«Ցանկացած գնահատական հնչեցնելիս պետք է խնդրին նայել համակողմանի։ Եվ դեսպան Սվիտալսկու տեսակետները ընդունելի, տրամաբանական կլինեին, եթե նա ներկայացներ նաև Հայաստանի ընտրական համակարգում և մասնավորապես վերջին ընտրություններում արձանագրված դրական միտումները»,-Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի`ընտրությունների մասին կոշտ գնահատականներին` նշեց ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:
Հիշեցնենք, որ ԵՄ դեսպանը մի շարք ուղերձների շարքում նշել էր այն, որ «Եթե ուզում եք հասարակությունը վստահի ձեզ, վստահի ընտրական գործընթացների արդյունքներին, պետք է ունենալ արժանահավատ, անկախ գործող մարմին՝ հանրային աչքերում: Եթե իրավապահ մարմինները չեն դիտվում հանրության աչքում քաղաքական տեսանկյունից որպես անկախ եւ չեզոք՝ երբեք բնակչությանը չենք կարող համոզել, որ իրավապահ մարմինները ծառայում են ժողովրդին: Բոլոր իրավապահ մարմինները ժողովրդավարական երկրներում համարվում են պետության մաս, բայց չեն ընկալվում՝ որպես քաղաքական էլիտայի շահերին ծառայող ուժ: Հասարակ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ իրավապահ մարմինները իրենց կողմն են: Մեզ անհրաժեշտ է հանրային ընկալումները փոխել»:
Կարեն Ավագյանը փաստեց, որ օրենսդրական բարեփոխումների, պետական մարմինների աշխատանքի շնորհիվ, նաև եվրոպական կառույցների աջակցությամբ կատարվել է հսկայական աշխատանք ընտրական գործընթացները բարելավվելու ուղղությամբ։ Ըստ պատգամավորի՝ ձեռքբերումներն ակնառու են, և դրանք չտեսնելը ուղղակի անընդունելի է։
Պատգամավորը հավաստիացրեց. «Հայաստանն ընտրական գործընթացներում մեծ քայլերով առաջ է գնացել։ Եթե այս ընթացքի շարունակումը և այդ շարունակության խրախուսումն է նպատակը, ապա շատ մարդկային է, որ նախ պետք է հստակ մատնանշել ձեռքբերումները, ոգևորել օր ու գիշեր այդ ձեռքբերումների համար աշխատած մարդկանց և կառույցներին, դրանից հետո միայն ցանկություն հայտնել էլ ավելի առաջ գնալու ճանապարհների մասին»։ ՀՀԿ-ական պատգամավորը ԵՄ դեսպանի խոսքը որակեց լավ չպատրաստված ու մանրամասնեց. «Պյոտր Սվիտալսկու` լավ չպատրաստված խոսքից տպավորություն է ստացվում, թե մտադրությունը հետևյալն է՝ որքան շատ է արվում, այնքան շատ է պետք փնովել։ Հիմա սա ինչի՞ նման է, պարոն Սվիտալսկի»։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ