Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՎԵՐԸ

Հունիս 16,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ ութսունիններորդ

ՆՎԵՐԸ

Եվ Ֆելոն հիացմունքով նայեց Ստանիսլավսկու գրքին ու ժպտալով ասաց՝ «Աճեմյանն էլ Ստանիսլավսկուց պակաս չի» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ամեն մեծություն իրա տեղն ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «դուք էլ, որպես մեծություն, ձեր տեղն ունեք», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ուստա Հակոբը քո հաշվով շատ ճիշտ ա ասում», եւ Ֆելոն Ֆրունզիկին հարցրեց՝ «Ուստա Հակոբն իմ հաշվով ի՞նչ ա ասում», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «ասում ա, որ չափդ անցնում ես», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես իմ չափը միշտ էլ ճանաչում եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ մեծերի նկատմամբ», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «տարիքով մեծերի՞», եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «տարիքով ու ամեն առումով մեծերի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հորս ասաց՝ «փաստորեն, շատ բարդ վիճակում ես հայտնվել, Ուստա Հակոբ», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «ի՞նչ բարդ վիճակ», եւ Ֆրունզիկը ժպտալով հորս ասաց՝ «հիմա որ Ֆելոն արդեն Ստանիսլավսկի ունի, իրա ծնունդին ի՞նչ ես նվիրելու», եւ հայրս բավական երկար մտածեց ու ասաց՝ «իրա ծնունդին շատ ավելի մեծ բան եմ նվիրելու», եւ Ֆրունզիկը ժպտալով հորս հարցրեց՝ «Ստանիսլավսկուց էլ մե՞ծ», եւ հայրս առանց երկար մտածելու պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «շատ մեծ», եւ Ֆրունզիկը ժպտալով հորս հարցրեց՝ «չես ասի՞ ինչ ես նվիրելու», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե շատ եք ուզում, կարամ ասեմ», եւ ես ասացի՝ «շատ ենք ուզում, ասա, պապ», եւ հայրս թարս նայեց ինձ ու ասաց՝ «դու շատ փոքր ես, որ բոլորի անունից ուզես», եւ Ֆրունզիկն ասաց՝ «ես էլ եմ ուզում, Ուստա Հակոբ», ասա», եւ Վոլոդյան ասաց՝ «յա տոժե խաչու», եւ հայրս մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «չես ուզո՞ւմ իմանաս՝ ծնունդիդ ինչ նվեր եմ անելու», եւ Ֆելոն ժպտալով հորս ասաց՝ «հազիվ դեմքիդ ժպիտ հայտնվեց, տնաշեն» եւ մի  քիչ մտածեց ու ժպտալով հորս հարցրեց՝ «ասում ես՝ ծնունդիս ինչ ես առնելո՞ւ», եւ հայրս մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «ոչ մի բան էլ չեմ առնելու»  եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես չեմ ասել, որ ծնունդիդ նվեր եմ առնելու», եւ Ֆելոն զարմացած նայեց հորս ու հարցրեց՝ «բա ի՞նչ ես ասել», եւ հայրս ժպտալով ասաց՝ «ոչ թե ասել եմ՝ նվեր եմ առնելու, այլ ասել եմ՝ նվեր եմ անելու» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դրանք տարբեր բաներ են», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ինչո՞վ են տարբեր», եւ Ֆրունզիկը Ֆելոյին ասաց՝ «օրինակ, էդ գրախանութի Ռիփսիկը մի քիչ առաջ ինձ նվեր արեց», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «ո՞նց նվեր արեց», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «էդ Ստանիսլավսկու փողը չվերցրեց», եւ Ֆելոն ապշահար  նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «ո՞նց չվերցրեց», եւ Ֆրունզիկն ասաց՝ «մի ժամ համոզում էի, որ վերցնի, բայց չվերցրեց», եւ հայրս Ֆրունզիկին հարցրեց՝ «դրա համար էդքան ուշացա՞ր», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մի ժամ համոզում էի, որ փողը վերցնի, բայց չվերցրեց, ասեց՝ էս իմ կողմից ձեզ նվեր, ընկեր Մկրտչյան» եւ փռթկացնելով նայեց Ֆելոյին ու ավելացրեց՝ «քո պես ինքն էլ էր ինձ ընկեր Մկրտչյան ասում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930