Երեւանի ավագանու նիստի օրակարգում այսօր քննարկման էր դրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջին տեղակալի եւ եւս 3 տեղակալների նշանակման հարցը: «Երկիր ծիրանին» դեմ քվեարկեց Կամո Արեյանի թեկնածությանը, պատճառաբանելով, որ նա երկար տարիներ Երեւանի քաղաքապետարանում պաշտոններ է զբաղեցրել, սակայն Երեւանի խնդիրները մի բան էլ ավելացել են՝ կանաչ տարածքները ավելացել են, ապօրինի կառուցապատում է կատարվել, քաղաքացին իր առօրյա կյանքում որեւէ բարեփոխում չի տեսել, ուստի, ըստ «Երկիր ծիրանիի» ավագանի Սոնա Աղեկյանի, իրենք դեմ են Կամո Արեյանին փոխքաղաքապետ նշանակելուն:
Այդուհանդերձ, 45 կողմ, 12 ձեռնպահ եւ 5 դեմ ձայներով Կամո Արեյանը նշանակվեց Տարոն Մարգարյանի առաջին տեղակալ:
Հաջորդը Վահե Նիկոյանին քաղաքապետի տեղակալ նշանակելու հարցն էր: «Երկիր ծիրանին» կրկին դեմ արտահայտվեց, պատճառաբանելով, որ Վահե Նիկոյանը բանակում չի ծառայել, դեռ մի բան էլ «Մարշալ Բաղրամյան» մեդալի է արժանացել, չնայած պարոն Նիկոյանը պարզաբանեց, որ ազատվել է զինվորական ծառայությունից գիտական աշխատանքի եւ ասպիրանտուրայում սովորելու պատճառով: «Երկիր ծիրանու» ավագանին խնդրեց պարզաբանել, թե որտեղ է ներկայացվել նրա գիտական աշխատանքը: Վահե Նիկոյանը պատասխանեց, որ կա համացանցում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ