«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները երբեք չեն բխել մեր շահերից, այլ իրենց երեք երկրների»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը: Նրա համոզմամբ` վերջին հայտարարությունն էլ, որը հայ փորձագիտական շրջանակներում դրական գնահատվեց, պարզապես շահերի համընկնման արդյունք էր. «Մինսկի խումբն ագրեսորի անուն չի տվել: Ասել է, որ կողմերից մեկը սկսել է, մյուսն էլ պատասխանել ու երկուսին էլ կոչ են արել: Այս րոպեին հասցեական պետք էր այդ հայտարությունն անել, արվել է»: Թևան Պողոսյանն այս համատեքստում հարց բարձրացրեց. «Մինսկի խումբը թույլ չի տալու՞, եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել»:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ անհամադրելի է համարում տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք հասկացությունները: Ըստ պարոն Սարգսյանի` դրանից բացի Ադրբեջանն այնքան է զինվել ու իրեն համոզել, որ կարող է հաղթել, ինչը պատերազմի վտանգը բավականին մեծացնում է: Այս համատեքստում էլ Արամ Սարգսյանը դիտարկում է Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը ու նշում. «Նախագահներն առանձնապես մեծ ցանկություն չունեն իրար հետ հանդիպելու, հավանաբար Սերժ Սարգսյանն ընդհանրապես չի ուզում տեսնել Ալիևին: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները շատ լավ հասկանում են՝ պատերազմն ինչպես կանդրադառնա իրենց անձնական ճակատագրի վրա»:
Ըստ Արամ Սարգսյանի`բանակցային գործընթացում մենք պետք է խոսենք միայն պատերազմի հետևանքների վերացման մասին. «Արցախի Հանրապետության ճանաչումը օրինական ճանապարհով է կատարվել, և Ադրբեջանից դա պահանջելն անիմաստ է: Մենք պետք է բոլոր միջոցներն օգտագործենք, որպեսզի ամեն ձևով կանխենք պատերազմի վտանգը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ