ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի հարցն այսօր քննարկել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ:
Երկու կողմերն էլ դեմ չեն համատեղ աշխատանքի արդյունքում լուծումներ գտնել: ՄԻՊ-ի ներկայացուցիչները ահազանգի հետքերով են գնացել տուն-ինտերնատ: Տուն-ինտերնատի անմխիթար պայմաններին, անորակ սննդին անդրադարձներ եղան նաեւ մամուլում:
«Գնահատականները ես կարող եմ անել, երբ արդեն ստանամ պարզաբանումները եւ առաջարկների պատասխանները»,- ասաց Արման Թաթոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տուն-ինտերնատի տնօրենի կամ նախարարության թերացման հետեւանք չե՞ն եղել արձանագրված խախտումները:
Համենայնդեպս, ինքը բարձրացված խնդիրները համարում է «շատ լուրջ»:
ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչները մոտ երկու շաբաթ առաջ մանրամասն ստուգումներ են իրականացրել. «Մենք խնդիրներ ենք արձանագրել եւ հիգիենիկ պայմանների հետ կապված, եւ դիետիկ սննդի հետ կապված, եւ սնունդն ուշացնելու հետ կապված եւ այլն»: Առաջարկություններ ներկայացրել են եւ պատրաստ են աշխատել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ:
«Ուսումնասիրության արդյունքում մանրամասն վերլուծություն ենք պատրաստել, կոնկրետ, հստակ առաջարկներ, եւ դրանք արդեն ներկայացված են սոցապնախարարությանը: Ներկայացված է նաեւ վերհանված խնդիրները»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ մամուլում հրապարակված խնդիրներին էլ են ծանոթ, դրանք էլ են ուսումնասիրել, բայց կան հարցեր, որոնց վերաբերյալ մարդու իրավունքների աշխատակազմում այլ դիրքորոշում կա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ