Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ կվառեմ, բայց 2-րդ տղուս բանակ չեմ ուղարկի»

Հունիս 16,2017 14:30

Մարտակերտի դիրքերում ծանր հիվանդություն
ձեռք բերած Արթուրի մայրը վճռական է

Հունիսի 12-ին կառավարության շենքի մոտ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի դիրքերում զինվորական ծառայության ընթացքում ծանր հիվանդություն ձեռք բերած Արթուր Հասանյանի մայրը՝ Ասլի Հասանյանը, անչափահաս դստեր հետ բողոքի ակցիա էր անում. վարչապետի հետ հանդիպում էր պահանջում: Տիկինը աղիողորմ լաց լինելով՝ կառավարությունից խնդրում էր փրկել որդու կյանքը:

Ասլի Հասանյանի արցունքներն ու խնդրանքը կառավարության որեւէ պաշտոնյա ոչ ցույցի օրը, ոչ էլ դրանից հետո ուշադրության չարժանացրին:

Ասլի Հասանյանն «Առավոտի» հետ զրույցում պատմում է, որ որդին՝ Արթուրը, ապրիլյան պատերազմի օրերին նռնակի պայթյունից է վնասվածքներ ստացել. «Պայթեց ու էրեխիս մի քանի մետր հեռու շպրտեց, ինքը դրանից հետո ուժեղ ցավ է զգացել, 2 օր չէր կարողանում ելներ, նստեր: Բայց հետո ցավը թուլացել էր, բայց անընդհատ ցավեր ունենում էր: Համ ցավեր ուներ, համ էլ չէր ուզում դիրքերը լքել: Իր ցավն ու հիվանդությունը հրամանատարությունից թաքցրել է որդիս: Ինքը չէր ուզում լքել դիրքերը, որովհետեւ տեսնում էր՝ իր ընկերներն իր աչքի առաջ զոհվում են, Քյարամի մասին էր լսել, ինքն իր առողջությունը արհամարհելով՝ պաշտպանել է դիրքերը: Ինքը լավ զինվոր էր»:
Ամիսներ հետո՝ հունվար ամսին, երբ Արթուրը 5 օր արձակուրդ էր ստացել ու տուն գնացել, մայրը զգացել էր, որ որդին իրեն լավ չի զգում, բայց այն ժամանակ գլխի չեն ընկել՝ ինչ է կատարվում:

Զինվորական ծառայության վերադառնալով՝ Արթուր Հասանյանին նորից ուղարկել էին դիրքեր: «Կրակոցներ էին անընդհատ լինում, Արթուրս ցավից ուշագնաց եղավ, զինվորներն են ուշքի բերել: Հետո տղաս հրամանատարին ասել է՝ իմ ոտքը բարակում է: Բայց էրեխուս ասածներն անտեսել են ու նորից ուղարկել դիրքեր: Էրեխես հետո տեսնում է, որ չի կարողանում քայլել, կամաց-կամաց ոտքը բարակում է, ստիպված դիրքերը թողել է իր կամքով ու գնացել հոսպիտալ: Ինքը խնդրել է՝ չեմ կարողանում սահման պահեմ, լավ չեմ զգում: Էրեխուս տանում են Ստեփանակերտի հիվանդանոց, էնտեղ էլ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, ու վերջը ծանր վիճակում տեղափոխում են Երեւան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ»,-պատմում է Արթուրի մայրը:


Տիկին Հասանյանն ասում է՝ Մուրացանի հոսպիտալում սկզբում նրան ասել էին, որ որդին քաղցկեղ է. սա լսելուց հետո, ինչպես տիկին Ասլին է ասում, ուշագնաց է եղել: Հետո զինվորի մայրը գնացել է պաշտպանության նախարարություն, հանդիպում խնդրել. «Էնտեղ էլ՝ ոնց որ շունը հաչա ու հաչա, ինձ շան տեղ չդրեցին: Հետո մեզ ասացին, թե՝ ժառանգական հիվանդություն է: Մենք էլ ասացինք՝ բա որ ժառանգական է, ո՞նց եք տարել բանակ, ես ձեզ առողջ տղա եմ տվել, «վայենկոմատի» թղթերում են գրել՝ առողջ է, պիտանի զինվորական ծառայության համար: Նոր թուղթ տվեցին, որ ձեր երեխան զինվորական ծառայության ընթացքում է հիվանդություն ստացել: Վա՜յ, ինչ օրեր եմ քաշել ու քաշում դրանց ձեռքը, չեմ կարա նկարագրեմ ամբողջը: Ես համոզված եմ՝ եթե Արթուրիս շուտ տիրություն անեին, սենց չէր լինի: Հիմա ոտքը թել է դարձել, թեւն էլ նույն ձեւ բարակում է, վախենում եմ՝ վաղը վիզը նույն ձեւ լինի»:

Արթուր Հասանյանի մոտ ախտորոշել են՝ «Սպինալ ամիոտրոֆիա՝ հեմիատրոֆիկ տիպ: Էրոզիվ գաստրիտ, բուլբիտ` կլինիկական ռեմիսիայի շրջանում: Ձախակողմյան վարիկոցելլե II-III աստիճանի», որը ժառանգական հիվանդություն է։
Պիտանի չէ զինվորական ծառայության, խաղաղ ժամանակ՝ սահմանափակումով, հիվանդությունը վնասվածքի խեղման պատճառով ձեռք է բերվել զինվորական ծառայության ընթացքում»:

Տիկին Ասլին ընկած դռնեդուռ՝ փորձում է ելքեր գտնել որդու բուժման համար, պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել. այստեղ խոստացել են Արթուրի բուժման համար գումար հատկացնել, սակայն տիկին Ասլիին հորդորել են գտնել այն բժշկին, որը հանձն կառնի Արթուրի բուժումը:

«Նախարարությունում էդ գնդապետին ասացի՝ Էդ գնդապետը նենց արհամարհանքով էր խոսում, չեք պատկերացնի: Ասեցի՝ իմ տղեն մատղաշ երեխա էր՝ մահ տեսավ, հիվանդություն բռնեց, իմ տղեն նախարար չի, որ մենակ իր փորի մասին մտածի, դիրքերը չլքեց, 19 տարեկան տղա էր՝ իր ընկերների մեռնելը տեսավ, գոնե շնորհքով խոսեք: Գնդապետն էլ ասաց՝ եթե գտնես բժիշկ, որ տղայի բուժումը կանի, նախարարությունը կֆինանսավորի: Էնպես խոսեց՝ իբր, ինչքան ապրի՝ ապրի: Բայց ինձ նաեւ ասել էին, որ արտասահմանում բուժում Արթուրին չի հասնում, ինքը առաջին գծում չի եղել»,- պատմում է տիկին Ասլին: Գնդապետի հետ զրույցից ու Արթուրի հետ պատահածից հետո զինվորի մայրը վճռական է՝ 2-րդ որդուն բանակ չի ուղարկի. «Ինձի կվառեմ, բայց մյուս տղուս դրանց չեմ տա, չեմ թողնի ծառայի: Գնդապետին էլ նույնն ասեցի, համ էլ ասեցի՝ երբ որ նախարար Վիգեն Սարգսյանը տղուս հետ գնա բանակ՝ դիրքեր, ես էլ տղուս կուղարկեմ հայրենիքը պաշտպանելու: Վիգեն Սարգսյանը չուզեց էլ ինձ հետ հանդիպի, ասում են՝ պարապ չի: Բա որ զինվորի մոր համար պարապ չէ, բա էլ ինչի՞ է նախարար»:
Պաշտպանության նախարարությունում այս հանդիպումից անմիջապես հետո է տիկին Ասլին հունիսի 12-ին օրը գնացել կառավարության շենքի մոտ՝ բողոքի ցույցի, բայց ապարդյուն: Ասում է՝ անելանելի վիճակում է, չգիտի՝ էլ ում դիմի, եթե կառավարությունում իրեն չեն ընդունում, չգիտի՝ ինչպես բժիշկ գտնի:

«Հիմա տղաս Կարմիր խաչում է, վիճակը չի լավանում, հասկանո՞ւմ եք, փոփոխություն չկա: Ախտորոշումն էլ էն ձեւի է գրած, որ ես ամեն օր պիտի ծնկի գամ իրանց առաջ, Աստծուն խնդրեմ, որ լավանա: Ախր, սենց ո՞նց կլինի, առողջ տղա եմ տվել, ինձ իմ տղուն հետ տվեք: Տանջանքներով, անհեր մեծացրել եմ, էրեխես խելոք, աշխատող տղա էր, կյանք չտեսավ, հիմա էլ բանակում դառավ կիսատ մարդ»,- ասում է տիկին Ասլին ու նշում՝ ընտանիքն ընդամենը 23 հազար դրամ նպաստով է գոյատեւում, այնքան գումար չկա, որ ամեն անգամ կարողանա բնակության վայրից՝ Գյումրիից Երեւան գալ՝ որդուն տեսակցության:

«Ինձ ճիշտ հասկացեք, ես ուզում եմ տղուս կյանք վերադարձնել, չեմ ասում՝ տարեք արտասահմանում բուժեք, ասում եմ՝ Հայաստանում բուժեք, մենակ թե բուժեք: Ես ո՞ւմ եմ ճանաչում, ի՞նչ գիտեմ, որ բժիշկ գտնեմ, բժիշկ գտնելն էր պիտի իրենց պարտականությունը լինի: Բա էդ ազգ-բանակից են խոսում, բա հեչ էդ ազգ-բանակի մեջ մենք չկա՞նք»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

15.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930