Ամերիկացի կլինիկական հոգեբան Գոհար Գյուրջյանը`
աուտիզմի, ամերիկյան եւ հայկական իրականության մասին
2008 թ.-ից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ապրիլի 2-ը Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր է հայտարարել` ընդգծելով աուտիզմով տառապող երեխաների եւ մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը: Այսօր Հայաստանում ապրում է աուտիզմ ախտորոշմամբ 1000-ից ավելի երեխա, մասնագետների փաստմամբ, աուտիզմն ավելի տարածված է, քան մանկական շաքարային դիաբետը, ուղեղային կաթվածը եւ մանկական օնկոլոգիական հիվանդությունները:
Հայաստանում է կլինիկական հոգեբան Գոհար Գյուրջյանը, որն աշխատում է ԱՄՆ-ում: «Առավոտի» հետ զրույցում նա տեղեկացրեց, որ հիմնականում աուտիզմ ախտորոշմամբ երեխաների հետ է աշխատում: «Երբ շատերը լսում են, որ հոգեբան ես, մտածում են, թե նստած զուտ մարդկանց խնդիրներն ես լսում, բայց հոգեբանները նաեւ ուրիշ գործառույթներ են իրականացնում: Ամենահայտնի հոգեբանական թեստը IQ թեստն է, այդպիսի թեստեր շատ կան՝ տարբեր հիվանդություններ, նաեւ աուտիզմ ախտորոշելու համար: Այսօր շատ է խոսվում աուտիզմի մասին, աշխարհում աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների թիվն ամեն տարի աճում է, կա վիճակագրություն, որ յուրաքանչյուր 1000 երեխայից 1-2-ը աուտիկ է: Դա կապում են սննդի, ժառանգականության, քիմիական նյութերով եւ ծանր մետաղների աղերով թունավորման եւ այլնի հետ: Իմիջիայլոց, աուտիզմը լայն սպեկտր ունի, կարող է երկու աուտիկ երեխա լինեն, բայց միմյանցից էապես տարբերվեն, չունենան նույն նախանշանները, վարքագիծը»,- հայտնեց մասնագետը:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ այն թեմային, որ արտասահմանում աուտիզմ ունեցող երեխաները ինտեգրված են հասարակությանը, կարող են իրենց շնորհները դրսեւորել, աշխատել, իսկ Հայաստանում, ցավոք, աուտիզմ ունեցող երեխան ասես դատապարտված լինի: Այստեղ հաճախ ծնողները չեն գրանցում նման ախտորոշում ունեցող երեխաներին: «Մինչեւ 11 տարեկանը ես Հայաստանում եմ ապրել, հիշում եմ, որ խնդիրներ ունեցող երեխաներին թաքցնում էին, մանավանդ մտավախություն ունեին, թե ծանոթները եւ շրջապատը կմտածեն, որ այն կարող է ժառանգաբար փոխանցվել: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, այնտեղ իրականացվող ծրագրերն էլ նոր են, այն, ինչ անում ենք հիմա, 20 տարի առաջ չկար:
Այժմ ավելի վաղ տարիքից ենք սկսել աշխատել երեխաների հետ: Անձամբ ես ախտորոշում եմ ու խորհուրդ տալիս, թե ինչ տեսակ թերապիաների դիմեն: Աշխատում ենք անգամ 1,5-2 տարեկան երեխաների հետ, որովհետեւ երբ ուղեղը դեռ զարգանում է, կարող ես ինտենսիվ թերապիայով փոփոխություններ առաջ բերել: Շատ կարեւոր է, որ երեխաները կարողանան դուրս գալ տնից, շփվեն իրենց տարեկիցների հետ, իսկ եթե նրանց փակ պահես, չեն փոխվի: Ամենաշատը օգնում է ABA թերապիան (Applied Behavior Analysis): Աուտիզմ ունեցող երեխաներից շատերը մեծ ընդունակություններ ունեն ու կարող են տարբեր ոլորտներում լուրջ հաջողություններ գրանցել, խոսքը նրանց մասին չէ, ում IQ-ն ցածր է, չի խոսում… Երեխաներ կան, որ հետագայում դառնում են բարձրակարգ ինժեներներ, գիտնականներ: Օրինակ, ասում են, որ ֆիզիկոս, մաթեմատիկոս, Հարաբերականության տեսության հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնն էլ է աուտիկ եղել: Եվ սա այն դեպքում, երբ մինչեւ 5 տարեկանը վարժ չի էլ խոսել: Աուտիկները կարող են իրենց սիրելի զբաղմունքի վրա խորը եւ տեւական կենտրոնանալ, պրպտել, իրենք շփման խնդիր ունեն, ինքնամփոփ են, կամ ընկերներ չեն ունենում, կամ շատ քիչ ընկերներ են ունենում: ԱՄՆ-ում աուտիզմ ախտորոշմամբ երեխաները հատուկ կրթություն են անցնում, հետո միայն հիմնական դպրոցում սովորում: Ու ինչքան շուտ հատուկ կրթություն ստանան, այնքան ավելի մեծ հաջողություններ կունենան սովորական դպրոցում»,- հայտնեց հոգեբանը:
Աչքի առաջ ունենալով հայաստանյան իրականությունը` Գոհար Գյուրջյանին հարցրինք` ԱՄՆ-ում է՞լ են ծնողները բարդույթավորվում, երբ իրենց երեխային ուղարկում են հատուկ կրթություն ստանալու: «Ավելի քիչ, քան Հայաստանում, դա էլ մշակույթի, հոգեկերտվածքի հետ է կապված: Տարբեր հեռուստաալիքներով աուտիզմի մասին այնքան խոսում են, հարուստ եւ հեղինակավոր մարդիկ, մշակույթի, շոու-բիզնեսի ներկայացուցիչները բարձրաձայնում են, որ իրենց երեխաներն էլ աուտիզմ ունեն, զանազան ֆիլմեր են ցուցադրվում այդ թեմայով, յուրօրինակ PR է գնում, որ մարդիկ ավելի հանգիստ ընդունեն այդ ամենը»,- պատասխանեց հոգեբանը:
Գոհար Գյուրջյանը հավելեց, որ շատ անգամներ, երբ ծնողները տեղեկանում են երեխայի ախտորոշման մասին, լաց են լինում. «Առաջին անգամ նման բան լսելը շատ դժվար է, ոմանք գուցե իրենց ծանոթներից թաքցնում եմ, որ երեխան աուտիզմ ունի: Դրա համար բժիշկը պետք է ճիշտ վարվի նրանց հետ, այնպես տեղեկացնի, որ հանգիստ ընդունեն լուրը, չմտածեն, որ իրենց երեխաների հետ կապված երազանքները անկատար են մնալու»:
Որոշ տեղեկություններով՝ աուտիկ են եղել նաեւ Նյուտոնը, Բիլ Գեյթսը: Իրենց զավակների` աուտիզմի համախտանիշ ունենալու մասին հայտարարել են հանրահայտ ռեժիսոր Ջոն Տրավոլտան, հոլիվուդյան աստղ Սիլվեսթր Սթալոնեն, դերասանուհի եւ ֆոտոմոդել Ջենի Մաքքարթին, երգչուհի Թոնի Բրեքսթոնը, ամերիկյան «Դելֆիններ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Դեն Մարինոն եւ ուրիշներ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
15.06.2017