ուղերձ խաղաղության միջազգային օրվա 100-օրյա հետհաշվարկի ՄԵԿՆԱՐԿԻ ԱՌԹԻՎ
Այս տարվա հունվարին Գլխավոր քարտուղարի պարտականություններն ստանձնելով՝ առաջին բանը, որ արեցի, խաղաղության կոչ արձակելն էր. կոչ բոլոր քաղաքացիներին, կառավարություններին ու առաջնորդներին՝ խաղաղությանն առաջնահերթություն տալու ։
Խաղաղության միջազգային օրը, որ նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին, մարմնավորում է զինված հակամարտությունների պատճառած անտեղի տառապանքներին վերջ դնելու մեր ընդհանուր ցանկությունը։ Այդ օրը հնարավորություն է աշխարհի մարդկանց համար՝ ճանաչելու այն կապերը, որ միավորում են բոլորին՝ անկախ ծագման երկրից։ Սա օր է, երբ ՄԱԿ-ը 24-ժամյա համաշխարհային հրադադարի կոչ է անում՝ հույսով, որ խաղաղության մեկ օրվան կհաջորդի ևս մեկը, հետո՝ էլի մեկը, և, վերջիվերջո, զենքերը կլռեն։
Այնուամենայնիվ, խաղաղության հասնելը սոսկ զենքերը վայր դնելը չէ։ Իրական խաղաղությունը պահանջում է կամուրջների կառուցում, պայքար խտրականության դեմ և հանուն աշխարհում բոլոր մարդկանց իրավունքների։
Ահա թե ինչու այս տարի Խաղաղության միջազգային օրվա թեման է «Միասին՝ հանուն խաղաղության. հարգանք, ապահովություն ու արժանապատվություն բոլորի համար», որի սևեռակետում, մասնավորապես, աշխարհով մեկ փախստականների ու միգրանտների ծանր կացությունն է։ Որպես միջազգային համայնք՝ մեր պարտավորությունն է ապահովել, որ բոլոր նրանք, ովքեր հարկադրված լքել են իրենց տները, ստանան միջազգային իրավունքով իրենց համար նախատեսված պաշտպանությունը։ Որպես մարդկային ընտանիք՝ մեր պարտքն է վախը փոխարինել բարությամբ։
Հաջորդ 100 օրվա ընթացքում եկեք հիշենք, որ մեր հասարակության միլիոնավոր խոցելի անդամներ, որոնցից շատերը կորցրել են ամեն ինչ, մեր կողմից հասկացվելու և մեր օգնության կարիքն ունեն։ Եկեք միասին նրանց օգնելու ռազմավարություն մշակենք։ Եկեք գիտակցենք, թե որքան բազմաթիվ միջոցներով են նրանք նպաստում իրենց ընդունող երկրների ու համայնքների զարգացմանը։ Եվ եկեք կրկնապատկենք մեր ջանքերը` հակամարտության հիմնային պատճառները հաղթահարելու, կատարելագործենք կայուն զարգացման նպատակներին ուղղված մեր գործունեությունը և ավելի մեծ ուշադրություն դարձնենք բռնության կանխարգելման հարցը առաջնային դարձնելուն։
Բացելով մեր սրտերը, ձեռք ձեռքի տալով և միգրանտներին ու փախստականներին օգնության հասնելով՝ մենք կարող ենք ավելի մոտենալ բոլորի համար խաղաղությանը, բարգավաճմանն ու ապահովությանը։
Անտոնիու Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար