Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանը Արցախի կողքին է, բայց ոչ Արցախի փոխարեն». «Իրատես»

Հունիս 16,2017 12:06

Մինսկի խմբի համանախագահները վերստին տարածաշրջանում էին։ Նրանք հանդիպել են նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, քննարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Մինչ Մինսկի խումբն իր առաքելությունն է իրականացնում, Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջազգային այս կառույցի հորդորները և. ամենակարևորը՝ անցած տարի ապրիլից հետո առաջ քաշած պահանջը՝ անվտանգության մեխանիզմների ներդրումը։ Այսօր ոմանք կարծում են, որ հայկական դիվանագիտությունը վերջին շրջանում ավելի կոշտ է դարձել, ինչը «բարերար» ազդեցություն է ունենում հիմնախնդրի կարգավորման հարցում։ Ղարաբաղյան հակամարտության այս և այլ խնդիրների շուրջ «Իրատեսը» զրուցեց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ։

– Երկու երկրների պաշտոնյաները կարծիքներ են հնչեցնում, որ ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտություն կա։ Համանախագահները տարածաշրջան են այցելել, Դուք տեղյա՞կ եք, թե այս հարցում ինչ զարգացումներ կան։

– Պետք է նկատի ունենալ, թե ով ինչ է հասկանում, երբ ասում եք՝ «երկու երկրների պաշտոնյաները կարծիքներ են հնչեցնում, որ ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտություն կա»։ Արդյո՞ք դրանք հակամարտության երկու կողմերն են՝ Ադրբեջանը և Արցախը, թե՞ այսօր բանակցությունների սեղանի շուրջ նստած Հայաստանն ու Ադրբեջանն են։ Նորից պետք է նշեմ, որ Հայաստանը Արցախի կողքին է, բայց ոչ Արցախի փոխարեն (նկատենք, որ նման հայտարարություն էր արել Ադրբեջանի արտգործնախարարը, բոլորովին վերջերս էլ նման կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանը– Ռ. Խ.)։

– Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում պարբերաբար բարձրաձայնվում է այն մասին, որ մինչև Ղարաբաղը չդառնա բանակցային կողմ, հնարավոր չի լինի խնդրի վերջնական լուծումը։ Ըստ Ձեզ, ե՞րբ ու ի՞նչ պայմաններում պետք է Ղարաբաղը ներգրավվի բանակցային գործընթացում որպես փարժեք կողմ։

– Երբ Արցախը կներգրավվի որպես լիարժեք կողմ, բանակցային գործընթացը կունենա ավարտուն, լիաֆորմատ և կոնստրուկտիվ տեսք։ Դրական հիմքեր կստեղծվեն հարցերի ամբողջ սպեկտրի շուրջ հակամարտության երկու հիմնական կողմերի՝ Արցախի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելու համար։ Երբ սա կգիտակցեն Ադրբեջանի իշխանությունները և կհասկանան, որ դեֆակտո գոյություն ունեցող Արցախի Հանրապետությունն արդեն փաստ է, կարծում եմ, հենց նրանք կառաջարկեն, որ Արցախը ներգրավվի բանակցությունների գործընթացում։ Իսկ Արցախն այդ ընթացքում պետք է ամեն ինչ անի՝ իր բնակչության սոցիալական, տնտեսական, քաղաքական կայունությունն ու առաջընթացը և, որ ամենակարևորն է, անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

– Ղարաբաղը համարվում է այն թեժ կետերից մեկը, որտեղ գերտերություններից յուրաքանչյուրն իր շահերն ունի։ Այսօր աշխարհում բավական բարդ իրավիճակ է, հնարավո՞ր է, որ դա հանգեցնի տարածաշրջանում լարվածության մեծացման։

– Ղարաբաղը համարել թեժ կետ, իմ խորին համոզմամբ, այնքան էլ ճիշտ չէ, եթե այն համեմատում ենք աշխարհում առկա նմանատիպ այլ հակամարտությունների հետ։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրա 2008-ին որոշ սահմանափակումներով ճանաչված նոր պետականություններ կան, որոնք շարունակում են մնալ անվտանգության սպառողներ։ Իր դեֆակտո գոյության հենց սկզբից Արցախի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես անվտանգության տարածաշրջանային արտադրող, որը 1991-1994-ին, ինտենսիվ ու լայնածավալ ռազմական գործողություններից հետո, կանգնեցրել էր Ադրբեջանի ագրեսիան և, հիմնվելով սեփական բանակի ու Դաշտային Ղարաբաղի տարածքների վրա, շարունակում է ապահովել անվտանգությունը տարածաշրջանում։ Այնպես որ, մեր տարածաշրջանում առկա կայունության հիմնական երաշխավորը Արցախի Հանրապետության գոյությունն է, և սա պետք է հասկանան ու գիտակցեն բոլորը։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930