«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին, հնարավոր է, սպանվել է Սիրիայում՝ ռուսական օդուժի հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ ալ-Բաղդադին, ամենայն հավանականությամբ, զոհվել է Ռաքքա քաղաքից ոչ հեռու՝ օդային հարվածի հետևանքով: Հարվածը հասցվել է այն շենքին, որտեղ ընթանում էր խմբավորման առաջնորդների հանդիպումը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածը ԻՊ-ի հրամանատարական կետին հասցվել է մայիսի 28-ին՝ Սու-34 և Սու-35 օդանավերով:
Հարվածի հետևանքով «ոչնչացվել են ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատարներ, որոնք գտնվում էին ԻՊ-ի այսպես կոչված ռազմական խորհրդի կազմում, ինչպես նաև միջին կարգի շուրջ 30 դաշտային հրամանատարներ և անձնական թիկնազորի մինչև 300 զինյալներ»:
«Տարբեր խողովակներով ճշտվող տեղեկատվության համաձայն՝ հավաքին ներկա է եղել նաև ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, որը հարվածի հետևանքով սպանվել է»,- ասվում է Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարը` «Ռոյթերզի»