Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի16-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած Հայկական քաղաքական կուսակցությունների երրորդ ֆորումի բացման արարողությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով:
«Քաղաքական նման համաժողովները լավ հարթակ են հայոց պետականաշինությանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու եւ դրանց մասին ավելի խոր պատկերացում կազմելու համար»,-իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:
Արցախի Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հայկական քաղաքական դաշտը ներկայացնող կուսակցություններն ու ուժերը հայ ժողովրդի համար ճակատագրական պահերին կարողանում են միավորվել եւ միասնական ուժերով պաշտպանել ժողովրդի ու պետության շահերը՝ նման օրինակները համարելով հայոց պետականության կենսունակության հիմքերից:
«Քաղաքական ուժերը այդպիսի միասնականությամբ են հանդես գալիս հատկապես Արցախի ներկայի եւ ապագայի հետ կապված հարցերում: Այն, որ Արցախի Հանրապետությունը պետք է լինի հզոր, ժողովրդավարական պետություն, որը միշտ ի վիճակի կլինի ապահովել իր անվտանգությունը, համոզված եմ՝ հիմնարար սկզբունք է հայկական բոլոր քաղաքական ուժերի համար», – շեշտել է իր ելույթում Նախագահ Սահակյանը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ