մեկի մոտ հայտնել է»,- ցուցմունքներից հատվածներ մեջբերեց Հայկ Ալումյանը ու կրկին հայր Անտոնի ցուցմունքից մի հատված ընթերցեց. «…ցուցմունք է տվել այն մասին, որ որոշել էր գրոհը կատարել ՀՀ Ազգային ժողովի նիստերի ժամանակ, քանի որ ամենաքիչ քանակի թիկնապահները կլինեն Ազգային ժողովի նիստի ընթացքում, սակայն Արթուր Վարդանյանը նշել է, որ այդպիսի բան չի ասել»։
Գործով մեղադրողն առարկեց միջնորդության դեմ, պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ ներկայացրել է Անտոն Դիկրան Թոթոնջյանի շահերն առաջին հարցաքննության ժամանակ, որի ընթացքում նա ժխտել է իրեն մեղսագրվող արարքը, հետո չի մասնակցել և չի ներկայացրել նրա շահերը, երբ առերևույթ ի հայտ է եկել հակասությունը, դադարեցրել են հարաբերությունները։ Սիրուշ Աղվանյանը նշեց, որ անճշտություններ կան ներկայացված տվյալներում։
Արթուր Վարդանյանը եւ Անտոն Թոթոնջյանը առարկեցին Հայկ Ալումյանի միջնորդության դեմ՝ պնդելով, որ իրենց պաշտպաններից բացի այլ պաշտպան չեն ցանկանում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ