Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանից հեռու, բայց միշտ Հայաստանի հետ» (Ֆոտոշարք)

Հունիս 16,2017 13:00

Նյույորքյան պարբերականը հայ ռեժիսորին ներկայացրել է այնպիսին, ինչպիսին կա

Վերջերս Նյու Յորքի հեղինակավոր Mirron Spectator պարբերականը «Հաջողության թեւերին» ծավալուն հոդվածով անդրադարձել էր ԱՄՆ-ում շուրջ 7 տարի ստեղծագործող ռեժիսոր Արթուր Մակարյանին (լուսանկարում): Ի դեպ, հրապարակման ենթավերնագրերը խոսուն են՝ «Սրտով երազկոտ, մտքով վճռական», «Միֆ անհնարի մասին», «Հայաստանից հեռու, բայց միշտ Հայաստանի հետ» եւ այլն: Բրոդվեյում հանդիսանալով ռեժիսոր Ջուլի Թեյմորի ասիստենտը եւ համագործակցելով ռեզիդենտ ռեժիսոր Դարեն Քյաթսի հետ, դերասանական նոր կազմով ներկայացրել են 18 տարի անընդմեջ խաղացվող հանրահայտ «Առյուծ արքան» մյուզիքլը՝ ըստ հարավաֆրիկյան պատմվածքների: Հետո Քյաթսը հայ ռեժիսորին հրավիրել է միասին իրականացնելու Հոլի Գվանթերի «Մոխրոտը» մյուզիքլը: Անցյալ տարի «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում Արթուր Մակարյանը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրեց Էսքիլեսի «Պարսիկները»: Այս օրերին էլ ոգեշնչված Երվանդ Քոչարի արվեստով, ռեժիսորը սկսել է Մերի Շելի «Ֆրանկենշտայն» նովելի մոտիվներով «10-րդ մուսա» բեմադրության նախապատրաստական աշխատանքները: Նյույորքյան պարբերականը ըստ էության մեր արվեստագետին ներկայացրել է այնպիսին, ինչպիսին նա կա՝ հաջողակ, մտքով վճռական, նպատակասլաց եւ իհարկե՝ Հայաստանից հեռու, բայց միշտ Հայաստանի հետ:


Արթուր Մակարյանի հետ զրույցում հիշեցրինք ժամանակին իր ռեժիսուրայով եւ թարգմանությամբ Գեորգ Բյուխների «Վոյցեկ» մյուզիքլի շուրջ ծավալված հիացական խոսակցությունները: Ասում էին, թե Սոս Սարգսյանն էլ հրավիրել է իր թատրոն, եւ այլն, եւ այլն: «Այո, դա եղել է, բայց ես 2008-ից ապրում եւ ստեղծագործում էի Ֆրանսիայում, միաժամանակ ուսում առնում Սորբոնի համալսարանի թատրոնի եւ երաժշտության հետազոտությունների բաժնում: Գործունեությանս ֆրանսիական շրջանում, որպես ռեժիսորի ասիստենտ, իտալացի Ռուի Ֆրատիի հետ հանդիսատեսին հանձնեցինք վերջինի սցենարով «Հաճույքի բույրը» դրամայի բեմադրությունը Theatre L Opprime՛-ում, այնուհետեւ Սիմոնե Ռիստի թատերախմբի հետ նրա «Կյանք եւ մահ» դրաման: Այս ներկայացումը խաղացինք մեկ ամիս շարունակ, ամեն օր: Երկար ժամանակ կպահանջվի ներկայացնել իմ ստեղծագործական այդ շրջանը»,- հայտնեց ռեժիսորը:

Հետաքրքրությանը՝ նման հաջող կարիերայից հետո ինչո՞ւ հայտնվեց Նյու Յորքում ու կարծես հաստատվել է այնտեղ, Արթուր Մակարյանն առանց մանրամասնելու նշեց, թե տեղի ազդեցիկ դեմքերից մեկն իրեն հրավիրել է «Առյուծ արքան» ներկայացման քաստինգին, հետո էլ պատասխանեց. «Ներկայումս սովորում եմ Կոլումբիայի համալսարանում՝ թատրոնի ռեժիսուրա բաժնում, Ան Բոգարտի արվեստանոցում, որին ես համարում եմ մեր օրերի Ստանիսլավսկի: Ուսումս այստեղ իրականացնում եմ «Լույս» հիմնադրամի օգնությամբ: Ասեմ, որ այս տարի մրցույթով 1 տարի ժամանակով պայմանագիր եմ կնքել Ջուլիարդի կոնսերվատորիայի հետ, որտեղ կբեմադրեմ 4 ներկայացում, այդ թվում՝ Ռամոյի «Հիպոլիտ եւ Արիս», Մոցարտի «La Finta Giardiniera» օպերաները»: Ռեժիսորը հավելեց, թե վերջերս ամերիկացի դրամատուրգ Գորդոն Պենի հեղինակած պիեսը, որը սիրո պատմություն է ղարաբաղյան պատերազմի ֆոնին, ներկայացրել է նյույորքցի հանդիսատեսին՝ տեղի 6 դերասանների մասնակցությամբ: Ռեպլիկին՝ դա ի՞ր թատերախումբն է, Արթուր Մակարյանն ասաց, թե ներկա պահին այդ արտիստների հետ է աշխատում եւ գուցե միառժամանակ անց թատերախումբը «իրենը» դառնա:

Տեսարաններ Արթուր Մակարյանի բեմադրություններից:

Անդրադառնալով հայաստանյան գործունեությանը, հետաքրքրությանը, թե հանդիսատեսը ե՞րբ կդիտի իր «10-րդ մուսան», ռեժիսորը պատասխանեց, որ պրեմիերան նախատեսված է հուլիսի վերջին, Երեւանում: Ասաց նաեւ, թե ներկայացումը «կշրջի» մարզերում եւ Արցախում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

15.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930