Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու «Ելքը» լեգիտիմացրեց ընտրությունների արդյունքները. Մարուքյանն ուզում է բեռը թողնել փողով ընտրողների վրա

Հունիս 15,2017 15:42

Այսօր ԵԽ-ն կազմակերպել էր «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողով:

Համաժողովին մասնակցում էր նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Համաժողովի մասնակիցներից մեկը Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ ինչո՞ւ չբողոքարկեցիք ընտրությունների արդյունքները. «Գիտեմ, որ չէիք ակնկալի, որ դատարանները կարող էին փաստերի հիման վրա անվավեր համարել, բայց այն, որ դուք չբողոքարկեցիք, շատերը դա ընկալեցին՝ որպես ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու քայլ»:

Մարուքյանը պատասխանեց. «Եթե մեր հավաքած փաստերը բավարար լինեին փաստելու, թե դրանք այնքան ծանր լինեին, որ ՍԴ-ին ծանր վիճակի մեջ կդնեին՝ կդիմեինք: Ընտրությունները կեղծելու մասին դասական իմաստով ապացույցները շատ թույլ են: Եթե 50-100 տեղամասում ապացուցես, որ եղել է այսինչ խնդիրը, որը համակարգային է, օրինակ` տնօրենները ադմինիստրատիվ ռեսուրսն են օգտագործել, մենք դա բողոքարկել ենք: Մենք չենք գնացել այդ ճանապարհով ՍԴ դիմելու՝ մեր չունեցած ապացույցների համար, մենք չենք ուզեցել չունեցած ապացույցներով գնալ ՍԴ, մարդկանց ներշնչել, որ գնացել հարյուր հազարներով փողը վերցրել եք, բայց դուք պատասխանատու չեք որեւէ բանի համար: Դուք այսպես պատասխանատվության բեռը վերցնում եք, 25 տարի էդ բեռը վերցվել է, ես ուզում եմ, որ այդ բեռը մնա այն մարդկանց վրա, որոնք փողը վերցրել են եւ գնացել ընտրել են»:

Պարոն Մարուքյանի խոսքերով՝ «Երբ ես այդ բեռը վերցնում եմ իրենց վրայից, ասում եմ՝ Մուկուչյանն ա սաղ մեղավոր, ես այդ ճանապարհը համարում եմ սխալ: Ասում են՝ Մուկուչյանը, մեկ ա, ընտրությունների արդյունքները փոխում ա: Չէ, դուք գնում եք, ընտրում եք»:

Նա մանրամասն ներկայացրեց այն գործընթացը, թե ինչ է տեղի ունենում ընտրություններից առաջ, ինչպես են թակում մարդկանց դռները, ասում է ընտրակաշառքի դիմաց կքվեարկե՞ս, ինչպես են մարդիկ համաձայնում եւ «Գազելով» գնում տեղամաս: Էդմոն Մարուքյանը սա նկարագրելիս ասաց՝ ոչ մեկի գլխին ատրճանակ չեն դրել, իրենք են գնացել դրան:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը արձագանքեց՝ «Ատրճանակը չի լինում միայն ատրճանակի ձեւով: ՍԱՍ-ի ձայնագրությունը ինչ-որ ձեւով ատրճանակ է»:

Էդմոն Մարուքյանն էլ պատասխանեց. «Ո՞նց անենք, եթե ՍԱՍ-ի ձայնագրությունից առաջ մեկը չի գնացել մի իրավապաշտպան կազմակերպություն ու ասի՝ նման ժողով է եղել: Վստահ եմ, նման ժողովներ եղել են հարյուրավոր հիմնարկություններում»:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը համաժողովում խոսեց ընտրական բանավեճերի կարեւորության մասին, ասելով, որ եթե բանավեճից հրաժարվում են, պետք է հրաժարվեն նաեւ ընտրությունների մասնակցելուց, այդ դրույթը պետք է ամրագրվի Ընտրական օրենսգրքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930