Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիս-հարավ. «Սինոհիդրո Քորփորեյշնին» թերությունները շտկելու ժամանակ է տրվել

Հունիս 16,2017 19:55

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 16-ին այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Այստեղ ճանապարհաշինական աշխատանքները կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը:

Նախարարն իր նախորդ այցերի ընթացքում ընկերության աշխատանքում թերացումներ էր արձանագրել և հանձնարարել, որ դրանք շուտափույթ վերացվեն: Այս անգամ Վահան Մարտիրոսյանը նկատեց, որ շինարարական աշխատանքներում բավական առաջընթաց է գրանցվել թե՛ շինարարության ընթացքի և թե՛ ներգրավված տեխնիկայի առումով, սակայն կատարվող աշխատանքի որակը դեռևս գոհացուցիչ չէ:

Տեխնիկական վերահսկողություն իրականացնող ինժեներները նախարարին հայտնեցին, որ արդեն պատրաստ ջրթող խողովակներից երկուսն առանց լաբորատոր վերահսկողության են կառուցվել, հիմա սխալը շտկվում է։ Վերցվել են նմուշները և կատարվելու է լաբորատոր հետազոտություն` ստուգելու համար դրանց որակական համապատասխանությունը պահանջվող չափանիշներին։

Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց խիստ վերահսկողությամբ իրականացնել ստուգումները, և թերություններ արձանագրելու դեպքում ճանապարհաշինական ընկերությանը պարտադրել վերացնել դրանք։

Նախարարը նշեց, որ բետոնապատումից առաջ պետք է հեռացվի և հետագա օգտագործման նպատակով պահեստավորվի ճանապարհի ամբողջ սևահողը:

Բետոնապատման ժամանակակից տեխնիկան շինհրապարակում է։ Գերմանիայից Հայաստան ժամանած ինժեներների առջև խնդիր է դրված այն շահագործել այնպես, որ անհրաժեշտ որակի բետոնե ծածկ ստանան: Նախարարը նշեց, որ ընկերությանն անհրաժեշտ է վերանայել ինժեներ- մասնագետների իր անձնակազմը, նկատելով, որ բետոնե շերտը դեռևս որակյալ չէ, և գերմանացի մասնագետները պետք է մնան այնքան ժամանակ, մինչև կստանան պահանջվող չափորոշիչներին համապատասխանող ճանապարհածածկ:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, ով նույնպես ուղեկցում էր նախարարին, վստահեցրեց, որ անձամբ կհետևի, որ չինական ընկերությունը արդարացնի իր վրա դրված պատասխանատվությունը:

Աշխատանքային խորհրդակցությունը շարունակվեց «Սինոհիդրո» ընկերության գրասենյակում, որտեղ առավել մանրամասն քննարկվեցին շինարարության կազմակերպման բոլոր առանձնահատկությունները:

Կողմերն արտահայտեցին իրենց տեսակետները: Վահան Մարտիրոսյանը ձևակերպեց նախարարության` որպես պատվիրատուի, դիրքորոշումը. 2 շաբաթ ժամանակ է տրվում ընկերությանը, որպեսզի բոլոր թերացումները վերացնի, արագացնի աշխատանքի ընթացքը, ինժեներական որակյալ ռեսուրսներով համալրի անձնակազմը, լիարժեք շահագործման հանձնի որակի վերահսկողության լաբորատորիան: Հակառակ դեպքում՝ պատվիրատուի կողմից ընկերության հանդեպ կկիրառվեն տույժեր ու տուգանքներ։

«Մինչև այս ամսվա ավարտը շահագործման պիտի հանձնվեն փաստաթղթերի պահանջներին համապատասխանող լաբորատորիաներ։ Մինչ այդ պետք է կատարվեն միայն հողային աշխատանքներ, բետոնե ծածկն առանց այդ լաբորատորիաների չի ընդունվելու»։

Նախարարը շեշտեց, որ վերահսկողությունն այս դեպքում ամենօրյա հաշվետվողականությունն է, որպեսզի կատարված յուրաքանչյուր աշխատանք փաստաթղթավորվի, իսկ թերացումներին արագ արձագանք տրվի:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930