Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս խայտառակության համար նկատողությունը շատ քիչ է». «Իրատես»

Հունիս 16,2017 12:33

 

Վերջին օրերի մշակութային ամենաաղմկահարույց իրադարձությունը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Գայանե» բալետի հոբելյանական ներկայացման տապալումն էր։ Ներկայացումից առաջ նվագախումբը հրաժարվել էր ելույթից։

Անստորագիր նամակներ, ստորագրահավաքներ, տապալված ներկայացումներ, խռովության այս և այլ ձևերը վերջին տարիներին օպերային թատրոնում բավական հաճախ են պատահում։ Այսօրինակ մեծ մշակութային օջախում, անշուշտ, կարող են լինել տարաձայնություններ, դժգոհություններ, արտիստները կարող են համաձայնել կամ չհամաձայնել կադրային, կառուցվածքային և այլ փոփոխությունների հետ, կարող են բարձրաձայնել, պահանջներ ներկայացնել։ Բայց եթե բողոքի նոտան հնչեցնում են ներկայացումը տապալելու փորձով, ուրեմն ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է։ Մնում է ենթադրել, որ կա՛մ ներսում հարցերը չեն լուծվում, և մարդիկ հուսահատ քայլերի են դիմում, կա՛մ ինչ-որ մեկը (ներսից, թե դրսից) սադրում է ու խռովություն հրահրում։

«Գայանեի» տապալումից անմիջապես հետո մշակույթի նախարարը հանդիպեց արտիստների հետ։ Հաջորդ օրը մամուլի ասուլիս հրավիրվեց։ Լրագրողների հարցերին պատասխանեց թատրոնի տնօրենի պաշտոնակատարի առաջին տեղակալ ԿարինեԿիրակոսյանը: Հանդիսատեսի հետ նման կերպ վարվելը և՛ նախարարը, և՛ թատրոնի ղեկավարությունը համարում են անթույլատրելի. «Ինչ խնդիր էլ ունենա արտիստը, չպետք է հանդիսատեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորի։ Ժողովի ընթացքում հնչեց այն միտքը, որ մեղավորներն անպայման պատժվելու են։ Հիմա բոլորը բացատրություն են գրում, թե ինչու չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Բանավոր խոսքում ասում են՝ մենք մեզ վատ ենք զգում, բայց դա բացատրություն չէ»,- ասաց տնօրենի տեղակալը, չժխտելով, որ նվագախմբում կան շատ բարեխիղճ, պրոֆեսիոնալ մարդիկ։ Ըստ նրա՝ տպավորությունն այն է, որ մի քանիսը սադրել են, մյուսները հոսանքի տակ են ընկել։ Խոսքը մոտ 80 երաժշտի մասին է։ Նվագախումբը ղեկավարել է դիրիժոր Աթանես Առաքելյանը։

Հիմնական պատճառը, որ կապվում էր խռովության հետ, կրճատումներն էին։ Թատրոնի ղեկավարությունը պարզաբանում է, որ 583 աշխատակցից կրճատվել է տասը հոգի վարչական աշխատակազմից (այդ թվում՝ 5 տեղակալ), որոնց ֆունկցիաները կրկնվել են, սակայն դա գեղարվեստական մասի հետ ամենևին չի առնչվել։ Թե ինչ կապ ունեն արտիստները վարչական կազմի կրճատումների հետ, դեռ պետք է պարզել, բայց Կարինե Կիրակոսյանի խոսքում կար հեռավոր ակնարկ առ այն, որ խռովությունը հրահրել են աշխատանքը կորցրածները, որոնց հարազատները շարունակում են աշխատել թատրոնում։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930