Լրահոս
Օրվա լրահոսը

21-ամյա երիտասարդի մահվան գործով դատարանը փաստաբանի բողոքը բավարարեց

Հունիս 16,2017 14:00

«Լեւոն Հունանյանը չի կանգնել երդիկի վրա, այլ հենվել է չերեւացող վտանգի` տոլով ծածկված երդիկի ներքեւի հատվածի վրա»

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Հարությունյանի` քրեական գործով վարույթը կարճելու մասին 2016թ. դեկտեմբերի 7-ի որոշման եւ Երեւան քաղաքի դատախազ Ր. Ասլանյանի՝ բողոքը մերժելու մասին դեկտեմբերի 27-ի որոշման դեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել 2014թ. ապրիլի 13-ին Երեւանի Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» – Ազատ տնտեսական գոտի ՓԲ ընկերության տարածքի տանիքից աշխատանքի ժամանակ վայր ընկած, մահացած Լեւոն Հունանյանի հոր՝ Դավիթ Հունանյանի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Երկու օր առաջ դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել է տուժող կողմի բողոքը:
Այս դեպքի կապակցությամբ երեք տարի առաջ՝ ապրիլի 22-ին Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Ա. Մկրտչյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում Դավիթ Հունանյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ 2014թ. հուլիսի 16-ին փաստաբանը ճանաչվել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Է.Ավդալյանի կողմից օգոստոսի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին: Տուժող կողմը բողոքել էր, եւ 2015թ. հոկտեմբերի 21-ին քրեական գործը վարույթ է ընդունել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Հ.Հարությունյանը:

Վերջինս անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին որոշում է կայացրել՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին: Քննիչը չէր ներգրավել հնարավոր կասկածյալներին որպես մեղադրյալ այս գործով, իսկ իր որոշմամբ, որոշել է տնօրեն Հարություն Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել եւ վարույթը կարճել՝ արարքում հանցանքի բացակայության պատճառաբանությամբ: Հենց այս որոշման դեմ բողոքի հետ կապված էլ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին հայտնեց. «Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված է, որ «Զեւս ստուդիա» ՍՊԸ եւ Ազատ տնտեսական գոտու պատասխանատու անձանց գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի՝ աշխատանքի պաշտպանության հատուկ կանոնների խախտման եւ 157-րդ հոդվածի 2-րդ մասի՝ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտում-հանցակազմ, հետեւաբար, պետք է լուծեին նրանց վերոնշյալ հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու հարցը, սակայն նախաքննական մարմինը ճիշտ հետեւության չի հանգել, կարճել է գործի վարույթը»:
Անդրադառնալով ճարտարագիտատեխնիկական փորձագետի 29.07.2015թ. Հմ-15-1538 եզրակացությանը, փաստաբանը հայտնեց, թե փորձագետ Ա. Բադեյանն իր հետեւության մեջ արձանագրել էր. «Զեւս ստուդիա» ՍՊԸ տնօրեն Հ. Մուրադյանի կողմից չի կատարվել «Անվտանգության տեխնիկայի, աշխատանքի պաշտպանության եւ արտադրական սանիտարիայի» Ներածական հրահանգավորման հրահանգը, «Զեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լեւոն Հունանյանը չի հրահանգավորվել եւ աշխատանքի անվտանգության վերաբերյալ հրահանգավորումների անցկացման գրանցամատյաններում բացակայում են Լ. Հունանյանին համապատասխան հրահանգավորում անցկացնելու վերաբերյալ գրառումները»: Ի դեպ, համաձայն հրահանգի 2.4.1 կետի՝ արգելվում էր բարձրանալ տանիք եւ մետաղական կոնստրուկցիաների վրա՝ առանց ադմինիստրացիայի թույլտվության, թեեւ գործում առկա են փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ տանիքի վրա բարձրանալու դեպքերը բազմաթիվ են եւ փաստացի չէին արգելվում, որի հետեւանքով էլ մահացել է երիտասարդը: «Անհասկանալի է, թե ի՞նչ մետաղական կոնստրուկցիաների մասին է խոսքը, առավել եւս, որ տանիքին առկա վտանգի աղբյուր հանդիսացող օրգանական ապակուց պատրաստված երդիկների վրա դրանք տեղադրված չեն եղել»,- դատարանին հարցրեց ներկայացուցիչը:

Տուժողի իրավահաջորդի հայրը՝ Դավիթ Հունանյանը, անդրադարձավ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց գործողություններին:
«Համաձայն հրահանգի՝ չէր թույլատրվում բարձրանալ նշված 3-րդ մասնաշենքի հարթ տանիքը: Այս դեպքում, ինչո՞ւ էր անհրաժեշտ այդ հարթ տանիք տանող եւ որպես դուռ օգտագործվող մոտ 2 մետր բարձրության մեծ, բաց, անապակի պատուհանը: Եվ եթե առանց թույլտվության չէր կարելի բարձրանալ տանիք, ապա ինչու «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից չէր փակվում այդ մոտ 2 մետր բարձրության մեծ, բաց, անապակի պատուհանը կամ ինչու այն չուներ անվտանգությունը ապահովող գոտիներ եւ այլ զգուշացնող կամ արգելող նշաններ: Ինչպես էր, որ դիմացի շենքի բնակիչները տեսնում էին, որ այնտեղից մշտապես շինարարական աղբ էր թափվում եւ այնտեղ միշտ անձինք էին ելք ու մուտք անում»,- ասաց Դ.Հունանյանը: Նշվեց, որ քրեական գործի նյութերում առկա է «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության գլխավոր ինժեներ Ա. Սիրադեղյանի կողմից 2014թ. մարտի 31-ին հաստատված` նշված ընկերության ներածական հրահանգը` տեխնիկայի անվտանգության, աշխատանքի եւ արտադրական առողջապահության պաշտպանության մասին, որում առկա է «Զեւս ստուդիա» ընկերության տնօրեն Հ. Մուրադյանի ստորագրությունը եւ գրավոր պարտավորվածությունը` նշված կանոնները պահպանելու մասին: Սակայն քրեական գործի նյութերում Լ. Հունանյանի անվամբ նման քարտ առկա չէ, ինչպես նաեւ առկա չէ որեւէ փաստական հանգամանք, որը կարող է հաստատել Լ.Հունանյանի հրահանգավորված լինելու մասին:

Տուժողի իրավահաջորդը դատարանում անդրադարձավ փորձաքննություններին:
Ըստ նրա, փորձագետ Ա. Բադեյանի եզրակացությունը լի է անճշտություններով, կամայական եւ անհիմն ենթադրություններով: Ա. Բադեյանը իր առաջին ցուցմունքով հրաժարվել է իր փորձագիտական եզրակացությունից, իսկ 2016թ. ապրիլի 1-ի ցուցմունքով հրաժարվել է մասամբ նաեւ օրեր առաջ տված ցուցմունքից: «Արդյունքում ստացվել է, որ փորձագետ Ա. Բադեյանը 1-ին ցուցմունքով հակասել եւ մերժել է իր՝ փորձագետի եզրակացությունը, 2-րդ ցուցմունքով հակասել է եւ մերժել է իր 1-ին ցուցմունքը»,- ասաց Դ. Հունանյանը: Ըստ այդմ, քննիչ Հ.Հարությունյանը բավարարվել է Ա. Բադեյանի տված ցուցմունքով, չնշանակելով լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն:

Բողոքաբեր Լ. Սիմոնյանն էլ ասաց. «Ուսումնասիրով փորձագետի եզրակացությունը, անհասկանալի է դառնում, թե ինչպիսի հանգամանքների ուսումնասիրություններից ելնելով է փորձագետը եկել այն հետեւության, թե Լեւոն Հունանյանը կանգնել է երդիկի վրա եւ ոչ թե միայն մեկ ոտքն է հենվելու համար դրել դրա մի հատվածի վրա փռված սեւ գույնի նյութի` իզոգամի՝ տոլի վրա: Քննությանը ներկայացված լուսանկարներից երեւում է ձախ ոտքի՝ դնելու տեղը` տոլը, ծածկված երդիկի ներքեւի հատվածի վրա, երդիկի ջարդվածքից երեւում է ընկնելու ձեւը` երկու ձեռքերի եւ գլխի դիրքերը, որոնք հաստատում են այն, որ Լ. Հունանյանը չի կանգնել երդիկի վրա, այլ հենվել է չերեւացող վտանգի` տոլով ծածկված երդիկի ներքեւի հատվածի վրա, այսինքն՝ փորձագետի եզրակացությունը այս մասով թերի է եւ դրա հավաստությունը կասկած է հարուցում, հետեւապես նոր փորձաքննությամբ պետք է պարզել, թե` որն է դժբախտ պատահարի պատճառը եւ ինչպիսի պայմաններ են դրան հանգեցրել»: Ոտքի հետքը երեւալու վերաբերյալ ցուցմունքներ են տվել նաեւ վկաներ՝ Կ. Առաքելյանը եւ տուժողի իրավահաջորդ Դ.Հունանյանը: Բացի այդ, սույն գործով նախկինում իրականացված երկու փորձաքննությունների ժամանակ օգտագործվել է` Կաշեգործների 70 հասցեում գտնվող շինության, 1975-1976թթ. նախագծերը, քանի որ նոր իրականացված շինարարական աշխատանքների համար, չգիտես ինչու, նախագծեր չեն եղել: Իսկ դեպքին նախորդած ժամանակշրջանում` 2014թ.-ի դրությամբ կատարված շինարարական աշխատանքների ընթացքում համապատասխան թույլտվություն եւ նախագիծ առկա չէր եւ շինարարությունը իրականացվում էր ինքնակամ: Այդ կապակցությամբ, տուժող կողմը բազմիցս նախաքննական մարմնին են ներկայացրել այն հիմնավորող նյութերը եւ լուսանկարներ:

Տեղազննման ժամանակ Ազատ տնտեսական գոտու աշխատակիցները հայտնել են, որ հետազոտվող N1 եւ N3 մասնաշենքների վերականգնման աշխատանքները իրականացվել են 2014թ.-ին:

N1 մասնաշենքի տանիքի վրա առկա երդիկները նման են N3 մասնաշենքի երդիկներին: Սակայն բոլոր երդիկների վրա կային նաեւ մետաղական շերտավոր ձողերից (30 մմ լայնությամբ եւ 3 մմ հաստությամբ) իրականացված խաչուկներ, որոնք անհասկանալիորեն բացակայել են N3 մասնաշենքի տանիքի վրա գտնվող ջարդված երդիկի վրա: Պայմանագրային հիմունքներով չափագրումներ իրականացնող «Զեւս ստուդիա» ՍՊԸ աշխատակից Լ.Հունանյանը եւ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲԸ N3 մասնաշենքի տանիքի վրա առկա արեւային լուսավորությունը ապահովող օրգանական ապակուց թմբկաձեւ երդիկը կոտրվելու պատճառով էլ տուժողն ընկել էր N3 մասնաշենքից, այնուհետեւ մոտ մեկ ժամ անց տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է: Այսքանից հետո տարօրինակ էր Երեւան քաղաքի դատախազ Ր. Ասլանյանի որոշման այն հատվածը, համաձայն որի՝ «դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ», երբ ցուցմունքներ տված աշխատակիցները հայտնել են, որ այդ ժամանակ՝ 2014թ.-ին «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲԸ տարածքում իրականացվել են շինարարական աշխատանքներ: Ստացվում է, որ փորձագետն աշխատասենյակում նստած՝ փաստաթղթերով եզրակացնում է, թե շինարարություն չի եղել, իսկ աշխատակիցները միեւնույն ժամանակ վկայում են շինարարություն իրականացնելու մասին: Ի դեպ, կատարված եւ կատարվելիք շինարարական աշխատանքների մասին են վկայում նաեւ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲԸ-ի կողմից կնքված պայմանագրերը: «Զեւս ստուդիա» ՍՊԸ եւ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է «Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր» 2014 թ. հունվարի 24-ին, որի համաձայն իրականացվելու էին ջեռուցման, սառնամատակարարման, օդամատակարարման, հրդեհաշիջման համակարգերի արդիականացման եւ թվայնացման նախագծային աշխատանքներ, շինաշխատանքների արժեքը կազմել է 44 280 000, 0 դրամ: Կային պայմանագրեր «Արտակշին», «Անդրալեն», «Լիա -4 գրուպ», «Սալմագ» ՍՊԸ-ների հետ: Գոյություն ունի նաեւ կառավարության որոշում Ազատ տնտեսական գոտում շինաշխատանքեր կատարելու վերաբերյալ, կազմված էր ժամանակացույց, դրանք իրականացնելու համար, ընդհանուր արժեքը 4 միլիոն 970 000 դոլարին համարժեք:

Նշենք, որ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության շենքի հարթ տանիքի վրա իզոգամով կատարված աշխատանքները կազմում են մոտ 300 հազար դոլարին համարժեք դրամ, որոնք կատարվել են առանց համապատասխան նախագծերի, առանց համապատասխան թույլտվության, որի մասին հիշատակվում է նաեւ Երեւան քաղաքի նախկին դատախազ Ա.Դավթյանի կողմից՝ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին որոշման մեջ: Անդրադառնամ նաեւ դատաձեռագրաբանական փորձաքննությանը: 30.06.2016 թվականին ստացված փորձագետի եզրակացության համաձայն՝ նախաքննությանը տրամադրված «Զեւս ստուդիա» ՍՊ ընկերության տնօրեն Հարություն Մուրադյանի եւ քաղաքացի Լեւոն Հունանյանի միջեւ կնքված գծագրության գործառույթների կատարման պայմանագրի 2-րդ թերթի միջին աջ՝ «կատարող» մասում, «Լ.Հունանյան» բառերի դիմաց տեղավորված ստորագրությունը հավանաբար չի կատարվել տուժողի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից՝ Լ.Հունանյանի ստորագրության ընդօրինակմամբ: Նոր նախաքննությունը կարող է պարզել, թե ով, ինչ նպատակով է կեղծել հանգուցյալ Հունանյանի ստորագրությունը, արդյոք 2014թ. մարտի 3-ին կնքված գծագրության գործառույթների կատարման պայմանագիրը հետագայում չի կազմվել եւ Լեւոն Հունանյանի փոխարեն ստորագրվել այլ անձի կողմից: Մի ուշագրավ բացահայտում էլ եղավ բողոքի քննության ժամանակ. «Զեւս ստուդիա» ՍՊ ընկերությունն իր մյուս բոլոր աշխատակիցների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր, իսկ Լեւոն Հունանյանի հետ կնքվել է՝ «գծագրության գործառույթների կատարման պայմանագիր», ինչը տուժող կողմի մոտ առաջացրել է կասկած. «Լեւոն Հունանյանի հետ միգուցե նույնպես կնքվել է աշխատանքային պայմանագիր, իսկ դժբախտ պատահարից հետո այն վերացվել է»: Քննիչ Հ. Հարությունյանի քրեական գործը կասեցվելու մասին որոշման մեջ ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ տեղ չի գտել դատաձեռագրաբանի կողմից կատարված եզրակացությունը, այսինքն՝ Լ.Հունանյանի ձեռագիրը կեղծված է, ստորագրությունն էլ նրանը չէր:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

15.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930