Այսօր «Թվապատում 2017» չորրորդ մեդիա կոնֆերանսն էր՝ մեդիա մենեջմենթի, մեդիայի փոփոխվող դիմագծի ու գործառույթների, մեդիա հարթակների ձեւավորման եւ բրենդավորման արդյունավետ եղանակների մասին: Կոնֆերանսին հրավիրվել էին Գերմանիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից առաջատար մասնագետներ:
Մոսկվայի պետական համալսարանի դասախոս Նատալյա Լոսեւան նշեց, որ կա կանխատեսում, որ 2020-ին 82 տոկոսը նախընտրելու է տեսանյութերի տեսքով լրատվություն ստանալ, բայց հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ դեռ նախընտրում են նյութը կարդալ ու մեդիա դաշտը չի կողմնորոշվում, թե որ ուղղությամբ շարժվի:
Հարվարդի Բիզնես դպրոցի գիտաշխատող, լեհ խմբագիր ու մեդիա մենեջեր Գժեգոժ Պիխոտան հետաքրքիր ելույթ ունեցավ այն մասին, թե «Ո՞վ է աշխարհի ամենա-ամենախմբագիրը»: Նա ներկայացրեց 2 մլրդ օգտագործող ունեցող ֆեյսբուքը, Messenger-ն ու WhatsApp-ը, որոք հսկայական լսարան ունեն: Ինչ վերաբերում է խմբագրին, նա ցուցադրելով Ցուկենբերգի նկարն, ասաց. «Այդ ամենա-ամենա խմբագիրը, ամենահզոր տղեն սա է: Իհարկե, իրենք ասում են՝ մեդիա ընկերություն չենք, տեխնոլոգիական ընկերություն ենք, չեն ընդունում, որ մեդիա են, բայց Ֆեյսբուքը լսարանի ուշադրություն է գրավում, եւ վաճառում գովազդատուներին այդ լսարանը: Մարդիկ օգտվում են ֆեյսբուքից: Չափահասների մեծ մասն իրենց լուրերը ստանում են ֆեյսբուքից: ԱՄՆ-ի 44 տոկոսն է ստանում ինֆորմացիան այդ սոցցանցից: Ֆեյսբուքը ինքն է որոշում՝ ինչն է ուշադրության արժանի»:
Մասնագետը նշեց, որ պատահական չէ, որ ֆեյք լուրերը շատ են ընթերցվում, ավելի շատ, քան գլխավոր հիմնական նորությունները, դրանում ֆեյսբուքի դերը կա, ադմինիստրատորներն իրենք են դրանք լրահոսի առաջնային տեղերում դնում:
Նա նշեց, որ ֆեյսբուքի տարբեր թեստերը՝ «դու սիրում ես սրան», «դու թագավոր ես» եւ այլն, այս ամենը նրա համար է, որ որքան հնարավոր է շատ ինֆորմացիա ստանան օգտատիրոջից: Այդ ինֆորմացիան նրանք վաճառում են պատվիրատուին:
Գժեգոժ Պիխոտան ԱՄՆ վերջին ընտրությունների հետ կապված մի օրինակ բերեց, որ Թրամփը, գնելով օգտատերերի մասին ինֆորմացիան, կարողացել էր ընտրողների մի մասին համոզել, որ Քլինթոնը սեւամորթների հետ կապված այսինչ բանն է ասել, ու համոզված լինելով, որ եթե գնան ընտրատեղամաս, Թրամփին չեն ընտրելու, ավելի լավ է մնան տանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ