Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։
Աշոտ Մանուկյանը նախագահին տեղեկացրել է տարածաշրջանային համագործակցության ծրագրերի և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների, մասնավորապես` Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ օդային գծերի կառուցման ծրագրերի ընթացքի մասին։
Հանրապետության նախագահը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները, անել ամեն հնարավորը նախատեսված ծրագրերը սահմանված ժամկետում ավարտելու համար՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության և հուսալիության, այնպես էլ տարածաշրջանային ծրագրերում մեր երկրի ներգրավվածության ապահովման գործում։
Այս համատեքստում նախարար Մանուկյանը զեկուցել է բարձրավոլտ էլեկտրական ցանցերի ենթակայանների նորոգման և արդիականացման լայնամասշտաբ ծրագրի իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքները։
Նախարարն անդրադարձել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրին, ներկայացրել կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Կարևորելով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը՝ նախագահը հանձնարարել է այն պահել մշտական հսկողության տակ, պատշաճ ուշադրություն հատկացնել կայանի անվտանգության բարձրացման միջոցառումների որակին։
Աշոտ Մանուկյանը ներկայացրել է նաև էներգետիկ ոլորտի հեռանկարային (մինչև 2036թ. ընկած ժամանակահատվածում) զարգացման լրամշակված հայեցակարգի հիմնադրույթները։
Նախարարը հանրապետության նախագահին զեկուցել է Հայաստանում «կանաչ էներգետիկայի» զարգացման հեռանկարների, մասնավորապես՝ արևից, քամուց, ինչպես նաև կենցաղային կոշտ թափոնների վերամշակումից էլեկտրական էներգիայի ստացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, տարածաշրջանային համագործակցության հեռանկարների մասին։ Անդրադարձ է կատարվել ընդերքի կառավարման արդյունավետության, ընդերքօգտագործման բնապահպանական խնդիրների և ընդերքի համալիր համապարփակ ուսումնասիրման անհրաժեշտության հարցերին։ Դրանց վերաբերյալ տրվել են մի շարք հանձնարարականներ։
Հանրապետության նախագահը հանձնարարել է նաև արագացնել չգազաֆիկացված բնակավայրերի տնտեսությունների կենցաղային կարիքների ապահովման այլընտրանքային տարբերակների գնահատման աշխատանքները՝ առաջնահերթ կերպով անդրադառնալով սահմանամերձ համայնքների խնդիրների արդյունավետ լուծման տարբերակներին:
ՀՀ նախագահի աշխատակազմ