Երեւանի ավագանու այսօրվա նիստին փոխքաղաքապետեր Կամո Արեյանի եւ Վահե Նիկոյանի վերանշանակումից հետո, քննարկման դրվեց Դավիթ Օհանյանի եւ Արամ Սուքիասյանի նշանակման հարցը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանին Դավիթ Օհանյանի թեկնածությանը նույնպես դեմ քվեարկեց` ինչպես արդեն քվեարկել էր Կամո Արեյանի եւ Վահե Նիկոյանի պարագայում:
«Երկիր Ծիրանու» ավագանի Սոնա Աղեկյանն ասաց, որ Դավիթ Օհանյանը երկար տարիներ եղել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարը եւ այնտեղ գործող գյուղատնտեսական շուկաներն այդպես էլ չի կարողացել 21-րդ դարին հարիր պայմաններում կազմակերպել եւ շուկաները գործում են 16-րդ դարի չափանիշներով: Իսկ Արամ Սուքիասյանին էլ մեղադրեցին «մանկապարտեզների աղետալի վիճակի» համար: Պարոն Սուքիասյանից նաեւ պահանջեցին պարզաբանել` ինչու է ընդամենը 2 ամիս ծառայել բանակում:
«Երկու ամիս հետո, Վազգեն Սարգսյանի հրամանով, ես տեղափոխվել եմ այլընտրանքային ծառայության՝ Ստեփանակերտի թատրոն, զբաղվել եմ ռեժիսուրայով»,-պատասխանեց Արամ Սուքիասյանը: Ի պատասխան «Երկիր Ծիրանիից» արձագանքեցին. «Այդ թվերին մեզ երեւի ավելի շատ դերասաններ էին պետք, ոչ թե զինվորներ»։
Ամբողջ նիստի ընթացքում ՀՀԿ ավագանու անդամները դժգոհում էին եւ Տարոն Մարգարյանին կոչ անում հարցուպատասխանը սահմանափակել, ինչին ի պատասխան` «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նման իրավունք չունեն:
«Երկիր Ծիրանին» պարբերաբար չաշխատող սարքերի հարցն էր բարձրացնում, որոնց միջոցով հաշվիչ հանձնաժողովի տվյալները պետք է ամփոփվեին: Երբ հերթական անգամ կրկին քաղաքապետից հարցրին, թե ինչու դրանք չեն աշխատում, դրանց համար գումարներ են ծախսվել, Տարոն Մարգարյանն ասաց, որ քաղաքի կառավարման մասնակցելու եկած «Երկիր Ծիրանիի» համար «սա ամենափոքր խնդիրներից է»:
Երբ կրկին «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանի Մարինա Խաչատրյանը հարցադրումները շարունակեց, Տարոն Մարգարյանն ասաց` «ես կարծում եմ այս աղջկա միկրոֆոնը պետք է անջատել»:
Մարինա Խաչատրյանը պատասխանեց` «Այդ աղջկա միկրոֆոնը ժողովուրդն է տվել»:
Բոլոր փոխքաղաքապետերը վերանշանակվեցին իրենց պաշտոններում։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ