Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց՝ Բարսեղյանի ինքնազգացողության վատանալու պատճառով:
1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու համար մեղադրվող դատավորի համար այսօր դատարանը շտապօգնություն կանչեց, շտապօգնության բժիշկը արձանագրեց, որ Իշխան Բարսեղյանը զարկերակային գերճնշում ունի: Բացի ճնշման խնդրից, Իշխան Բարսեղյանը նաեւ աղիքային խնդիր ունի:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ